Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ 2023 թ. բյուջետային հայտը ներառում է գործող 6 ծրագիր եւ 24 միջոցառում, համաձայն որի՝ ներկայացված ֆինանսավորման ծավալը գործող ծրագրերի մասով կազմում է 7,496,603.9 հազար դրամ՝ առանց «Կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի պահպանման ծախսերի, ինչը 2022 թ. 6,865,538.4 հազարդրամ ճշտված բյուջեի համեմատ ավելի է 9.2 տոկոսով: Այս մասին ասել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների՝ 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակի քննարկման ժամանակ:
2022 թ. հաստատված պետական բյուջեի համեմատ նախարարության պահպանման ծախսերն ավելացել են մոտ 9.3 տոկոսով, ինչն էլ հիմնականում պայմանավորված է նախարարության եւ ԾԻԳ-ի մասով աշխատանքի վարձատրությանն ուղղված ծախսերի ավելացմամբ:
Նախարարի խոսքով՝ ֆինանսների նախարարության առաջարկությամբ որպես ոչ ֆինանսական նոր ցուցանիշ՝ 2022 թ. ավելացվել է նաեւ ազդակիր համայնքների շահառուների թիվը, ինչպես նաեւ միջոցառումը բնութագրող նոր ցուցանիշները՝ բնապահպանական ծրագրերում ընդգրկված բանապահպանական եւ առողջապահական միջոցառումների քանակը:
Հակոբ Սիմիդյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են Սեւանա լճի պահպանմանը, աղտոտվածության մակարդակին, Սեւանի իշխան ձկնատեսակի բնական վերարտադրությանը, անտառածածկ տարածքների գողությանը, պահպանմանը:
«Իշխանի բնական վերարտադրության համար միակ խնդիրը ձկնատեսակի պաշարի պակասը չէ, Սեւանա լճում ձկան ձվադրման գործընթացն այլ է: Գետերը, որոնք լցվում են Սեւան, աղբից մաքրման կարիք ունեն, որովհետեւ իշխանը հենց այդ հատվածում է ձվադրում կատարում, այսինքն՝ բնական զարգացման համար այլ բաղադրիչներ եւս առկա են»,- ընդգծել է նախարարը:
Անդրադառնալով անտառտնտեսություններին վերաբերող հարցին՝ Հակոբ Սիմիդյանը նշել է, որ ոլորտին նախատեսվում է հատկացնել 413 մլն դրամ, որը ոչ միայն նոր անտառների ստեղծմանն է հատկացվում, այլեւ՝ պահպանմանը:
Ազգային ժողովի բյուջետային գրասենյակն առաջարկներ ու դիտարկումներ է ներկայացրել բյուջետային ծրագրերի եւ դրանց ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների վերաբերյալ: