Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպեց Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ (KOICA) նախագահ Պակ Դաե Ունի հետ:
Ողջունելով հյուրերին` պարոն Պակ Դե Ունը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել ՀՀ Ազգային ժողովի նախագահին եւ հույս հայտնեց, որ այցը մեծապես կնպաստի Հայաստան-Կորեա արդեն զարգացող փոխգործակցությունը խթանելու եւ ամրապնդելու համար:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց գործակալության գործունեությունը, որը, ստեղծվելով 1991 թ., իրականացնում է տեխնիկական համագործակցության ծրագրեր զարգացող պետություններում: ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ բոլոր զարգացող պետությունների, այդ թվում` Հայաստանի համար շատ կարեւոր է ուսումնասիրել Հարավային Կորեայի փորձը, քանի որ լինելով ամենաաղքատ երկրներից մեկը` այժմ Կորեան դասվում է տնտեսապես ամենազարգացած պետությունների շարքին: Նա կարեւոր համարեց այն աջակցությունը, որ գործակալությունը ցուցաբերում է Կորեայի վերոհիշյալ փորձը կիսելու գործընթացում եւ այն ծրագրերը, որոնք նրա աջակցությամբ իրականացվում են Հայաստանում:
Նույն օրը Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպեց Կորեա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը միջխորհրդարանական փոխգործակցությունը ակտիվացնելու, խորհրդարանական դիվանագիտությունը զարգացնելու, միջազգային խորհրդարանական կառույցներում գործակցությունը խորացնելու առումով: Այս համատեքստում նա անհրաժեշտ համարեց փոխայցերի կազմակերպումը, փորձի փոխանակումը, համագործակցությունը բոլոր ուղղություններով:
Խմբի ղեկավար Պակ Ջի Վոն կարեւոր քայլ համարեց նախօրեին ստորագրված միջխորհրդարանական համագործակցության հուշագիրը երկու օրենսդիր մարմինների հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու գործում: Նա Հայաստանից ժամանած իր գործընկերներին մանրամասն ներկայացրեց Հարավային Կորեայի խորհրդարանի կազմը, կառուցվածքը, գործունեությունը, Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հեռանկարները եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Նույն օրը երեկոյան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնեց Հարավային Կորեայի Ջեջու նահանգ, որտեղ հայ խորհրդարանականներին դիմավորեց Ջեջուի նահանգապետ Յանգ Ջո Հունը:
Հանդիպման ընթացքում նահանգապետը հյուրերին ներկայացրեց նահանգի պատմությունը, տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման կարգը, տնտեսությունը եւ այլն:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց հայ-կորեական փոխգործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով նույնպես, ինչը կարող է խթան հանդիսանալ միջպետական հարաբերությունները զարգացնելու առումով:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Կորեայի Հանրապետություն լայնորեն լուսաբանվեց տեղական մամուլով եւ հեռուստատեսությամբ: