Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանձնաժողովի ներկայացուցիչների հետ ընդունել է «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած Հունաստանի խորհրդարանի պատվիրակությանը:
Թեւ ծրագրի մեկնարկը տրվել է նախորդ տարվա դեկտեմբերին, սակայն COVID-19 համավարակի սահմանափակումներով պայմանավորված՝ հույն խորհրդարանականներն առաջին անգամ են այցելել Ազգային ժողով:
Հանդիպմանը, որին ներկա են եղել ծրագրի՝ Հունաստանի եւ Հայաստանի խորհրդարանների ղեկավարներ Էլենի Կանելոպուլուն եւ Մարի Մանուկյանը, կողմերը քննարկել են վերջին տասը ամիսների ընթացքում կատարված աշխատանքը, գնահատել Ազգային ժողովի աշխատակազմի կարիքները, նախանշել հետագա անելիքներն ու վերապատրաստումների թեմատիկ ուղղությունները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ տարեվերջ կազմակերպել ծրագրի վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառում, որին ներկա կլինեն պատգամավորներ Հունաստանի եւ Հայաստանի խորհրդարաններից, բարձրաստիճան ներկայացուցիչներ Եվրոպական խորհրդարանից, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից եւ այլ փոխկապակցված կառույցներից: