Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Հռոմում հանդիպել են ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավարի հետ
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի գլխավորությամբ Հռոմում գտնվող հայկական պատվիրակության անդամները հոկտեմբերի 19-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իտալական պատվիրակության ղեկավար Մարթա Գրանդեի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ԵԽԽՎ պատվիրակությունների առավել սերտ համագործակցությանն առնչվող հարցեր, հատկապես ընդգծվել է Հայաստանի եւ Իտալիայի` հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդների հարաբերությունների ամրապնդումը խորհրդարանական այդ կարեւոր հարթակում:
Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պատրաստակամություն է հայտնել տիկին Գրանդեին պարբերաբար տրամադրել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը եւ Թվինինգ ծրագրի հայկական կողմի ղեկավար, փորձագետ Մարի Մանուկյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ներկայացուցիչներն Իտալիայի խորհրդարանում են գտնվում <<ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` ՀԸԳՀ վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար>> Թվինինգ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից: