Մայիսի 27-ի հերթական նիստում Ազգային ժողովը շարունակեց ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկումը:
Մտքերի փոխանակության շրջանակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձավ այսօր տեղի ունեցած իրադարձությանը` նշելով. «Այսօր լուր տարածվեց, որ ՀՀ սահմանից գերեվարվել են հայ զինծառայողներ: Սակայն ՀՀ սահմանի դեպքում դա չենք կարող անվանել գերեվարում: Դա առեւանգում է: Եվ տեղի է ունենում այն պարագայում, երբ մեր միջազգային գործընկերները պատշաճ գնահատական չեն տալիս եւ իրերն իրենց անունով չեն կոչում: Ես կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին անպայման եւ պարտադիր կերպով հստակ գնահատական եւ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների վերաբերյալ: Մեր հանրության շրջանում կա ակնկալիք, որ ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ պետք է արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին: Եւ այդ օպերատիվ գործողությունների հապաղումն է, միգուցե, որ հասցնում է նման զարգացումների եւ էսկալացիաների: Ես կարծում եմ, որ հետագա լարումներից եւ բախումներից խուսափելու համար, այն անվտանգային համակարգը, որին մաս է կազմում Հայաստանը, այն միջազգային գործընկերները, որոնց անհանգստացնում են Հարավային Կովկասում տեղի ունեցող նման անթույլատրելի գործողությունները եւ զարգացումները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան պետության նկատմամբ, պետք է հստակ գնահատական տան»:
«Գեղարքունիքի մարզի սահմանային պահպանության տարածքում ադրբեջանցիները մտնում եւ գերեվարում են մեր զինվորներին: Սա այլեւս աղետ է, սա անթույլատրելի է: Այս աղետը կանգնեցնել է պետք»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Խորհրդարանը քվեարկություններով ընդունեց նախորդ օրը քննարկած օրինագծերը:
Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտեց հերթական նիստերի աշխատանքը: