ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ի նիստում ուղերձ է ընդունել, որում ասված է.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ՝
Հիմնվելով ՄԱԿ-ի 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի Ժնեւի կոնվենցիաների, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի եվրոպական կոնվենցիայի, Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին 1965 թվականի միջազգային կոնվենցիայի եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի ու մարդասիրական իրավունքի բնագավառում այլ միջազգային պայմանագրերի, միջազգային սովորութային իրավունքի, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի սկզբունքների վրա.
Հաշվի առնելով հայկական եւ ադրբեջանական կողմերի հանձնառությունը՝ վերադարձնելու գերության մեջ հայտնված բոլոր անձանց, ինչպես նաեւ դիերը.
Արձանագրելով, որ ադրբեջանական կողմն արհեստականորեն ձգձգում է գերության մեջ գտնվող անձանց ու դիերի վերադարձման գործընթացը, ակնհայտորեն թաքցնում իր վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների, ներկալված եւ անազատության մեջ գտնվող այլ անձանց իրական թիվը, շարունակում նրանց նկատմամբ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, խոշտանգումները, ֆիզիկական եւ հոգեկան տառապանքները.
Խստորեն դատապարտելով ադրբեջանական կողմից իր զինված ուժերի ներկայացուցիչների միջոցով բացառիկ ցինիզմով խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող եւ այլ անմարդկային արարքների տեսագրումն ու տարածումը զանգվածային լրատվության միջոցներով եւ սոցիալական ցանցերով.
Հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների համատարած եւ համակարգային քաղաքականությունը՝ ուղղված էթնիկ հայերի նկատմամբ կազմակերպված ատելություն սերմանելուն եւ թշնամանք բորբոքելուն, աշխարհի տարբեր մասերում հայերին սպանելու, խոշտանգելու եւ բռնության այլ դրսեւորումների հերոսացմանը՝
ՈՒ Ղ Ե Ր Ձ Ո Վ Դ Ի Մ ՈՒ Մ Է
միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեին եւ խոշտանգումների կանխման ենթակոմիտեին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Ռասայական խտրականության վերացման կոմիտեին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, Խոշտանգումների կանխման եվրոպական կոմիտեին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային ու ազգային կազմակերպություններին, կառույցներին եւ անձանց, միջխորհրդարանական կազմակերպություններին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին եւ
Կ Ո Չ Է Ա Ն ՈՒ Մ
. հորդորել Ադրբեջանին՝ անհապաղ հայկական կողմին հանձնել իր վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիներին, ներկալված եւ անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց.
. պահանջել Ադրբեջանից՝ դադարեցնել խոշտանգումները, անմարդկային եւ դաժան վերաբերմունքը ռազմագերիների, ներկալված եւ անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց նկատմամբ.
. պարտավորեցնել Ադրբեջանին՝ դադարեցնել վերոնշյալ կոպտագույն խախտումների դրդապատճառ հանդիսացող հայատյացության քաղաքականությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ ուսումնական հաստատություններում, հասարակական, ռազմական եւ քաղաքական գործիչների հանրային խոսքում, զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում, ինչպես նաեւ ցանկացած այլ դրսեւորման մեջ.
. առավելագույն ջանքերով ու իրական քայլերով դադարեցնել քաղաքակիրթ աշխարհի համար անհանդուրժելի՝ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, ներառյալ` մարդու իրավունքների եւ արժանապատվության ակնհայտ ոտնահարման, պատերազմական հանցագործությունների եւ ստանձնած միջազգային պարտավորություններից ամեն կերպ խուսափելու անսանձ քաղաքականությունը.
. գործուն միջոցներ ձեռնարկել` միտված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային իրավունքով եւ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնված պարտավորությունների հարգմանն ու խստիվ պահպանմանը»: