ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի հունական կողմի ղեկավար Էլենի Կանելոպուլուի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Վահան Նարիբեկյանն ընդգծել է երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները եւ համոզմունք հայտնել, որ նման հանդիպումները նպաստում են երկկողմ կապերի զարգացմանը: Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը կարեւորել է Թվինինգ ծրագրի շրջանակում Հայաստանի եւ Հունաստանի միջեւ համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուրերը նշել են՝ իրենց համար մեծ պատիվ է գտնվել ՀՀ Ազգային ժողովում, այնուհետեւ քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Էլենի Կանելոպուլուն Վահան Նարիբեկյանին է փոխանցել Հունաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարի ողջույնները:
Խոսելով Թվինինգ ծրագրի մասին՝ հյուրերը փաստել են, որ դրա իրականացման մեկնարկը տրվել է նախորդ տարի, աշխատանքներն իրականացվել են առցանց ձեւաչափով: Իսկ իրենց այցը Հայաստան մի փոքր հետաձգվել էր՝ պայմանավորված COVID-19-ի համավարակով, Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով, ինչպես նաեւ Երեւանում ռեզիդենտ թվինինգ խորհրդատուի նշանակմամբ:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ծրագրի շրջանակում քննարկելու տարատեսակ հարցեր եւ գտնելու հնարավոր լուծումներ: