ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանների մասնակցությամբ սեպտեմբերի 9-ին կայացավ աշխատանքային քննարկում:
Օրակարգում էին 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում եւ հետպատերամյան շրջանում Արցախում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի, ՀՀ ՄԻՊ-ի, Սփյուռքի եւ միջազգային կառույցների համագործակցությանը վերաբերող հարցերը:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կարծիք հայտնեց, որ նման քննարկումները հնարավորություն են տալիս ավելի համընդգրկուն ներկայացնելու ոլորտի խնդիրները հատկապես հետպատերազմյան շրջանում: Վերջինս բարձրաձայնեց Արցախում կապի եւ հաղորդակցության խնդիրը՝ արձանագրելով, որ թեպետ Արցախի պատկան մարմինները եւ կապի օպերատորները միջոցներ են ձեռնարկում, այդուհանդերձ խնդիրը չի լուծվում: Կան սահմանամերձ բնակավայրեր, որտեղ կապը բացակայում է: «Կասկած չկա, որ Ադրբեջանն է դա իրականացնում խլացուցիչների միջոցով»,-ասաց նա:
Անդրադարձ կատարվեց Արցախում բնակարանային ապահովման խնդրին: Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ դրանով է պայմանավորված նաեւ, որ 22 հազար արցախցի դեռեւս չի վերադարձել: Պետության կողմից տրվող վարձավճարները չեն համապատասխանում շուկայական գներին: Արցախի ՄԻՊ-ն այդ հարցով դիմել է Արցախի կառավարությանը, վարձավճարների փոխհատուցման ծրագրում փոփոխություններ են կատարվելու:
Գեղամ Ստեփանյանը խոսեց նաեւ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության եւ աշխատանքային խնդիրների մասին: Նրա դիտարկմամբ՝ այս փուլում պետք է իրականացվեն թիրախային կարճաժամկետ ծրագրեր, վիճակը կայունանալուց հետո՝ զարգացման ծրագրեր:
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձավ սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական պայմաններին առնչվող տարաբնույթ խնդիրներին, որոնց թվում նաեւ հակառակորդի կողմից անասունների գողության դեպքերին:
ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձավ կյանքի իրավունքի խնդիրներին, սեփականության իրավունքի զանգվածային խախտումների դեպքերին, ազատ տեղաշարժի սահմանափակումներին, ջրի եւ սանիտացիայի հասանելիության իրավունքի պաշտպանությանը:
Նա համոզմունք հայտնեց, որ բոլոր խողովակներով, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության ձեւաչափով պետք է ներկայացվեն Ադրբեջանի վայրագությունները: Արման Թաթոյանի գնահատմամբ՝ մարդու իրավունքների պաշտպանության ամուր երաշխիքներ պետք է ներդրվեն:
Հանդիպման ավարտին սերտ համագործակցության եւ խնդիրները համակողմանի քննարկելու պայմանավորվածություն ձեռք բերվեց: