Ապրիլի 22-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Լեհաստան կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում մեկնեց Կրակով:
Կրակովի օդանավակայանում Ազգային ժողովի պատվիրակությանը դիմավորեց Մալոպոլսկու վոյեվոդա (մարզպետ) Եժի Միլլերը: Նրա եւ Կրակովի տեղական իշխանությունների ղեկավարների հետ ունեցած շփումների ընթացքում խորհրդարանի նախագահը նշեց, որ անհրաժեշտ է համարում խրախուսել Հայաստանի եւ Լեհաստանի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ կապերը: Այնուհետեւ Ազգային ժողովի պատվիրակությունը ծանոթացավ Կրակովի հարուստ պատմամշակութային ժառանգությանը` այցելելով Վավելի թագավորական արքունիքի պալատներն ու մայր տաճարը:
Նույն օրն Ազգային ժողովի պատվիրակությունը մեկնեց Օսվենցիմ եւ այցելեց Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի հուշահամալիր-թանգարանը: Հովիկ Աբրահամյանը ծաղկեպսակ դրեց` հարգելու այդ համակենտրոնացման ճամբարում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը: Հուշահամալիր-թանգարանում շրջելուց հետո` Հայաստանի օրենսդիր իշխանության ղեկավարը գրառում կատարեց պատվո հյուրերի գրքում:
Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի պատմությանը ծանոթանալուց հետո Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ասեց. «Ես ուղղակի ցնցված եմ: Այս համակենտրոնացման ճամբարում սպանվել է մոտ մեկ միլիոն մարդ: Նրանք ոչնչացվել են արդյունաբերական մեթոդներով: Պատճառն այն է, որ նրանք այլազգի էին: Ես դատապարտում եմ հրեաների ողջակիզման արհավիրքը: Ապրիլի 24-ին մենք ոգեկոչելու ենք հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ես եւս մեկ անգամ համոզվում եմ, որ եթե ժամանակին համայն աշխարհի կողմից դատապարտվեր հայոց ցեղասպանությունը, միգուցե Երկրորդ աշխարհամարտի ընթացքում այդ ողբերգությունը չիրականացվեր»:
Ապրիլի 23-ի երեկոյան Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան: