Դեկտեմբերի 28-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի ընդունելությանէր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին եւ լրատվամիջոցների ղեկավարներին: Դիմելով նրանց` ԱԺ նախագահն ասաց.
«Հարգելի լրագրողներ,
չորրորդ իշխանության հարգարժան ներկայացուցիչներ
Շատ եմ կարեւորում տարվա ավարտին Ազգային ժողովում օրենսդիր մարմնի եւ չորրորդ իշխանության այս հանդիպումը։
Նոր տարվա հետ մեզանից յուրաքանչյուրը կապում է հույսեր եւ նախանշում բազմաթիվ ծրագրեր։
Անկախ մամուլը Հայաստանի երրորդ հանրապետության կարեւորագույն նվաճումներից է։ Այո, ժողովրդավարական, ազատ ու հպարտ պետություն կառուցելու գործում անգնահատելի է ազատ մամուլի նշանակությունն ու կարեւորությունը։ Խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, եւ ուժեղ է այն պետությունը, որն ունի արդարամիտ չորրորդ իշխանություն։
Ցանկացած իշխանություն, յուրաքանչյուր պաշտոնյա իր թիկունքում միշտ պետք է զգա ազատ մամուլի շունչը, որը սակայն պիտի լինի արդար եւ անաչառ, կոռեկտ ու պրոֆեսիոնալ։
Չորրորդ իշխանությունը պետք է լինի այն ինդիկատորը, որով գնահատենք իշխանությանը, ընդդիմությանն ու նաեւ՝ հասարակությանը։
Իսկ այդ կարեւոր առաքելությունը ձեզանից յուրաքանչյուրից առաջին հերթին պահանջում է բացարձակ եւ անվերահապ օբյեկտիվություն։ Միայն այդպիսի լրատվամիջոցը կարող է ազդել հասարակական կարծիքի վրա եւ կարող է ձեւավորել օբյեկտիվ հասարակական կարծիք։
Իմ օրը սկսվում է ձեզ հետ շփումով։ Ես թերթում եմ օրվա մամուլը, եւ երբ իմ հասցեին քննադատության եմ հանդիպում, ապա, վստահեցնում եմ ձեզ, եթե այդ քննադատությունը անաչառ է, միշտ աշխատում եմ հետեւություններ անել։ Մինչդեռ ինքնանպատակ եւ սուբյեկտիվ քննադատությունը, հավատացեք, որեւէ խնդիր չի լուծում։
Ազատ ու օբյեկտիվ զանգվածային լրատվության միջոցը խաղաղության եւ ժողովրդավարության հիմքերից է: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել չորրորդ իշխանության ներկայացուցիչներին Հայաստանում ժողովրդավարացման ասպարեզում կատարած նշանակալի ներդրման համար:
Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը, թող 2010 թ-ը մեր երկրին բերի հարատեւ խաղաղություն ու բարեկեցություն, մեր ժողովրդին` հանդուրժողականություն, համերաշխություն ու բարեկեցություն:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ խորհրդարանի աշխատանքները երկար տարիներ եւ անաչառ լուսաբանելու համար ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներ Գայանե Մելիքյանը («Նոյյան տապան» գործակալություն), Տիգրան Լիլոյանը (ԻՏԱՌ -ՏԱՍՍ գործակալություն), Մարգարիտ Եսայանը («Առավոտ» օրաթերթ), Գեւորգ Հարությունյանը («Հայոց աշխարհ» օրաթերթ), Գոհար Սարգսյանը («Ռեսպուբլիկա Արմենիա» թերթ) եւ Աննա Իսրայելյանը («Առավոտ» օրաթերթ) պարգեւատրվեցին ՀՀ ԱԺ նախագահի անվանական ժամացույցով: