Գործում է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը
ՕՐԵՆՔԸ
ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- Գլուխ I Ընդհանուր դրույթներ
- Գլուխ II Սոցիալական վճարների հասկացությունը, կատարողները եւ օբյեկտները
- Գլուխ III Սոցիալական վճարների դրույքաչափերը, հաշվարկման եւ վճարման կարգը
- Գլուխ IV Սոցիալական վճարների կատարումն ապահովող մարմինը
- Գլուխ V Սոցիալական վճարումներ կատարողների գրանցման կարգը, իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը
- Գլուխ VI Եզրափակիչ դրույթ
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այսուհետ՝ սոցիալական վճարներ) հասկացությունը, հավաքագրման իրավական, ֆինանսական ու կազմակերպական հիմունքները, դրույքաչափերը եւ վճարման կարգը։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացությունները
Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը՝
Ապահովադիր՝ սոցիալական վճարները հաշվարկող, դրանց պահումները կատարող եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին (այսուհետ՝ լիազորված մարմին) փոխանցող (վճարող) իրավաբանական եւ ֆիզիկական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն։
Ապառք՝ Սույն օրենքով սահմանված ժամկետներում ապահովադիրների չվճարած սոցիալական վճարների գումար։
Հոդված 2. Սոցիալական վճարների մասին օրենսդրությունը
1. Սոցիալական վճարումների կատարումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով։
2.Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
Հոդված 3. Սոցիալական վճարների հասկացությունը եւ կատարողները
1. Սոցիալական վճարները պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորման նպատակով ապահովադիրների կողմից պարտադիր կարգով վճարվող միջոցներն են։
2. Սոցիալական վճարումները կատարվում են հայկական դրամով։ Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով՝ վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արտարժույթային փոխարժեքին համապատասխան։
3. Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձինք , իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են կատարել սոցիալական վճարումներ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։
4. Սոցիալական վճարումներ են կատարում՝
ա) գործատուները.
բ) վարձու աշխատողները.
գ) անհատ ձեռներեցները.
դ) գիտական եւ ստեղծագործական աշխատանքով զբաղվող անձինք.
ե) գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անձինք.
5. Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական եւ այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարներ չեն կատարվում։
Հոդված 4. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտները
1. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են՝
ա)գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները
բ) վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց ածխատավարձը եւ դրան հավասարեցված եկամուտները
գ) անհատ ձեռներեցների, գիտական եւ ստեղծագործական աշխատանքով զբաղվող, ինչպես նաեւ սույն հոդվածում չնշված տարեկան եկամուտները՝«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազեցումները (բացառությամբ սոցիալական ապահովագրության վճարների) կատարելուց հետո.
դ) գյուղացիական տնտեսությունների սեփականություն համարվող հողատարածքների կադաստրային զուտ եկամուտը։
2. Աշխատանքի վարձակալությանն ուղղվող միջոցների եւ դրանց հավասարեցված եկամուտների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 5. Սոցիալական վճարների դրույքաչափերը
1. Գործատուները սոցիալական վճարումները կատարում են աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ՝ յուրաքանչյուր աշխատողի համար հետեւյալ դրույքաչափերով.
օբյեկտի չափը |
Սոցիալական վճարների դրույքաչափը գումարը (տոկոսով) |
32 օբյեկտի գումարի 32 տոկոսը | |
մինչեւ տասնվեցապատիկը ներառյալ |
27 նվազագույն աշխատավարձի 40 տոկոսին գումարած օբյեկտի գումարի 27 տոկոսը
|
տոկոսին գումարած օբյեկտի գումարի 22 տոկոսը |
2. Վարձու աշխատողները սոցիալական վճարումներ են կատարում աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով, որոնց պահումները կատարում եւ լիազորված մարմին են փոխանցում գործատուները։
3.Հաշմանդամների հասարակական կազմակերպությունները, այն ձեռնարկությունները, դրանց տնտեսական միավորումները, հիմնարկները, ուսումնական հաստատությունները եւ կազմակերպությունները, որտեղ աշխատողների եւ սովորողների ոչ պակաս 50 տոկոսը հաշմանդամ է , սոցիալական վճարների դրույքաչափը սահմանվում է աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով։
4. Գյուղացիական տնտեսությունները սոցիալական վճարներ են կատարում սեփականություն համարվող հողատարածքների՝ տվյալ տարվա համար սահմանված կարգով հաշվարկված կադաստրային զուտ եկամտի 12 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունվեցապատիկը՝ մեկ տարվա ընթացքում։ Վարձու աշխատանք օգտագործող գյուղացիական տնտեսությունները սոցիալական վճարումներ են կատարում նաեւ գործատուների եւ վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով։
5. Անհատ ձեռներեցները, գիտական եւ ստեղծագործական աշխատանքով զբաղվող, ինչպես նաեւ սույն հոդվածում չնշված անձինք սոցիալական վճարումներ են կատարում իրենց տարեկան եկամտի 30 տոկոսի, բայց ամսական նվազագույն աշխատավարձի մեկուկեսից ոչ պակաս եւ տասներեքից ոչ ավելի չափով։
6. Բնաիրային ձեւով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտում հաշվի են առնվում պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում ազատ (շուկայական) գներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
7. Սույն օրենքով սահմանված սոցիալական վճարները հաշվարկելու, դրանց պահումները կատարելու եւ լիազորված մարմին փախանցելու (վարելու) պարտականությունները դրվում են ապահովադիրների վրա։
Հոդված 6. Սոցիալական վճարների հաշվարկման ու վճարման կարգը
1.Գործատուները պարտավոր են ամեն ամիս սոցիալակն վճարները հաշվարկել եւ փոխանցել (վճարել) լիազորված մարմնին՝ աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների բանկից կամ դրամարկղից ելքագրելու օրը։
2. Գյուղացիական տնտեսությունների սոցիալական վճարները հաշվարկում է լիազորված մարմինը եւ նշում դրանց տրվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանուցագրերում։
3. Գյուղացիական տնտեսությունները, անհատ ձեռներեցները, գիտական եւ ստեղծագործական աշխատանքով զբաղվող անձինք տարվա համար հաշվարկված սոցիալական վճարները կատարում են հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ։
4. Գործատուն, յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի արդյունքով, մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը լիազորված մարմին է ներկայացնում հաշվետվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
5. Սոցիալական վճարների կատարումը սահմանված ժամկետներից մինչեւ 90 օր ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ապահովադրից գանձվում է տույժ՝ ապառքի 0,1 տոկոսի չափով։ Սոցիալական վճարների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու 91-րդ օրվանից սկսած մինչեւ 365-րդ օրը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ապահովադրից գանձվում է տույժ՝ ապառքի 0,2 տոկոսի չափով։ Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չվճարված սոցիալական վճարների գումարների ստուգմամբ հայտնաբերված (պակաս ցույց տրված) սոցիալական վճարների օբյեկտի գծով սոցիալական վճարների գումարների նկատմամբ՝ դրանց վճարման ժամկետանց ամբողջ ժամանակաշրջանի համար։
Հայցային վաղեմության եւ գանձման անվիճելիության կարգի կիրառման համար սահմանվում է երեք տարվա ժամկետ՝ ապառքի գոյացման պահից։
6. Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում ապահովադրից սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տրված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված (լիազորված մարմնի կողմից) սոցիալական վճարների գումարը, ինչպես նաեւ տուգանք՝ այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ լիազորված մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սոցիալական վճարների օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում՝ սոցիալական վճարների ամբողջ գումարի չափով։
7. Ապահովադիրները լիազորված մարմնին, վերջինիս կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում, վճարում են թաքցրած կամ պակաս ցույց տրված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարը, ինչպես նաեւ սույն օրենքով հաշվարկված տույժերը եւ տուգանքները։
8. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում լիազորված մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում՝ ապահովադրի գույքը բռնագանձելու նպատակով։ Լիազորված մարմինը, որպես սոցիալական վճարների պարտքը (ապառքի եւ հաշվարկված տույժերի գումարը) բռնագանձելու մասին դատարանի վճռի հարկադիր կատարման միջոց, ապահովադրի գույքի նկատմամբ դնում է արգելանք եւ ապահովում դրա իրացումը։
9. Սոցիալական վճարումների կատարման արտոնությունները սահմանվում են օրենքով։
Հոդված 7. Սոցիալական վճարների չափի սահմանափակումը
1.Վարձու աշխատող համարվող անձի համար գործատուի եւ վարձու աշխատողի կատարած սոցիալական վճարների ամսական գումարը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասներեքապատիկը։
2.Ավել վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները հաշվանցվում են հաշվարկված տույժերի ապահովադրի համաձայնությամբ՝ առաջիկա վճարների դիմաց կամ վերադարձվում են վճարողին՝ դիմելու օրվանից 20 օրվա ընթացքում։ Մինչեւ 90 օր ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար, լիազորված մարմինը վճարում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0.1 տոկոսի չափով, 91-րդ օրվանից սկսած մինչեւ 365-րդ օրը ներառյալ՝ 0,3 տոկոսի չափով։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 8. Սոցիալական վճարների հավաքագրումը եւ գանձումն ապահովող մարմինը
Սոցիալական վճարների հավաքագրումը եւ գանձումն ապահովում է լիազորված մարմինը, որը կատարված միջոցները, մինչեւ պարտադիր սոցիալական ապահովագրության մասին Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելը, ուղղում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերով։
Հոդված 9. Լիազորված մարմնի հիմնական իրավասությունները
Սոցիալական վճարների հաշվարկման եւ վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը, որն իրավասու է՝
ա) ապահովադիրների մոտ, անկախ սեփականության ձեւից, կատարել աշխատանքի վարձատրությանն ուղղվող եւ դրանց հավասարեցված միջոցների հաշվարկման եւ վճարման փաստաթղթերի ստուգում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) ապահովադիրներից պահանջել եւ ստանալլ սոցիալական վճարներին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր՝Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) ստուգվող ապահովադիրներից պահանջել վերացնելու սույն օրենքի պահանջների խախտումները.
դ) բանկերից, ֆինանսավարկային կազմակերպություններից պահանջել եւ ստանալ սոցիալական վճարներին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթեր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
ե) պետական գրանցում ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, լիազորված մարմնում չհաշվառված կամ սահմանված ժամկետներում սոցիալական վճարումներ չկատարող ապահովադիրներին (նրանց ղեկավարներին եւ պաշտոնատար անձանց) ենթարկել պատասխանատվության՝Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 10. Սոցիալական վճարներ կատարողների գրանցումը
1. Ապահովադիրները ձեռնարկությունների պետական ռեգիստրի մարմիններում գրանցվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում պարտավոր են գրանցվել եւ հաշվառվել լիազորված մարմնում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
2. Գործատուները, գյուղացիական տնտեսությունները եւ անհատ ձեռներեցները գրանցվում եւ հաշվառվում են ըստ գործունեության պետական գրանցման վայրի։
Հոդված 11. Սոցիալական վճարումներ կատարողների իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը
1. Սոցիալական վճարումներ կատարողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն՝
ա) մասնակցել ստուգումներին, ծանոթանալ իրենց գործունեության ստուգման ակտերին եւ ստանալ դրանց մեկ օրինակը.
բ) ստուգումների արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում, ակտն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում ներկայացնել գրավոր առարկություններ կամ այն գանգատարկել դատական կարգով.
գ) գանգատարկել լիազորված մարմնի պաշտոնատար անձանց ապօրինի գործունեությունները.
դ) լիազորված մարմնից ստանալ պարզաբանություններ՝ սոցիալական վճարների հաշվարկման եւ կատարման մասին.
ե) պահանջել եւ ստանալ կամ հաշվանցել ապագա վճարումների հաշվին ավել վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները։
2. Սոցիալական վճարներ կատարողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր են՝
ա) գրանցվել եւ հաշվառվել լիազորված մարմնում.
բ) լիազորված մարմնին ներկայացնել հաշվետվություններ, եկամուտների մասին հայտարարագրեր.
գ) ներկայացնել արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող համապատասխան փաստաթղթեր։
3. Գործատուի եւ անհատ ձեռներեցի կողմից հաշվապահական հաշվառում չվարելը կամ այնպիսի խախտումներով վարելը կամ սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելու կամ սոցիալական վճարների հիմք հիմք համարվող այլ փաստաթղթերում այնպիսի կեղծ տվյալներ մտցնելը, որոնք առաջացրել են կամ կարող են առաջացնել սոցիալական վճարների նվազեցում կամ անհնար են դարձնում սոցիալական վճարների չափի հաշվարկը, ապա գանձման ենթակա սոցիալական վճարների չափը սահմանվում է նախորոք հավասար ժամանակահատվածի սոցիալական վճարների կրկնապատիկի չափով, իսկ խախտում թույլ տված անձինք ենթարկվում են պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հոդված 12. Լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկման կարգը
Լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել վերադասության կամ դատական կարգով։
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 13. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
30 դեկտեմբերի 1997թ.
ՀՕ-179