Ազգային ժողովի դեկտեմբերի 8-ի հերթական նիստում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրվելու համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը, որի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը:
Ելույթ ունենալով՝ Եղիշե Սողոմոնյանն անդրադարձել է իր պատկերացումներին եւ միջոցառումներին, որոնք, ըստ նրա, կարող են բարելավել Հաշվեքննիչ պալատի աշխատանքները: «Հաշվեքննիչ պալատն օբյեկտիվ եւ արդյունավետ կարող է կատարել իր առջեւ դրվող խնդիրները, եթե անկախ է աուդիտի ենթարկվող կառույցից եւ պաշտպանված՝ արտաքին ազդեցությունից»,-կարծում է թեկնածուն: Ըստ նրա՝ այսօր կան անելիքներ՝ կապված Հաշվեքննիչ պալատի անկախության ապահովման հետ:
Նշենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատի անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ:
Պատգամավորները ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-495-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:
Ամբողջական փոփոխությունները` այստեղ:
Սուրեն Թովմասյանը բարձրաձայնել է կոմիտեում իրականացված փոփոխությունները:
Գլխադասային` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը: