Փետրվարի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն
ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ, Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, այս համատեքտում բարձր գնահատելով պարոն
Լենմարկերի 2005 թ. ներկայացրած անկողմնակալ եւ օբյեկտիվ զեկույցը: Պարոն Աբրահամյանը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների այն դիրքորոշումը, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ինչը վկայում է, որ հարեւան երկրում հարցը լուծված տեսնել չեն ցանկանում, այլապես կփորձեին նախապատրաստել հասարակությունը հարցի խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանական իշխանությունները բանակցություններին ներկայանալով հարցի խաղաղ կարգավորման կողմնակից, իրենց երկրում շարունակում են պատերազմի սպառնալիքներն ու կոչերը, ատելության քարոզչությունը: ՀՀ ԱԺ նախագահը հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված կարեւոր քայլեր համարեց Սանկտ-Պետերբուրգում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում ձեռքբերված համաձայնությունը` «Մադրիդյան առաջարկներն» իբրեւ բանակցությունների հիմք ընդունելը, Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Հռչակագրի ստորագրումը, Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 56 երկրների արտգործնախարարների կողմից ընդունված հռչակագիրը, Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած հանդիպումը:
Պարոն Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը` եվրաինտեգրումը հռչակելով որպես քաղաքական առաջնահերթություն, շահագրգիռ է խնդրի արագ, փոխզիջումների վրա հիմնված եւ խաղաղ ճանապարհով կարգավորմանը, ինչը կնպաստի, որ առավել խորությամբ երկրում ընթանան ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները: ՀՀ ԱԺ նախագահի համոզմամբ Հայաստանը պետք է բարիդրացիական հարաբերություններ ունենա բոլոր հարեւանների հետ, եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Հայաստան հրավիրելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը դրա լավագույն օրինակն է: Պարոն Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների համագործակցության իր պատրաստակամության մասին` անթույլատրելի համարելով, որ ԵՄ անդամ դառնալու հավակնություն ունեցող Թուրքիան փակ սահմաններ ունենա հարեւան երկրի հետ: Տարածաշրջանի զարգացման հարցում կարեւորելով խաղաղությունը եւ կայունությունը, պարոն Աբրահամյանը նշեց, որ Հարավային Օսեթիայում ծավալված իրադարձությունների հետեւանքով Հայաստանի տնտեսությունը 650 մլն ԱՄՆ դոլարի չափով վնաս է կրել:
Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում պարոն Աբրահամյանը կարեւորեց խորհրդարանի դերակատարությունը` նշելով, որ Ազգային ժողովը պետք է հանդիսանա այն ամբիոնը, որտեղ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կարող են քննարկումներ ծավալվել ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման շուրջ: Այս համատեքստում կարեւորվեց նաեւ խորհրդարանական դիվանագիտության զարգացումը:
Պարոն Լենմարկերը համաձայնելով խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ ԱԺ նախագահի մոտեցումներին, ողջունեց հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերը, նշելով, որ օգոստոսյան Հարավային Օսեթիայի շուրջ իրադարձությունները ցույց տվեցին, որ խնդիրները պետք է լուծվեն միմիայն խաղաղ ճանապարհով` ապահովելով տարածաշրջանային անվտանգությունը: ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահի համոզմամբ ղարաբաղյան հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման առնչությամբ Գյորան Լենմարկերը արձանագրելով իր լավատեսությունը` նշեց, որ «ոսկե հնարավորություն» է ստեղծված ղարաբաղյան հակամարտությունը այս տարի կարգավորելու համար, ինչը պետք է հիմնված լինի փոխզիջումների վրա: Նրա համոզմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մեծ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի համար: Նա նաեւ կարեւորեց խորհրդարանական համագործակցության ընդլայնումը Հարավային Կովկասի երկրներում` նշելով, որ առկա հարաբերությունները պետք է ամրապնդել խորհրդարանական դիվանագիտության ու երկխոսության կայացման միջոցով, ինչին մեծապես նպաստում է նաեւ Եվրամիության Արեւելյան հարեւանության ծրագիրը: Տարածաշրջանային ինտեգրման եւ համագործակցության համատեքստում պարոն Լենմարկերը առաջընթաց համարեց Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու նախաձեռնությունը, որը, ըստ նրա, կունենա դրական շարունակություն: Անթույլատրելի համարելով փակ սահմանների առկայությունը` Գյորան Լենմարկերը նշեց, որ Եվրամիությունն է որոշում իր արտաքին սահմանները:
Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը
հանդիպում ունեցավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակության հետ:
Զրույցի ընթացքում Արմեն Ռուստամյանն ընդգծեց Եվրամիության կարեւոր դերը տարածաշրջանում` գնահատելով այն որպես բոլոր երկրների համար վստահելի կառույց: Տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն ապահովելու
հարցում, պարոն Ռուստամյանի կարծիքով, կարող է կարեւոր ներդրում ունենալ ԵՄ-ը` իր որդեգրած արժեքներով: Հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ` եվրոպական երկրներին միավորող այս կառույցը անելիքներ ունի տարածաշրջանում անվտանգության միասնական համակարգ ներդնելու գործում, որտեղ չեն լինի բաժանարար գծեր եւ յուրաքանչյուր երկիր կունենա անվտանգության ավելի բարձր մակարդակ: Թե պարոն Լենմարկերը, եւ թե պարոն Ռուստամյանը խոսեցին հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու անթույլատրելիության մասին` որպես նախադեպ նշելով տարածաշրջանային վերջին` ռուս-վրացական բախումը: Ըստ Արմեն Ռուստամյանի` այդ իրադարձություններից պետք է դաս քաղել, հակամարտությունների լուծման բանակցային գործընթացն այլընտրանք չունի, հատկապես տարածաշրջանում մեծ է տարբեր երկրների հետաքրքրությունը, եւ ցանկացած բախում կարող է մեծ ծավալներ ունենալ: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը արձանագրեց, որ նախորդ տարում ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ դրական տեղաշարժեր է նկատել. ստորագրվել է բացառապես խաղաղ ճանապարհով հակամարտությունը լուծելու մասին մոսկովյան հռչակագիրը: Ըստ բանախոսի, ղարաբաղյան խնդրով բանակցությունները պետք է շարունակվեն միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ այլ կառույցներում կամ ձեւաչափերով խնդրի լուծումն իրատեսական չէ: Տարածաշրջանային համագործակցությունն ակտիվացնելու համար պարոն Ռուստամյանը կարեւոր եւ անհրաժեշտ համարեց ԵՄ մասնակցությունը: Պարոն Գյորան Լենմարկերն այս ենթատեքստում խոսեց Արեւելյան հարեւանության կամ գործընկերության ծրագրի իրականացման մասին, որը ենթադրում է ԵՄ-ի հետ հարավկովկասյան երկրների հարաբերությունների նոր որակ: ԵԱՀԿ ԽՎ նախագահը նկատեց, որ բազմիցս քննադատել է այս տարածաշրջանում Եվրամիության վարած ոչ այնքան ակտիվ քաղաքականությունը: Տարածաշրջանային համագործակցությունը, ըստ եվրոպացի հյուրի, կնպաստի նաեւ հակամարտությունների հանգուցալուծմանը: Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին` պարոն Լենմարկերն ընդգծեց փոխադարձ զիջումների կարեւորությունը: Արմեն Ռուստամյանը, վկայելով հանրապետության նախագահի` տարեվերջին քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների հետ ղարաբաղյան հարցով անցկացրած խորհրդակցությունը, նկատեց, որ լուծումը կլինի ոչ միայն իշխանությունների, այլեւ ժողովրդի համաձայնությամբ: Արմեն Ռուստամյանի բնորոշմամբ` մեր հասարակության մեջ առկա է խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու եւ բանակցություններով` փոխզիջումներով համաձայնության գալու գիտակցումը, ինչը, սակայն, չի կարելի ասել ադրբեջանական կողմի մասին: Արմեն Ռուստամյանի գնահատմամբ` հակամարտող կողմերի միջեւ վստահություն սերմանելու գործում ԵՄ-ն կարեւոր դեր ունի: Ի պատասխան` Գյորան Լենմարկերը աջակցելու պատրաստակամություն հայտնեց: