Հունիսի 8-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ մանկական հիմնադրամի) գրասենյակ` «Երեխաները խաղալիք չեն» լուսանկարների ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով: Լուսանկարիչ Վիգեն Մնոյանի հեղինակած ծրագիրն իրականացվում է Ազգային ժողովի նախագահի բարձր հովանու ներքո` ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է հայ հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների
իրավունքների պաշտպանության հարցին եւ նվիրված է Երեխայի իրավունքների կոնվենցիայի ընդունման 20-ամյակին: Ազգային ժողովի նախագահը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հորդորեցին հանրությանը ամեն ջանք գործադրել, որպեսզի երեխաները կարողանան լիովին օգտվել իրենց իրավունքներից:
Ելույթ ունենալով ցուցահանդեսի բացմանը` ՀՀ ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանն ասաց. «Այստեղ այսօր մեկնարկում է տաղանդավոր լուսանկարիչ Վիգեն Մնոյանի «Երեխաները խաղալիք չեն» լուսանկարների հեղինակային ծրագիրը: Երբ պրն. Մնոյանը դիմեց Ազգային ժողով` անմիջապես որոշում կայացրեցինք աջակցել նրան:
Իմ գործունեության ամենակարեւոր կարգախոսներից մեկն է` «Ամեն ինչ երեխաների համար»: Եվ այս կարգախոսը, կարծում եմ, լրացուցիչ բացատրությունների կարիքը չի զգում: Մենք առիթը բաց չենք թողնում երեխաների հետ շփվելու համար: Վերջին անգամ` հունիսի 1-ին, երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Ազգային ժողովի դռները բացվեցին երեխաների առջեւ:
Այս ցուցահանդեսը պարզապես իրար հանդիպելու առիթ չէ: Այս լուսանկարներում նաեւ պատկերված են երեխաներ, որոնք այսօր գտնվում են մանկատներում: Այդ երեխաները ներկայացնում են մեր հասարակության, թերեւս, ամենախոցելի խավը: Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք այդ երեխաներին եւ նրանց իրավունքները, նպաստենք նրանց այս հասարակության լիիրավ անդամ դառնալու հարցում:
Հուսով եմ, որ այս միջոցառման շնորհիվ կհաջողվի հասարակության ուշադրությունը հրավիրել այդ կարեւոր խնդրին»:
Անդրադառնալով Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը` խորհրդարանի նախագահն ասեց. «Ուզում եմ օգտվել այս առիթից եւ մեր երախտագիտությունը հայտնել ՄԱԿ մանկական հիմնադրամին` վերջին 15 տարիների սերտ եւ արդյունավետ համագործակցության համար: Այս ցուցահանդեսը նման համագործակցության օրինակ է: Վստահ եմ, որ հիմնադրամը կշարունակի նպաստել Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջապահական եւ կրթական
խնդիրների լուծմանը»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ տիկին Լեյլի Մոշերրին իր խոսքում ասաց. «Այս տարի մենք նշում ենք կարեւոր մի իրադարձություն` Երեխայի իրավունքների կոնվենցիայի ընդունման 20-րդ տարելիցը: Այն ազդեցիկ իրավական եւ բարոյական գործիք է հանդիսանում բոլոր երեխաների իրավունքները պաշտպանելու համար, ինչպես նաեւ ուղղորդում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին իր բոլոր գործողություններում»:
Ցուցահանդեսի այցելուներն իրենց հետ բերել էին խաղալիքներ, որոնք տրամադրվելու են Հայաստանի նախակրթական հաստատություններին եւ խոցելի ընտանիքների երեխաների խնամքի ցերեկային կենտրոններին: Այդ կենտրոնների նպատակն է կանխել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հայտնվելը մանկատներում:
Ցուցահանդեսը պաշտոնապես կեզրափակվի նոյեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման օրը, իսկ մինչ այդ լուսանկարների ցուցահանդեսը կշրջի նաեւ Հայաստանի մյուս խոշոր քաղաքներով: