Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 17-ին հանդիպեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ:
Ողջունելով հյուրին՝ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորեց Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:
Խորհրդարանի փոխնախագահը նշեց, որ Չինաստանը Հայաստանի կարեւոր գործընկերներից է եւ ընդգծեց, որ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Ֆան Յոնգը նշեց, որ իրենց համար կարեւոր է Հայաստանի հետ համագործակցությունն ու բարեկամական կապը:
Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ Հայաստան-Չինաստան բարեկամական խումբն ԱԺ ամենամեծ եւ ակտիվ խմբերից մեկն է: Նա պատրաստակամություն հայտնեց էլ ավելի ակտիվացնելու եւ խորացնելու երկու երկրների բարեկամական խմբերի համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը ներկայացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Նա ընդգծեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր:
Արտակարգ եւ լիազոր դեսպանը կարեւորեց տարածաշրջանում խաղաղության հաստատումը եւ Հայաստանի Հանրապետության սահմանների ամբողջականությունն ու անվտանգությունը՝ հույս հայտնելով, որ խնդիրը կլուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: