ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին խորհրդարան էին այցելել Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած եւ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ:
Զինծառայողները նշել են, որ իրենց իրավունքների լիարժեք իրացման հարցում հաճախ հանդիպում են խոչընդոտների: Նրանք կարեւորել են հանրային վայրերում թեքահարթակների կառուցման հարցը: Ի տարբերություն 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների՝ 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու չեն: Հանդիպման մասնակից զինծառայողներն այս հարցը համարել են առաջնահերթ լուծում պահանջող խնդիր: Պատգամավորներն ընդգծել են, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք կառավարության կողմից ստանում են աջակցություն: 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներն ունեն կրթական, առողջապահական, աշխատանքի եւ այլ երաշխիքներ:
Անդրադարձ է կատարվել նրանց կրթության, աշխատանքային, սոցիալական, առողջապահական, ազատ տեղաշարժի եւ այլ իրավունքների լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների խնդիրներին:
Քննարկման մասնակիցները հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու տեսանկյունից կարեւորել են հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող տեղեկատվության հրապարակայնությունը:
Պատգամավորները խոստացել են հետամուտ լինել բարձրացված խնդիրների լուծմանը եւ հնարավորության դեպքում օրենսդրական լուծումներ տալ դրանց կամ իրավասության շրջանակում առաջարկներ ներկայացնել պատասխանատու մարմիններին: Նման հանդիպումները շարունակական դարձնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: