Դեկտեմբերի 13-ին տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցները: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկայացնում էր Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորը հայտնել է, որ դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, եղել է Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում եւ արձանագրել մի շարք մտահոգիչ փաստեր: Նրա խոսքով՝ Սյունիքի մարզում վտանգված են Հայաստանի քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության՝ կենսական նշանակության իրավունքները: «Այլընտրանքային ճանապարհը բոլոր հատվածներից գտնվում է թշնամու դիտարկման կենտրոնում եւ անանցանելի է»,-ասել է պատգամավորը:
Թագուհի Թովմասյանը հատկապես մտահոգիչ է համարել Շուռնուխ եւ Որոտան համայնքների վիճակը՝ նշելով, որ ուսուցիչները ստիպված են Ուրալ մեքենաներով օրվա մեջ 1-2 անգամ գնալ դպրոց:
«Դժվար է պատկերացնել, թե ձյան առատ տեղումների հետեւանքով այդ ճանապարհը կգործի՞, թե՞ ոչ»,-ասել է նա: Թագուհի Թովմասյանն անհրաժեշտ է համարել ադրբեջանական զինուժի հեռացումը բնակավայրերից, քանի որ շատերի տներից պարզ երեւում են դրանք: «ՀՀ իշխանությունը պարտավոր է ամեն հնարավոր քայլ իրականացնել՝ անվտանգային միջավայրը եւ անվտանգության գոտին ապահովելու համար»,-շեշտել է պատգամավորը՝ հավելելով, որ Շուռնուխում չկա նաեւ բուժկետ, եւ եղանակը ցրտելու հետ մարդկանց համար դժվարանալու է հասնել Գորիս, որպեսզի բժշկական օգնություն ստանան: