ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարության, «Մետաքսյա Սիմոնյան» եւ «Նոր մշակութային քաղաքականություն» հիմնադրամների նախաձեռնությամբ արդեն երկու ամիս է ընթանում է ասմունքի մանկապատանեկան հանրապետական առաջին մրցույթ-փառատոնը` նվիրված հայ ազգային պոեզիային: Հայաստանի բոլոր մարզերի, Երեւանի, Ջավախքի եւ Արցախի դպրոցների 11-17 տարեկան շուրջ 6000 մասնակիցներ արդեն մասնակցել են փառատոնի դպրոցական եւ մարզային փուլերին: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել նաեւ մարզային փուլերին:
Նոյեմբերի 26-ին Երեւանում` Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ազգային ակադեմիական թատրոնում, կայացավ փառատոնի եզրափակիչ փուլը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Արեւիկ Պետրոսյանը եւ Սամվել Նիկոյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ԱԺ պատգամավորներ, մշակույթի գործիչներ եւ այլք: Ողջույնի խոսքով հանդես եկան ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը: Եզրափակիչ փուլ անցած 80 մասնակիցներից ժյուրիի անաչառ գնահատականի արդյունքում գալահամերգին մասնակցելու հնարավորություն ունեին 17-ը, ովքեր եւ ստացան պատվոգրեր ու բազում մրցանակներ:
Պարգեւները հաղթողներին հանձնեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: 11-14 եւ 15-17 տարիքային խմբերի 3-ական մասնակիցներ արժանացան առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակային տեղերի: Երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները ստացան երաժշտական կենտրոն, երկրորդը` հեռուստացույց, իսկ առաջին տեղը զբաղեցնողները` համակարգիչ: ԱԺ նախագահի հատուկ մրցանակին արժանացած մասնակիցը եւս ստացավ համակարգիչ:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, շնորհավորելով ասմունքի պատանի վարպետներին, կարեւորեց փառատոնի անցկացումը` եւս մեկ անգամ հավաստիացնելով, որ փառատոնը տվել է իր դրական արդյունքը. «Այս փառատոնի անցկացմանը որոշ մարդիկ թերահավատորեն էին մոտենում` կարծելով, որ այն չի ունենա հասարակական հնչեղություն: Սակայն այս փառատոնին, ի ուրախություն բոլորիս, ակտիվ մասնակցություն է եղել, որի համար ես շատ հուզված եմ»: Նա հիշեցրեց, որ վերջին անգամ ասմունքի փառատոն անցկացվել է 1973 թ., իսկ այս փառատոնը պետք է դառնա ավանդույթ եւ շարունակություն ունենա: «Ես համոզված եմ, որ մյուս փառատոններին կմասնակցեն ավելի մեծ թվով դպրոցականներ, ներկա մասնակիցների քույրերն ու եղբայրները, դասընկերները: Այս ամենն արվում է մեր ապագա սերնդի մեջ պոեզիայի, գրականության նկատմամբ սերն արմատավորելու համար»: Պարոն Աբրահամյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց փառատոնի բոլոր կազմակերպիչներին, անաչառ ժյուրիին` հորդորելով մանկավարժներին ընտրել ավելի բարի, վառ եւ լուսավոր ստեղծագործություններ: