ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը օգոստոսի 9-ին շարունակեց ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը:
Թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Նա կարեւորեց թեկնածուի մարդկային եւ մասնագիտական կարողությունները: «Վստահ եմ, որ Անդրանիկ Քոչարյանը պատվով կկատարի մշտական հանձնաժողովի նախագահի գործառույթները»,- ասաց Խաչատրյանը:
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Անդրանիկ Քոչարյանն իր խոսքում անդրադարձ կատարեց ԱԺ յոթերորդ գումարման ընթացքում իր գլխավորած ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությանը: Նա բարձր գնահատեց մշտական հանձնաժողովին կից 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքները: