Դեկտեմբերի 2-ին սկսվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Կորեայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը (ՕԵԿ), Արմեն Աբրահամյանը (ԲՀԿ), Արա Նռանյանը (ՀՅԴ):
Սեուլում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Կորեայի Հանրապետության վարչապետ Չունգ Ուն Չանի հետ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` պարոն Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ասիական տարածաշրջանի առաջատար երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը` այս համատեքստում անհրաժեշտ համարելով Կորեայի Հանրապետության հետ փոխգործակցության ընդլայնումը: ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած է փոխադարձ համակրանքը, որը պայմանավորված է նաեւ երկու ժողովուրդների անցած պատմական դժվար ուղու եւ ներկա մարտահրավերների նմանությամբ:
Երկկողմ միջպետական գործակցության հետագա ընդլայնման եւ խորացման առումով` ԱԺ նախագահը կարեւոր համարեց երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի ակտիվացումը եւ համոզմունք հայտնեց, որ Հայաստանի եւ Կորեայի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման համար առկա է մեծ ներուժ: Նա ընդգծեց առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային, գյուղատնտեսական եւ այլ ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը: Պարոն Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական բնագավառում վերջին տարիներին արձանագրվել է որոշակի առաջխաղացում, սակայն Հայաստանի եւ Կորեայի միջեւ ապրանքաշրջանառության գերակշռող մասը իրականացվում է երրորդ երկրների միջոցով: Այս համատեքստում նա կարեւոր համարեց երկու երկրների գործարարների անմիջական շփումները: Երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման առումով ԱԺ նախագահը կարեւորեց մշակութային համատեղ ծրագրերի, մշակութային օրերի կազմակերպումը:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցում եւ, հաշվի առնելով այս ոլորտում Կորեայի ձեռքբերումները, առաջարկեց համագործակցություն ծավալել այս ուղղությամբ եւս. մասնավորապես մասնագետների վերապատրաստում, համատեղ ծրագրերի իրականացում: Փոխգործակցության հաջողված օրինակ է Հարավային Կորեայի ամենախոշոր մասնավոր ընկերություններից մեկը հանդիսացող «GS Group» ընկերության հետ համագործակցությունը:
Կորեայի Հանրապետության վարչապետ Չունգ Ուն Չանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ 1992 թ. ի վեր, երբ Հայաստանի Հանրապետության եւ Կորեայի Հանրապետության միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը առաջին բարձրաստիճան հայ պաշտոնյան է, ով պաշտոնական այցով ժամանել է Կորեա: Կարեւորելով երկու երկրների միջեւ փոխգործակցության զարգացումը տարբեր ուղղություններով` ԿՀ վարչապետը առաջնահերթ համարեց զարգացնել համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության ոլորտներում: «Եւ Հայաստանը եւ Կորեան, չունենալով հարուստ բնական պաշարներ, տնտեսության եւ այլ ոլորտներում ունեցել են ձեռքբերումներ շնորհիվ մտավոր մեծ ներուժի»,-նշեց Չունգ Ուն Չանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ես:
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց «Samsung Electronics» ընկերություն, որտեղ գլխավոր տնօրենը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրեց ընկերության գործունեության ուղղությունները, վերջին ձեռքբերումները: