Դեկտեմբերի 9-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի թիվ 45 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:
Հյուրերը հետեւել են ԱԺ նիստերի աշխատանքներին, այցելել խորհրդարանի թանգարան եւ գրադարան:
Երեւանի թիվ 45 հիմնական դպրոցի սաների հետ հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը եւ Ալխաս Ղազարյանը: Նրանք ներկայացրել են օրենսդիր մարմնի կառուցվածքը եւ գործունեությունը:
Հարցուպատասխանի ընթացքում դպրոցականները հետաքրքրվել են կրթական ոլորտի փոփոխություններով, լսել ավագ դպրոցի վերաբերյալ պատգամավորների կարծիքը: Լուսինե Բադալյանի խոսքով` ավագ դպրոցների առկայությունը մեր երկրում պայմանավորված է միջազգային կրթական ստանդարտներին համապատասխանելու նպատակով:
Պատգամավորները տեղեկացրել են, որ մոտ ապագայում կյանքի կկոչվեն կրթական տարբեր ծրագրեր: Նրանք հորդորել են դպրոցականներին լավ սովորել, մասնագիտությունը ընտրելիս առաջնորդվել սրտի թելանդրանքով:
Նույն օրը խորհրդարան են այցելել նաեւ Երեւանի Եւրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ֆակունտետի ուսանողները:
Հերթական «Բաց դասն» անցկացրել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Լիլիթ Մինասյանն ու Արթուր Դավթյանը:
Բանախոսները կարեւորել են կրթված, բանիմաց ու զարգացած մասնագետի դերը հատկապես իրավագիտության զարգացման գործում:
Ուսանողների հարցերն առնչվել են քաղաքական, տնտեսական, իրավական ոլորտներին, համավարակի կանխման խնդիրներին եւ այլն:
Արթուր Դավթյանն ուսանողներին հորդորել է մասնագիտանալ քաղաքացիական իրավունքի, մտավոր սեփականության ոլորտների գծով, քանի որ այդ մասնագիտություններն այսօր պահանջված են աշխատաշուկայում:
Լիլիթ Մինասյանն անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ընդգծել է ենթակառուցվածքների բացման անհրաժեշտությունը: Իսկ համավարակի կանխարգելման գործում ԱԺ պատգամավորը կարեւորել է դիմակի կրումն ու պատվաստումը:
Պատգամավորները երկրի ապագայի համար շեշտադրել են օրենսդիր, գործադիր մարմինների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ անհատ քաղաքացիների նպատակային գործունեության կարեւորությունը:
Բանախոսների մաղթանքն ուսանողներին եղել է երկրի լիարժեք քաղաքացի դառնալը: