ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ հունվարի13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ՝ առաջարկվող փոփոխություններով հնարավորություն է ընձեռվում գիտահետազոտական, փորձագիտական, լաբորատոր հետազոտությունների ընթացքում թմրամիջոցների օգտագործումն իրականացնել միայն լիցենզավորման պարագայում:
Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ նախաձեռնությունն ապահովում է թմրամիջոցների շրջանառության խիստ վերահսկողություն եւ լիցենզավորված գործունեություն:
Գիտահետազոտական նպատակներով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործման հնարավորությունը կխթանի հայրենական եւ համաշխարհային դեղագործության զարգացումը՝ բարձրացնելով հայրենի գիտության համաշխարհային համբավը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: