Սեպտեմբերի 3-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության (ԵԸԻԸ) կազմակերպած համաժողովին: ԵԸԻԸ-ի ամենամյա հանդիպումն այս տարի տեղի է ունենում Երեւանում` «Ընտրական իրավունքների դատական պաշտպանությունը» խորագրի ներքո:
Պարոն Աբրահամյանը ելույթով հանդես եկավ համաժողովի բացման պաշտոնական արարողության ընթացքում:
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽՈՍՔԸ
«Ընտրական իրավունքի դատական պաշտպանությունը» համաժողովի բացման արարողությանը
«Հարգելի տիկնայք եւ պարոնայք,
Հարգելի հյուրեր,
Ուրախ եմ մասնակցել Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության ամենամյա համաժողովին, որի 18-րդ հանդիպումը որոշեցիք անցկացնել Երեւանում: Ողջունում եմ այս հարցում Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցուցաբերած ակտիվությունը: Վստահ եմ, որ հետագայում եւս այն նույն աշխուժությամբ կշարունակի իր համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ:
Բարի գալուստ եմ մաղթում մեր եվրոպացի հյուրերին: Հուսով եմ, որ բացի համաժողովի աշխատանքին ակտիվ մասնակցելուց, դուք նաեւ ժամանակ կունենաք ծանոթանալ մեր երկրին, ծանոթանալ մեր հարուստ պատմությանն ու մշակութային ժառանգությանը եւ վայելել Հայաստանի հյուրասիրությունը:
Յուրաքանչյուր ժողովրդավարական պետության համար ընտրական համակարգը հանդիսանում է կարեւորագույն ռազմավարական ռեսուրսներից մեկը: Հարգելով եւ
պաշտպանելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները` շարունակական ջանքեր ենք գործադրում դրանց պաշտպանության համար առավել արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:
Ձեր հանդիպման համար ընտրված թեման` «Ընտրական իրավունքների դատական պաշտպանություն»-ը, անդրադարձ է մեր ժամանակներում ընտրությունների հետ կապված ամենաբարդ հարցին: Ոչ ոք չի ցանկանում պարտություն կրել ընտրություններում: Քաղաքական պայքարում պարտվելու դեպքում շատերի մոտ մեծ է լինում գայթակղությունը վիճարկել այդ ընտրությունների արդյունքները:
Հենց այդ պատճառով է, որ բոլոր ժողովրդավարական երկրները եկել են այդ հարցերն անկախ դատական իշխանության միջոցով կարգավորելու լուծմանը: Չի կարող լինել երկու ճշմարտություն, հատկապես այն ժամանակ, երբ խոսքը սուր քաղաքական մրցակցության մասին է: Եվ այդ պայմաններում միայն անկախ եւ ուժեղ դատական իշխանությունն է այն մարմինը, որը կարող է տալ վերջնական ու անբեկանելի եզրակացություն մրցակցող քաղաքական ուժերի հակասությունների վերաբերյալ:
Այսօր աշխարհի ժողովրդավարական բազմաթիվ պետություններում առկա է
ընտրական իրավունքի արդյունավետ պաշտպանության խնդիրը: Այս հարցում խիստ կարեւորում եմ միջազգային համագործակցությունը եւ փորձի փոխանակումը: Որպես կանոն, ժողովրդավարական բոլոր պետությունների ընտրական համակարգերում եւ մասնավորապես` ընտրական իրավունքի պաշտպանության գործում առկա են ընդհանուր ձեռքբերումներ: Միեւնույն ժամանակ, ընդհանուր են նաեւ խնդիրները, որոնց համար հնարավոր է լուծումներ գտնել միայն համատեղ ուժերով` փոխադարձաբար ուսումնասիրելով մեկս մյուսի փորձը:
Այս բնույթի հանդիպումները վկայում են, որ առկա խնդիրների բաց ու անկեղծ քննարկումներով մտահոգված են ինչպես եվրոպական բոլոր երկրներում, այդպես էլ Հայաստանում: Այս սրահում մեր օտարերկրյա գործընկերների ներկայությունը վկայում է Հայաստանի Հանրապետության` միջազգային կառույցներից մեր գործընկերների հետ աշխատանքում ամենալուրջ եւ վճռական մտադրությունների մասին:
Ընտրությունները բարդ գործընթաց են, որի մեջ ներգրավված են ոչ միայն մեր
քաղաքացիները` ամբողջ հասարակությունը, այլեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքական կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները: Այդ իսկ պատճառով, ժողովրդավարական կառավարման համակարգի կայացման համար խիստ կարեւորում եմ քաղաքացիական հասարակության իրական կայացումը:
Եզրափակելով խոսքս` մեկ անգամ եւս ողջունում եմ այս հանդիպման բոլոր մասնակիցներին եւ մաղթում եմ արգասաբեր եւ արդյունավետ աշխատանք ձեր համաժողովին:
Շնորհակալություն »: