«Պետական սահմանի մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը խորհրդարանը քննարկեց փետրվարի 10-ի նիստում: Պետսահմանին վերահսկողություն իրականացնելու իրավունք կտրվի նաեւ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին: Հեղինակների՝ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի, Արման Աբովյանի կարծիքով՝ նման վերահսկողությունը կմեծացնի տեսչական մարմնի աշխատանքի արդյունավետությունը:
«Գործադիրն առարկություններ չունի նախագծի վերաբերյալ»,-ասաց Քաղաքաշինության տեխնիկական եւ հակահրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանը:
Օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից:
Տեղական որոշ տուրքերի եւ վճարների սահմանման ընթացքում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկվում կատարել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում: Ի հայտ եկած խնդիրների մասին հայտնել են հանրապետության շուրջ 70 համայնքներ:
ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու նպատակը անհրաժեշտ օրենսդրական հիմքի ստեղծումն է: Օրենքների նախագծերը խորհրդարանը քննարկեց երկրորդ ընթերցմամբ: