Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ՀՊՏՀ մեծ հանդիսասրահի բացման հանդիսավոր արարողությանը։
Բուհի շենքը կառուցվել է 1929թվականին ականավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով։ Հանդիսասրահը հիմնովին նորոգվել է բուհի ֆինանսական միջոցներով եւ այն լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին։ Վերականգնվել է 256 տեղանոց սրահի էլիպսաձեւ կառուցվածքը։
Բացման պատիվը տրվեց ՀՀ ԱԺ նախագահ, բուհի նախկին շրջանավարտ Հովիկ Աբրահամյանին։
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կատարեց հանդիսասրահի օրհնության կարգը։
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում շնորհավորելով բուհի պրոֆեսորադասախոսական համակազմին եւ ուսանողությանը հանդիսասրահի բացման կապակցությամբ՝ ասաց-
«
Հարգելի դասախոսներ,
Հարգելի ուսանողներ,
Սրբազան հայր,
Հարգելի հյուրեր
Հայ իրականության մեջ սերնդեսերունդ փոխանցվող կոչը` լավ սովորել, այսօր եւս արդիական է: Վստահ եմ, որ այն երբեք չի կորցնի իր արժեքն ու նշանակությունը: Արագ զարգացող աշխարհի արդի պայմաններում մենք պետք է քայլենք մեր ժամանակին համընթաց` յուրացնելով գիտության նորագույն ձեռքբերումները, ծառայեցնելով դրանք հանուն մեր ժողովրդի եւ երկրի:
Հայաստանի իշխանություններն իրենց ամենակարեւոր առաջնահերթությունն են համարում գիտությունը եւ կրթությունը: Մեր ազգի գոյատեւման եւ զարգացման գերակա ուղղությունն ու բարձրագույն արժեքն է գիտելիքը: Ազգաբնակչության բարձր կրթական մակարդակը հանդիսանում է մեր մարդկային կապիտալի ամենակարեւոր բաղադրիչը, որն իր բազմաբնույթ ազդեցությամբ կանխորոշելու է Հայաստանի ապագան համաշխարհային տնտեսական համակարգում:
Վստահ եմ, որ այս ամենը գիտակցում են այս դահլիճում բոլոր ներկաները: Համոզված եմ, որ այդ գիտակցությամբ գալիք 2010թ. կլինի ձեր ձեռքբերումների եւ գիտական նոր նվաճումների տարին:
Ես նաեւ ցանկություն ունեմ լսել առաջարկություններ, հարցեր, որոնք հետաքրքրում են մեր գործընկերներին, մեր ուսանողներին, մեր պրոֆեսորադասախոսական կազմին: Պատրաստ եմ այդ հարցերը, որ միշտ քննարկել ենք պարոն Սուվարյան, հիմա եւս քննարկենք եւ կոնկրետ առաջարկություններ ձեւակերպենք եւ ապագայում գտնենք դրանց լուծման ուղիները։
Շնորհակալ եմ»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց նաեւ բուհի գիտական խորհրդի անդամների հարցերին։ Նշենք, որ բարձրացված հարցերի կապակցությամբ պարզաբանումներ տվեցին նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպրոտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ու կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։