Սեպտեմբերի 29-ն առանձնահատուկ օր էր Երեւանի Գառնիկ Ադդարյանի անվան թիվ 133 հիմնական դպրոցի աշակերտների համար: Դպրոցականներն իրենց օրը սկսել են ոչ թե դասարանում, այլ ՀՀ Ազգային ժողովում:
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում նրանց հետ «Բաց դաս» է անցկացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
Պատգամավորն աշակերտներին ներկայացրել է իր մասնագիտությունն ընտրելու պատմությունն ու անցած ուղին: Հասմիկ Հակոբյանը հորդորել է լավ սովորել, որովհետեւ յուրաքանչյուր հաջողության հիմքում լավ կրթությունն է: Նա կարեւորել է նաեւ ինքնակրթությունը, խորհուրդ է տվել ունենալ նպատակ եւ գնալ դրա ետեւից:
Լսելով պատգամավորի պատմությունը՝ աշակերտները բազմաբնույթ հարցեր են ուղղել նրան:
Օրը լի էր հետաքրքիր հանդիպումներով: Հյուրերին ողջունել է նաեւ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Աշակերտների հետ զրույցում նա արժեւորել է կրթությունն ու աշխատասիրությունը, համերաշխությունն ու ընկերասիրությունը, ապա նշել է, որ դրանց օգնությամբ է հնարավոր հասնել հաջողությունների:
Աշակերտներն ու ուսուցիչներն այցելել են ԱԺ գրադարան, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը, Անկախության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված փաստագրությանը:
Բաց դասն ավարտվել է ԱԺ այցելած Հունաստանի պատվիրակության հետ լուսանկարով: