Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգիռ է առավել ընդլայնելու բազմոլորտ համագործակցությունը Լեհաստանի հետ՝ հավելելով, որ երկկողմ օրակարգում մեծ է միջխորհրդարանական արդյունավետ շփումների դերը:
Նա առաջարկել է ամրապնդել մեր խորհրդարանական պատվիրակությունների փոխգործակցությունը միջազգային հարթակներում, մասնավորապես, միմյանց համար զգայուն հարցերում:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում գոյություն ունեցող բազմաթիվ անվտանգային մարտահրավերները, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները եւ զինուժի կողմից շարունակական ռազմական սադրանքները: Ալեն Սիմոնյանը կարեւորել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը: Անդրադառնալով նախորդ տարվա դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչության իրավունքների ոտնահարումից՝ նշելով, որ նրանք փաստացի պատանդի կարգավիճակում են հայտնվել: ՀՀ ԱԺ նախագահը լեհ գործընկերոջը տեղեկացրել է, որ մարդասիրական իրավիճակն օրեցօր վատթարանում է, եւ Լաչինի միջանցքի հնարավորինս արագ ապաշրջափակումը խիստ հրամայական է:
Այս համատեքստում նա երախտագիտություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ Լեհաստանի Սենատի ընդունած բանաձեւի կապակցությամբ, որում կոչ է արվում անհապաղ բացել միջանցքն առանց նախապայմանների:
Լեհաստանի Սենատի նախագահը նշել է. «Մենք հասկանում ենք, որ հայերն իրենց պատմության ընթացքում եւ մինչ օրս ստիպված են անընդհատ պայքարել. այդ վիճակի համար մենք մեծ ցավ ենք ապրում»: Նա ընդգծել է, որ Լեհաստանը շահագրգիռ է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ՝ հարգելով հակամարտողների ցանկությունը եւ իրավունքները:
Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Սենատի հուշամատյանում: