ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեին:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ջերմ հիշողություններ ունի գործընկերոջ գլխավորած պատվիրակության` այս տարվա սկզբին Հայաստան կատարած պատմական այցից: Ի պատասխան` Յաել Բրաուն-Պիվեն փաստել է, որ տպավորված է Հայաստանով եւ մեծ հուզմունքով է հիշում այդ հագեցած այցը:
Գործընկերներն արձանագրել են, որ այս հանդիպումը շարունակությունն է անկեղծ բարեկամության եւ հետեւողական գործընկերային քաղաքականության: Նրանք գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական միջխորհրդարանական գործակցության բարձր մակարդակի առնչությամբ, որը վերաբերում է նաեւ միջխորհրդարանական բարեկամական խմբերին: Ալեն Սիմոնյանը կարեւորել է այն փաստը, որ ֆրանսիացի բոլոր գործընկերների հետ հանդիպումներն անցնում են Հայաստանի մասին քաջատեղյակ մթնոլորտում:
Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շարունակական միջնորդական ջանքերը, ինչպես նաեւ խորհրդարանականների հետեւողական աջակցությունը եւ Հայաստանի հետ մշտական կապի մեջ լինելը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցության, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների սահմանման շուրջ: Ֆրանսիայի ԱԺ նախագահը նշել է, որ մշտապես Հայաստանի կողքին են եւ շարունակելու են ներդնել բոլոր ջանքերը:
ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել ջերմ խոսքերի համար` հավատացնելով, որ մեր երկրին եւ հայ ժողովրդին ցուցաբերած վերաբերմունքը շոշափելի եւ կենսական նշանակության փոփոխությունների է հանգեցնում: Նա գոհունակությամբ է խոսել Ֆրանսիայի բարեկամական մոտեցման եւ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության մասին: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ միջազգային գործընկերներից հստակ քայլեր են ակնկալվում` տարածաշրջանը ցնցումներից ու պատերազմից զերծ պահելու համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ առաջիկայում ֆրանսիացի խորհրդարանականների կողմից սպասվող հայանպաստ նախաձեռնություններին: