Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպեց Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղաբաշին: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական երկրների, մասնավորապես՝ ԱՄԷ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը, ուշադրության կենտրոնում պահում տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական գործընթացները:
Ալեն Սիմոնյանը փաստեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի համար կարեւոր գործընկեր է եւ առանձնակի նշանակություն ենք տալիս մեր բարեկամությանը, ինչպես նաեւ բազմոլորտ համագործակցության խորացմանը: Նա կարեւորեց ԱՄԷ հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում՝ բարձր գնահատելով իրենց երկրի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում:
Նա գոհունակությամբ արձանագրեց, որ մեր երկրների միջեւ ակտիվ է քաղաքական երկխոսություն տարբեր մակարդակներում: Բազմակողմ հարթակներում համագործակցությունը կրում է համակարգված բնույթ: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա, որն առկա է քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմատեխնիկական, վերականգնվող էներգետիկայի, ավիացիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, առեւտրատնտեսական, կրթության եւ այլ ոլորտներում:
Ալեն Սիմոնյանն ընդգծեց փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում օրենսդիր մարմինների միջեւ արդյունավետ համագործակցության դերը՝ առանձնակի ընդգծելով պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը, որը շոշափելի ներդրում ունի միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման գործընթացում: ԱՄԷ խորհրդարանի խոսնակը, գոհունակություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, շեշտեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր ԱՄԷ-Հայաստան քաղաքական եւ տնտեսական կապերը զարգանում են բավական ակտիվ:
Այս տարվա հոկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկելու է «Մտքերի միավորում, ապագայի ստեղծում» խորագրով «Դուբայ ԷՔՍՊՈ-2020»-ը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանը: Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղաբաշին հրավիրեց իր հայ գործընկերոջը պաշտոնական այց կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաեւ Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում ընթացող գործընթացների վերաբերյալ: