Դեկտեմբերի 18-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցավ հայ մեծանուն բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղեւոնդ Ալիշանի «Սիսական. տեղագրություն Սյունյաց աշխարհի» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է հայ տպագրության 500-ամյակին եւ վերահրատարակվել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հովանավորությամբ:
Բացման խոսքով հանդես եկավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Նա, կարեւորելով գրքի վերահրատարակումը, կարծիք հայտնեց, որ միայն դպրոցական դասագրքերից սերտած «Պլպուլն Ավարայրի» ու«Մասիսու սարերն» բավական են, որ Ալիշանը դասվի հայ մեծերի շարքը: Նա անդրադարձավ Ղեւոնդ Ալիշանի հայագիտությանը եւ աշխարհագրությանը նվիրված ժառանգությանը` հիշեցնելով մեծն բանաստեղծի խոսքերը` «Շրջահայաց եղեք, սիրեցեք հայոց լեզուն, Հայաստան աշխարհը եւ միմյանց»:
Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց.
« Հարգելի հյուրեր,
Տիկնայք եւ պարոնայք,
Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարկի ներքո: Անցած տարվա ընթացքում Հայաստանի խորհրդարանը հանդիսացավ ոչ միայն մեր երկրի օրենսդիր իշխանության կենտրոնը, այլեւ մշակույթի եւ գիտելիքի կարեւոր օջախ, ուր տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ: Անշուշտ, Ազգային ժողովն այն վայրն է, որտեղ պետք է վառ պահվեն հայոց խոսքն ու միտքը, հայոց մշակույթը:
Հայագիտության գրեթե բոլոր բնագավառներում հսկայական վաստակ ունի Մխիթարյան միաբանության նահապետը` Հայր Ղեւոնդ Ալիշանը: Նա գրական ասպարեզ է իջել որպես բանաստեղծ: Բանաստեղծական մնայուն իր ժառանգությամբ Ղազարոս Աղայանի բնորոշմամբ նա դարձավ «Նահապետ հազար թոռների»: Ալիշանը վիթխարի ու անկրկնելի անհատականություն էր. 60 հատոր կազմող նրա գրական ժառանգությունը դարձավ հայ մտքի պսակը:
Ղեւոնդ Ալիշանի ժառանգության մեջ ուրույն տեղ են զբաղեցնում պատմական ու աշխարհագրական բնույթի գործերը: Նա տեղագրել է Հայաստանի բոլոր նահանգները, գավառները, քաղաքներն ու գյուղերը. տվել է դրանց բնութագրերը, պատմությունը, նկարագրել նյութական մշակույթի հուշարձանները: Նրա նպատակն էր 20 գրքով լույս ընծայել Հայաստանի բոլոր նահանգների ամբողջական նկարագիրը: 1870-ական թվականներին նա ձեռնամուխ է լինում աներեւակայելի այդ գործին: Առանց գեթ մեկ անգամ Հայաստանում լինելու` նա գրեց Շիրակի, Արարատի, Սյունիքի, Հայոց Կիլիկիայի վերաբերյալ ծավալուն աշխատություններ: Անավարտ մնացին Աղվանքին եւ Արցախին նվիրված նրա գրքերը: Պատմական Հայաստանի նահանգներին նվիրված այս գործերը շարունակում են անգնահատելի աղբյուրներ հանդիսանալ մերօրյա հետազոտողների համար:
Դեռեւս նրա կենդանության օրոք ասույթ էր դարձել մեծ Նահապետին բնութագրող այն միտքը, թե Ալիշանը մեծ ու հեռատես աչք է, որ Վենետիկում ապրելով` կարողանում է համրել Հայաստանի բոլոր քարերը:
Այսօր էլ սերունդները բարձր են գնահատում Ղեւոնդ Ալիշանի վաստակն ու անմնացորդ նվիրումը հայ մշակույթին: Դրա վառ ապացույցը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ «Հայագիտակ» հրատարակչության լույս ընծայած «Սիսական. տեղագրություն Սյունյաց աշխարհի» գրքի վերահրատարակությունն է: Այն նվիրված է հայ տպագրության 500-ամյակին: Այս փառահեղ աշխատությունը Սյունյաց աշխարհի մասին հանրագիտարանային տեղեկությունների, հոգեւոր սննդի հարուստ մի շտեմարան է: Թող որ Սուրեն Խաչատրյանի հայրենանվեր այս նախաձեռնությունը օրինակ ծառայի մեր մյուս հայորդիների համար` տեր կանգնելու մեր մշակութային հարուստ ժառանգությանը եւ սերունդներին այն փոխանցելու գործում»:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ ներկաներին` նախաձեռնությունն ըստ արժանվույն գնահատելու համար: Նա նշեց, որ հայ մշակույթի եւ գրականության նվիրյալների աշխատությունների վերահրատարակման գործընթացը շարունակական է լինելու:
Գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը հայ մշակույթն արժեւորելու հարցում կարեւորեց պետական հովանավորությունը: Այս համատեքստում նա բարձր գնահատեց ԱԺ նախագահի ձեռնարկած միջոցառումները, որոնցից մեկն էլ վերջերս կազմակերպված ասմունքի մանկապատանեկան հանրապետական առաջին մրցույթ-փառատոնն էր:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը, «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանը, գրականագետ Կիմ Աղաբեկյանը, ովքեր անդրադարձան հայագիտության եւ հայ գրականության պատմության մեջ Ղեւոնդ Ալիշանի նշանակալի գործունեությանը ու վերահրատարակված «Սիսական» գրքի նշանակությանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել եւ հովանավորել հայ մշակույթի եւ գրականության արժեքավոր ստեղծագործությունների հրատարակումը: