Հայաստանի եւ Կորեայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-կորեական փոխգործակցությունը զարգացել է բարեկամական մթնոլորտում` ամուր հիմքեր ստեղծելով փոխշահավետ համագործակցության համար: Ցանկանում եմ կարեւորել մեր երկրների խորհրդարանների միջեւ կապերի խորացումը եւ խորհրդարանական դիվանագիտության դերը` որպես միջպետական հարաբերությունների զարգացման կարեւոր միջոց: Այս հարցում կարեւոր խթան կհանդիսանա Երեւանում Կորեայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության բացումը. նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը` Ազգային ժողովում հյուրընկալելով Կորեայի Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը:
Բարեկամական խմբի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Կորեայի կառավարությանը Հայաստանին ցուցաբերած օգնության համար եւ հավելել, որ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) հետ համագործակցությունը վերսկսելու ցանկություն կա: Նա ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Երեւանում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության գրասենյակի բացումը:
«Մենք գնահատում ենք Կորեայի Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ»,- կարեւորելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը եւ խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին` նշել է պատգամավորը: Նա ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով ստեղծված հումանիտար աղետի հետեւանքները` այս հարցում ակնկալելով նաեւ կորեացի գործընկերների արձագանքը:
Ծովինար Վարդանյանն անդրադարձել է «ՀՀ կառավարության եւ ԿՀ կառավարության միջեւ տնտեսական, արդյունաբերական, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրին` տեղեկացնելով, որ հայկական կողմը շուտով կավարտի ներպետական ընթացակարգերը, եւ այն կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:
Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն իր հերթին կարեւորել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ կապերի խթանման հարցում` ընդգծելով, որ հաճախ միջպետական մակարդակով անլուծելի խնդիրները հնարավոր է հաղթահարել օրենսդիրների մակարդակով: Համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնելով` Կիհուն Սոնը նշել է, որ իր երկրի կառավարությանը կփոխանցի հայկական կողմի մտահոգություններն ու առաջարկները:
Բարեկամական խմբի անդամ Սոնջու Կիմը, կարեւորելով խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը, այս համատեքստում բարձր է գնահատել ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի կողմից Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնությունը:
Կողմերը համակարծիք են եղել, որ առկա է համագործակցության չօգտագործված հսկայական ներուժ մի շարք ոլորտներում, եւ պետք է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Բարեկամական խմբի անդամներն անդրադարձել են երկու երկրների մշակութային եւ պատմական առնչություններին, երկկողմ փոխգործակցության ընդլայնմանը: Մի շարք ոլորտներում, մասնավորապես, բանակում իրականացվող բարեփոխումներում ընդգծվել է կորեական լավագույն փորձի ուսումնասիրումն ու փորձի փոխանակումը: Նրանք հույս են հայտնել, որ Կորեան կաջակցի Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության սկզբունքների հիման վրա, ԼՂ ժողովրդին` սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի հարցում:
Հանդիպմանը մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Վահագն Ալեքսանյանը, Արթուր Խաչատրյանը, Թագուհի Ղազարյանը, Նարեկ Բաբայանը եւ Արուսյակ Ջուլհակյանը: