Մարտի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության պետնախարար Գերնոտ Էրլերին եւ ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի նախագահ, սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Շտեֆեն Ռայխեին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արեւիկ Պետրոսյանը, փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը, ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ Գերմանիայի հետ քաղաքական երկխոսությունը կարեւորվում է ինչպես երկկողմ, այնպես էլ եվրոպական համագործակցության զարգացման համատեքստում, ինչը պայմանավորված է նաեւ Հարավկովկասյան տարածաշրջանային զարգացումների նկատմամբ Գերմանիայի եւ ԵՄ աճող հետաքրքրությամբ: Պարոն Աբրահամյանն ընդգծեց միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը, նշելով, որ հավանաբար աշնանը Հայաստանի Ազգային ժողովը կհյուրընկալի Գերմանիայի խորհրդարանի ղեկավարին, ինչը նոր խթան կհանդիսանա երկու երկրների փոխգործակցության խորացման համար: Կարեւորվեց փոխայցելությունների, շփումների ակտիվացումը տեղեկատվության փոխանակման, օրենսդրության փորձաքննության իրականացումը:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն ձեւաչափ եւ Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով: Պարոն Աբրահամյանի համոզմամբ կողմերը պետք է զերծ մնան որեւէ քայլերից, որոնք կարող են հավելյալ լարվածություն ստեղծել խաղաղ գործընթացի ճանապարհին, ինչին խոչընդոտում է Ադրբեջանը իր ռազմատենչ հայտարարություններով: ԱԺ նախագահը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է, ԼՂՀ-Հայաստան միջեւ ցամաքային կապը եւ ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխիքները: Պարոն Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց գերմանական կողմին անկողմնակալ դիրքորոշման համար: Տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համատեքստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացումը` նշելով Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների միջպետական հարաբերությունների հաստատման կամ զարգացման:
ԳԴՀ արտաքին գործերի նախարարության պետնախարար Գերնոտ Էրլերը երկու երկրների հարաբերությունների զարգացման մեջ կարեւոր դերակատարություն վերապահելով միջխորհրդարանական փոխգործակցությանը` առանձնացրեց բարեկամության պատգամավորական խմբերի համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագրին աջակցության համար: Պարոն Էրլերը տեղեկացրեց, որ Հայաստանում կայանալիք Գերմանիայի մշակութային օրերի շրջանակում նախատեսվում է անցկացնել բազմաթիվ միջոցառումներ, որոնք էլ ավելի կխորացնեն հայ-գերմանական բարեկամական հարաբերությունները տարբեր ուղղություններով: Պետնախարարը դրական գնահատեց Հայաստանի քայլերն ուղղված հարեւանների հետ հարաբերությունների սերտացմանը, մասնավորապես առաջընթացը հայ-թուրքական հարաբերություններում: ԼՂՀ հիմնահարցի կարգավորման շրջագծում նա կարեւոր համարեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անմիջական շփումների վերսկսումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, երկուստեք կարեւորվեց Երեւանի ավագանու ընտրությունների արդար եւ թափանցիկ անցկացումը, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: