Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Փարիզում տեղի ունեցող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 35-րդ նստաշրջանի աշխատանքներին:
Հուլիսի 3-ին եւ 4-ին ՀՀ ԱԺ պատվիրակությունն անցկացրեց ոչ պաշտոնական խորհրդակցություններ եւ հանդիպումներ ՖխՎ անդամ պետությունների պատվիրակությունների հետ:
Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցեց ՖխՎ նստաշրջանի մասնակիցների պատվին Փարիզի քաղաքապետ Բեռնար Դելանոեի, իսկ հուլիսի 4-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշների կազմակերպած ընդունելություններին: Հուլիսի 4-ին նաեւ տեղի ունեցան ՖխՎ հանձնաժողովների աշխատանքային նիստերը, որոնց ընթացքում քննարկվեցին ՖխՎ 35-րդ նստաշրջանի օրակարգի հարցերը եւ լիագումար նիստի ընթացքում ՖխՎ կողմից ընդունվելիք որոշումների նախագծերը:
ՖխՎ 35-րդ նստաշրջանի լիագումար առաջին նիստը գումարվեց հուլիսի 5-ի առավոտյան: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզ էին ժամանել շուրջ 50 պատվիրակություններ, որոնցից 15-ը գլխավորում են խորհրդարանների ղեկավարները:
Հուլիսի 5-ի կեսօրին ՖխՎ 35-րդ նստաշրջանը որոշեց ՀՀ Ազգային ժողովին շնորհել կազմակերպության ասոցացված անդամի կարգավիճակ: Այդ կապակցությամբ նիստի ընթքացքում ելույթով հանդես եկավ ՖխՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ջանքեր են գործադրել, որպեսզի Հայաստանի խորհրդարանը դառնա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ, ինչը լիովին համապատասխանում է Հայաստանի ցանկություններին եւ ձգտումներին:
«Հայաստանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամի կարգավիճակ տալուց հետո Հայաստանի խորհրդարանի կողմից նույն կարգավիճակը ստանալու համար դիմում ներկայացնելն ամենեւին պատահական չէր: Այն հիմնվում է, նախեւառաջ, Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ժամանակի ընթացքում ձեւավորված բարեկամական ամուր կապերի վրա: Այն հիմնվում է նաեւ այս Խորհրդարանական վեհաժողովի որդեգրած համընդհանուր արժեքների` ժողովրդավարության, իրավական պետության, մարդու իրավունքների վրա եւ պայմանավորված է մշակութային ու լեզվական բազմազանությանը մեր նվիրվածությամբ: Եվ, վերջապես, այն հիմնված է ֆրանսախոս մեծ ընտանիքին պատկանելու զգացումի, այդ ընտանիքի անդամներին միավորող համերաշխության վրա: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ասոցացված անդամի կարգավիճակին հասնելը մեծ կարեւորություն է ստանում: Հայ խորհրդարանականները կդառնան Ֆրանկոֆոնիայի արմատական արժեքների տարածողները հայ հասարակության մեջ եւ միաժամանակ երկրագնդի բոլոր տարածաշրջանների միասնական ու հավասարաչափ զարգացմամբ, մարդու իրավունքներով, ժողովրդավարությամբ եւ ազգային մշակութային ինքնությունների հարգմամբ տոգորված աշխարհում խաղաղ եւ անվտանգ ապրելու հայ ժողովրդի ձգտումների, ցանկությունների կրողը»: Պարոն Ռուստամյանի խոսքով Քվեբեկի (Կանադա) գագաթաժողովում ասոցացված անդամի կարգավիճակ ստանալուց ի վեր, հայկական իշխանությունները իրականացրել են մի շարք նախաձեռնություններ եւ միջոցառումներ, որոնք վկայում են ֆրանկոֆոնիան Հայաստանում զարգացնելու նրանց կամքը, մասնավորապես ընդունվել է կառավարական որոշում, համաձայն որի հայկական միջնակարգ դպրոցներում կներառվի երրորդ կենդանի օտար լեզվի ուսուցումը, կարեւորություն է տրվել ֆրանսախոս երկլեզու սեկցիաներին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ստորագրվել է Հուշագիր` հայ պաշտոնյաների` ֆրանսերեն լեզվի իմացությունը կատարելագործելու նպատակով եւ այլն:
Հուլիսի 5-ի երեկոյան ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցեց Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցած պաշտոնական ճաշի, որի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային զրույց ունեցավ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժեռառ Լարշեի հետ:
Հուլիսի 6-ին ՖխՎ 35-րդ նստաշրջանը շարունակեց իր աշխատանքը: Նույն օրն առավոտյան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Բեռնար Ակուայենի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր գնահատեցին հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ որակելով դրանք խորը, ջերմ եւ բարեկամական: Նրանք հատուկ նշեցին ֆրանսահայ համայնքի դերը երկկողմ համագործակցությունը զարգացնելու գործում:
Ֆրանսիայի ԱԺ նախագահը շնորհավորեց իր հայ գործընկերոջը ՖխՎ-ում ՀՀ ԱԺ ներգրավման կապակցությամբ: Այդ համատեքստում զրուցակիցները համաձայնեցին, որ անհրաժեշտ է շարունակել խրախուսել Հայաստանում ֆրանսերեն լեզվի եւ ֆրանսիական մշակույթի հանդեպ գոյություն ունեցող հետաքրքրությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկեցին Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, Արցախի հիմնախնդրի կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման եւ տարածաշրջանի կայունությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:
Հուլիսի 6-ի երեկոյան InterContinental PARIS-LE GRAND հյուրանոցում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: