Օգոստոսի 10-ին շարունակվեց ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: Օրակարգում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն է: Ըստ Դոնթի բանաձեւի՝ ԱԺ 9 հանձնաժողովների նախագահներին առաջադրելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ին՝ «Հայաստան» խմբակցությունը:
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վահե Հակոբյանի թեկնածությունը:
Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի կենսագրական տվյալներն ու գործունեությունը:
Վահե Հակոբյանն իր ելույթում անդրադարձավ երկրում տիրող տնտեսական իրավիճակին` նշելով, որ 2020-ի իրադարձությունները չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ տնտեսության վրա. «Այս իրավիճակում անհրաժեշտ է ընթացիկ ծախսերը կրճատել, առաջիկա տարիների համար պետք է հարկաբյուջետային համախմբում՝ ուղղված պետական պարտքի կայունացման վերադարձմանը»: Հանձնաժողովի նախագահի թեկնածուի կարծիքով՝ անհրաժեշտ է նաեւ օրենսդրական կարգավորումների միջոցով բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի համար: Ըստ նրա՝ այսուհետ պետության կողմից վերցված վարկերը պետք է ուղղվեն բացառապես կապիտալ ծախսերի վրա:
Վահե Հակոբյանը պատասխանեց պատգամավորների հարցերին: