ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումային:
ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ ԽՎ նորընտիր նախագահը կխրախուսի անդամ բոլոր պետությունների միջեւ երկխոսությունն ու համագործակցությանն ուղղված քայլերը: Ալեն Սիմոնյանը ողջունել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը Երեւանում անցկացնելու որոշումը՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունն ու Ազգային ժողովն ամենայն պատասխանատվությամբ պատրաստվում են բոլոր գործընկերներին նոյեմբերին հյուրընկալել Հայաստանում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված ադրբեջանական հարձակման մանրամասներին եւ դրա հետեւանքներին՝ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է բռնի տեղահանվածների խնդիրներն ու իրավիճակի բարդությունը: Գործընկերոջ խնդրանքով նա անդրադարձել է նաեւ գործողությունների այն ծրագրին, որով Հայաստանը սկսել է ընդունել ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին:
Կողմերը քննարկել են Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող ագրեսիան՝ անթույլատրելի համարելով պաշտոնական Բաքվի անթաքույց նկրտումները: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանում ակնկալում են, որ ԵԱՀԿ ԽՎ-ն՝ որպես ժողովրդավարական արժեքների պաշտպան եւ կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելուն կողմնակից կառույց, իր դիրքորոշումը կհայտնի մեր երկրի դեմ իրականացվող գործողությունների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն անշրջելի են, եւ ժողովրդավարությունն է մեր երկրի առաջնային օրակարգը: Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ առանձնացնելով մարտահարավերներն ու դրանց անմիջական ազդեցությունը Հայաստանի վրա:
ԵԱՀԿ ԽՎ նախագահը նշել է, որ ամենօրյա ռեժիմով հետեւում են զարգացումներին՝ հետաքրքրվելով Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական սպառնալիքներով: Նա նշել է, որ առաջիկայում ԵԱՀԿ ԽՎ արտակարգ նիստ է պլանավորվում, որին նախատեսում են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների մասնակցությունը. կքննարկվեն տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները: