Նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երեւանում պաշտոնական այցով գտնվող Լիտվայի արտաքին գործերի նախարար Վիգաուդաս Ուշացկասին:
Ողջունելով նախարարի գլխավորած պատվիրակությանը` պարոն Աբրահամյանը հույս հայտնեց, որ այս այցը կհանդիսանա հերթական խթանը Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հարաբերությունները զարգացնելու եւ ամրապնդելու համար: ԱԺ նախագահը կարեւորեց Լիտվայի հետ համագործակցությունն ինչպես երկկողմ հարթությունում, այնպես էլ Եվրոպական միության ավելի ընդարձակ համատեքստում:
Զրույցի ընթացքում կողմերն իրենց գոհունակությունը հայտնեցին հայ-լիտվական միջխորհրդարանական համագործակցության արդի մակարդակի կապակցությամբ: Զրուցակիցները նաեւ համաձայնեցին, որ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունները դեռեւս ունեն բավականին ցածր ցուցանիշեր, եւ կողմերը պետք է ջանքեր կիրառեն այս բնագավառում կապերը եւս ամրապնդելու համար:
Հանդիպման ընթացքում պարոն Աբրահամյանը եւ նախարար Ուշացկասը նաեւ քննարկեցին Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը, առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու հարցը, ինչպես նաեւ Արցախի հիմնախնդիրը: