Խորհրդարանի ղեկավարը հետաքրքրվեց Հայաստանում ապրող փոքրամասնությունների խնդիրներով, պատրաստակամություն հայտնեց հետամուտ լինելու եւ աջակցելու դրանց լուծմանը:
Եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի խոսքով համայնքի խնդիրները հնարավոր է լուծել իշխանության օժանդակությամբ: Պատգամավորը նշեց, որ անցած երկուսուկես տարիները փաստում են, որ իշխանությունը պատրաստ է աջակցել ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծմանը Հայաստանում:
Քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովի խոսքով՝ հանդիպումը վկայում է Ալեն Սիմոնյանի՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հատուկ ուշադրության եւ վերաբերմունքի մասին: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին՝ համայնքի բարձրացրած խնդիրներին ժամանակին արձագանքելու համար, ինչի ապացույցն են արդեն վերանորոգված մի շարք ճանապարհները:
ԱԺ-ում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը հույս հայտնեց, որ նախորդ գումարման խորհրդարանում ձեւավորված բարի ավանդույթները շարունակական կլինեն 8-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում:
Խորհրդարանի նախագահը, ծանոթանալով Հայաստանում բնակվող ասորական համայնքի խնդիրներին, պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւային հորդորեց ակտիվորեն ներգրավվել համայնքի շահերը խորհրդարանում ներկայացնելու գործում: Պատգամավորը շնորհակալություն հայտնեց հանդիպման հրավերի համար եւ նշեց, որ ինքը պատվիրակվել է խորհրդարան համայնքի ձայնը լսելի դարձնելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ առաջիկայում այցելել ասորական համայնք՝ տեղում ծանոթանալու խնդիրներին եւ անհրաժեշտության դեպքում դրանց տալ օրենսդրական լուծում: