ԱԺ աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ու ՄՀԻ Հայաստանի միջեւ համագործակցության շրջանակի քարտեզագրման նպատակով օգոստոսի 16-ին ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպեց Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվիրակության հետ՝ տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորությամբ:
Վահան Նարիբեկյանը, ողջունելով Ջեյմս Դե Ուիթին Ազգային ժողովում, նշեց, որ ՄՀԻ-ն որպես Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ռազմավարական աջակից, 2018-ից ի վեր մեծ աշխատանք է տարել՝ աջակցելով պետական կառավարման մարմիններին անհրաժեշտ եւ առանցքային բարեփոխումների իրականացման ընթացքում՝ տրամադրելով տվյալներ եւ փորձագետներ հաղորդակցման ռազմավարությունների մշակման ընթացքում:
Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը կարեւորեց նախորդ տարի Ազգային ժողովի աշխատակիցների համար ՄՀԻ-ի թրեյնինգները: «Կարեւորում ենք նաեւ ԲԵՅՓԹԻ ծրագրի շրջանակներում ՄՀԻ-ի կողմից տրամադրվող աջակցությունը, որը մեր գործընկեր Բալթյան երկրների խորհրդարանների հետ յուրահատուկ շփման հարթակ է: Արժեւորում ենք նաեւ ՄՀԻ-ի կողմից իրականացվող աշխատանքն Ազգային ժողովի հանձնաժողովների հետ: Ունենալով նոր ձեւավորվող հանձնաժողովներ՝ այս աշխատանքը հատկապես բարձր ենք գնահատում»,-ասաց Վահան Նարիբեկյանը:
Ջեյմս Դե Ուիթը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք իրականացվել են նախորդ տարիների ընթացքում: Այդ համատեքստում նա առանձնացրեց խորհրդարանի հանձնաժողովների աշխատակազմերի դասընթացները, փոխանակման ծրագրերը եւ այլն:
Նա նաեւ անդրադարձավ ԱԺ աշխատակազմի կարիքներին ու առաջնահերթություններին:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը պատրաստակամություն հայտնեց աջակցելու, որպեսզի արդյունավետ համագործակցությունը շարունակական լինի: