Դեկտեմբերի 25-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի կազմակերպած ամանորյա համերգ-երեկոյին։
Ջերմորեն ողջունելով ներկաներին եւ շնորհակալություն հայտնելով Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւին նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար, ՀՀ ԱԺ նախագահ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանն ասաց-
«Սիրելի երիտասարդներ,
Ջերմորեն ողջունում եմ ձեզ: Շատ ուրախ եմ, որ հանդիպելու այսպիսի առիթ է ընձեռնվել: Սրտանց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպիչներին` Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությանը: Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների շեմին սա հիանալի եւ կարեւոր նախաձեռնություն է:
Դուք բոլորդ մեր ազատ ու անկախ երկրի հպարտ քաղաքացիներ եք: Բոլորդ ունեք ձեր քաղաքական հայացքները, մոտեցումները, տեսակետները, սկզբունքները: Կարող են նաեւ լինել տարաձայնություններ, անհամաձայնություններ: Դրանում որեւէ ողբերգական կամ արտառոց բան չեմ տեսնում: Չեն կարող բոլոր մարդիկ նույն կերպ մտածել: Սակայն կարեւոր է, որ անգամ ամենասուր քաղաքական բանավեճից հետո, անձնական վիրավորվածության փոխարեն կողմերի մոտ մնան փոխադարձ հարգանքն ու խնդիրներ լուծելու ցանկությունը: Փորձեք հասկանալ ձեր զրուցակցին, լսեք նրա խնդիրները, հասկանաք այդ մարդու կյանքն ու նրան մտահոգող հարցերը: Սա է ամենօրյա կյանքում, նաեւ քաղաքականության մեջ խնդիրներ լուծելու ու զարգացում ապահովելու միակ ճիշտ ճանապարհը:
Նայելով երիտասարդ, կենսախինդ, ավյունով լի ձեր դեմքերին` համոզվում եմ, որ մեր երկիրը լավ ապագա ունի: Դուք մեր անկախության սերունդն եք: Կարելի է ասել, որ դուք երրորդ հանրապետության հասակակիցներն եք: Վստահ եմ` աչքի լույսի պես կպահե՛ք մեր երկիրը, ձեր ուժերի չափով ներդրում կկատարեք այն շենացնելու ազնիվ գործում:
Հանրապետության Նախագահի կողմից Ազգային ժողովին եւ անձամբ ինձ առաջադրված խնդիրներից մեկն էր Ազգային ժողովի դերի բարձրացումը մեր կյանքի բոլոր ոլորտներում: Անցած տարվա ընթացքում մեր քայլերով, նոր նախաձեռնություններով խորհրդարանը դարձրեցինք ավելի հասկանալի, ավելի մոտ ու ընկալելի մեր հասարակության ամենատարբեր խավերի համար: Շատ շատերն անձամբ տեսան ու զգացին, որ Ազգային ժողովն ինչ-որ խորհրդավոր ու բազմաթիվ դռների հետեւում թաքնված փակ մի կառույց չէ: Մենք ջարդեցինք խորհրդավորության այդ զգացումը: Բայց սա միայն սկիզբն է:
Մեր գալիք նախաձեռնություններում ակնկալում ենք ձեր, սիրելի երիտասարդներ, ամենաակտիվ մասնակցությունը: Իմացե՛ք, որ Ազգային ժողովի դռները միշտ բաց են ձեր առջեւ: Մենք միշտ պատրաստ ենք ձեզ ընդունել, լսել ձեր յուրաքանչյուր գաղափար ու նախաձեռնությություն, օժանդակել այն իրականացնելու գործում: Որպես կոնկրետ առաջարկ՝ առաջարկում եմ կեստարի անց, Մայիսի 28-ի` Հանրապետության տոնի կապակցությամբ, այսպիսի եւս մեկ հանդիպում անցկացնենք Ազգային ժողովում` մեր «Բաց դռների» շարունակական ծրագրի շրջանակներում:
Մենք շուտով բազմաթիվ նոր ծրագրերով ենք հանդես գալու: Մեր ցանկությունն է համախմբել մեր երիտասարդության հնարավորինս լայն զանգվածներին Ազգային ժողովի շուրջ: Անգամ «երիտասարդական խորհրդարան» կամ նմանօրինակ որեւէ կառույց ձեւավորելու խնդիր ենք դրել մեր առաջ 2010թ-ին: Իսկ երբ Հայաստանի տարբեր մարզերում բնակվող մեր քաղաքացիներն անձամբ նկատեն, որ իրենց զավակների կողմից բարձրացված խելացի առաջարկությունները այնուհետեւ մշակվում, օրենք ու որոշում են դառնում, կյանքի են կոչվում, հաստատ կհամոզվեն, որ խելացի գաղափարների, մարդկանց հոգսը թեթեւացնող` լավ կշռադատված առաջարկների համար արգելքներ չեն կարող լինել մեր երկրում:
Յուրաքանչյուր դժվարություն եւ խոչընդոտ հնարավոր է հաղթահարել: Դրա համար պարզապես պետք է ունենալ հստակ նպատակներ եւ հետեւողականորեն աշխատել դրանք կյանքի կոչելու համար: Լավ միտքը, խելամիտ գաղափարը հաղթում են մեր երկրում: Սա է մեր համոզմունքը, որ պետք է իրականություն դարձնենք բոլորս միասին: Դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները, դրա համար ամենալավ օրինակն ու խթանը հենց Հանրապետության Նախագահի գործելաոճն ու սատարումն է:
Սիրելի երիտասարդներ,
Չեմ կասկածում, որ 2010 թվականը լինելու է մեր երկրի, մեր ժողովրդի հաջողությունների տարին: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի ու Սուրբ Ծնունդի առթիվ: Վստահ եմ, որ միասին կամրապնդենք մեր արդեն արձանագրած հաջողությունները` մեր երազանքների Հայաստանն իրականություն դարձնելու գործում: Մաղթում եմ ձեզ սեր եւ երջանկություն, նորանոր հաջողություններ` ի բարօրություն մեր Հայաստան երկրի:
Առա'ջ Հայաստան»:
Ամանորյա բարեմաղթանքի խոսքով հանդես եկավ նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ պատգամավոր Կարեն Ավագյանը։
Այնուհետեւ հայկական էստրադայի հին ու նոր աստղերն իրենց անկրկնելի երգ ու պարով գեղեցիկ ու անմոռանալի պահեր պարգեւեցին ներկաներին։