ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը փետրվարի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ ներկայացրեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներից, որոնք ընթացել են հունվարի 25-28-ը Ստրասբուրգում:
Ասուլիսին մասնակցեցին պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը, Հովհաննես Իգիթյանը եւ Էդմոն Մարուքյանը:
Ռուբինյանը հայտնեց, որ պատվիրակությունը նստաշրջանի աշխատանքներին մասնակցել է հիբրիդային կարգով. առցանց եղանակով աշխատել են Միքայել Մելքումյանը եւ Նաիրա Զոհրաբյանը:
Նրա տեղեկացմամբ՝ հայկական պատվիրակության առաջնահերթ խնդիրը եղել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմից հետո առաջացած խնդիրների, մասնավորապես՝ ռազմագերիների վերաբերյալ հարցի բարձրաձայնումը: Այդ կապակցությամբ պատվիրակությունն առաջարկել էր հայ ռազմագերիների հարցը ներառել ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում, ինչը, սակայն, ԵԽԽՎ բյուրոն մերժել է: Պատվիրակությունը քիչ հավանական է համարել, որ առաջարկը կներառվի ընթացիկ քննարկման հարցերի շարքում: Այլ թեմաներ, մասնավորապես, Ալեքսեյ Նավալնիի վերաբերյալ հարցը եվրոպացի պատվիրակների շրջանում առաջնային է եղել:
Չներառվելով օրակարգում՝ ռազմագերիների հարցն այնուամենայնիվ քննարկվել է թե՛ ԵԽԽՎ բյուրոյում, թե՛ քաղաքական խմբերում ու նույնիսկ հարցեր են ուղղել ԵԽ գլխավոր քարտուղարին: Հետագայում էլ հայտարարություններ են արվել «Twitter» սոցիալական կայքում՝ պնդումներով, որ հայ ռազմագերիները պետք է անմիջապես վերադարձվեն:
Պատվիրակության ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների հանձնակատարի, ԵԽԽՎ նախագահի հետ, որտեղ նույնպես քննարկման հիմնական թեման հայ ռազմագերիների վերադարձի հարցն է եղել: Նաեւ նշվեց, որ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը:
Պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանի գնահատմամբ՝ տեղի ունեցած քննարկումների արդյունքում նրանց հաջողվել է հօդս ցնդեցնել Ադրբեջանի՝ իբրեւ թե կառուցողական եւ երկխոսելու պատրաստակամ լինելու վերաբերյալ միֆը: Պատվիրակության անդամները դրական գնահատեցին տեղի ունեցած հանդիպումները, որոնց արդյունքում եվրոպական կառույցների հայտարարությունները գնահատվել են որպես ճնշումներ Ադրբեջանի նկատմամբ: