National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.5.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
25.05.2006
Ավարտվեց գարնանային նստաշրջանի նախավերջին քառօրյան

Ազգային ժողովի մայիսի 25-ի նիստում խորհրդարանի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Մհեր Շահգելդյանի եւ Գագիկ Մխեյանի` մայիսի 22-ին ներկայացրած հրաժարականները հանձնաժողովների նախագահների պաշտոններից ընդունված են` համաձայն ԱԺ կանոնակարգի 26-րդ հոդվածի: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժարականի դիմումը կընդունվի ԱԺ կանոնակարգի 20-րդ հոդվածի համաձայն` մայիսի 29-ին:

ԱԺ փոխնախագահը հայտարարեց նաեւ խորհրդարանում ձեւավորված «Գործարար» պատգամավորական խմբի ստեղծման մասին, որի ղեկավարն է ԱԺ պատգամավոր Գրիգոր Մարգարյանը, քարտուղարը` Մեխակ Մխիթարյանը: Պատգամավորական խմբի անդամներն են Սայադ Զախարյանը, Էդվարդ Գաբրիելյանը, Սամվել Շահգալդյանը, Արշակ Մխիթարյանը, Ալեքսան Պետրոսյանը, Տիգրան Եգանյանը, Արկադի Համբարձումյանը եւ Արտակ Սարգսյանը:

Այնուհետեւ խորհրդարանականները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված «Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների արտոնություններ սահմանելու մասին» եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», « Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը:

Պատգամավորները շարունակեցին քննարկումները «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, տեղեկացրեց, որ վիճակագրական տվյալներով վերջին երեք-չորս տարիներին ստվերային տնտեսության դեմ պայքարը թույլ է: Պարոն Պետրոսյանի կարծիքով` նոր օրենսգրքի մշակման ժամանակ պետք է նշանակել այնպիսի պատժամիջոցներ, որոնք կզրկեն դատարանին կամայականությունների հնարավորությունից, օրենսգրքի փոփոխությունների նպատակը կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է: Ռաֆիկ Պետրոսյանը կարեւորեց նաեւ պատժի անհատականացումը, պատժի կիրառման ժամանակ պետությանը պատճառած վնասների հաշվարկման չափը:

ԱԺ պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ընդգծեց, որ աշխարհի ոչ մի երկրում պարտադրաբար հարկ չեն վճարում: Ըստ նրա` հարկավոր է կանոնակարգել հարկային դաշտը, վերանայել «Պարզեցված հարկի մասին» օրենքը:

ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն արտահերթ ելույթում նշեց, որ օրինագծի առնչությամբ պետք է հստակեցնել խնդիրներն եւ նպատակները, քրեական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտությունը: Վկայակոչելով «Քրեական օրենսգրքի» 205 հոդվածում առաջարկվող փոփոխությունը, որով պատժաչափերը սահմանվում են նվազագույն աշխատավաձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով` արարքի խոշոր չափհամարելով նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը գերազանցող գումարը` պարոն Թորոսյանը անընդունելի համարեց տնտեսական գործունեության արդյունքում պետությանը հազարապատիկից ավելի չափով վնաս հասցնելով` հանցանքի համար 500-ապատիկից հազարապատիկի չափով տուգանքի սահմանումը, որով վնասը պետությանը չի հատուցվում: Ըստ նրա` նման արարքները պատժելիս առաջին խնդիրը պետք է լինի պետությանը պատճառած վնասի հետբերումը` պատժաչափը առնվազն համապատասխանեցնելով պատճառված վնասին: «Պետությանը պատճառած վնասը պետք է վերականգնել, որպեսզի նման քայլ կատարած մարդիկ հասկանան, որ տուժելու են շատ ավելի, քան փորձում էին կորզել պետությունից: Հետեւաբար մեր քայլերը պետք է ուղղված լինեն պետության վնասները փոխհատուցելուն եւ ստեղծելու համար նախադեպ, որ մարդիկ հասկանան` նման քայլի դեպքում պատիժն անխուսափելի է»,-հավաստեց ԱԺ փոխնախագահը: Տիգրան Թորոսյանը արձանագրեց, որ կորուստների եւ վնասների չափը եւ պատժաչափը պետք է կապվի այն վնասների հետ, որոնք պետությունը կրում է նման գործողությունների հետեւանքով: Խորհրդարանի փոխնախագահը  գտնում է, որ այդ վնասները փոխհատուցելու անհնարինության դեպքում պետությունը հնարավորություն պիտի ունենա ազատազրկմամբ պատժելու: Կողմ լինելով օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը` պարոն Թորոսյանն արձանագրեց, որ գործող հոդվածները վերանայման կարիք ունեն առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում:

Եզրափակիչ ելույթում ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը հավաստեց, որ նախագծի նպատակը ոչ թե ուժային միջոցներով հարկերի  գանձումն է, այլ բարեխիղճ հարկատուների շահերի պաշտպանությունը, կոռուպցիոն ռիսկերի վերացումը: Պարոն Օսիկյանը կարեւորեց հարկման ոլորտում տարբերակված մոտեցման կիրառումը:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը: Ըստ նրա` օրենքի ընդունման հիմնական նպատակներն են «ՀՀ քրեական օրենսգրքում» եվրոպական չափորոշիչներին համապատասխան ապահովել մարդկանց թրաֆիկինգի բնորոշումը, վերջինիս դեմ արդյունավետ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառումը, մարդկանց թրաֆիկինգի եւ պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու հանցակազմերի սահմանազատումը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը` տեղեկացնելով, որ օրենքը նախապատրաստվել է Եվրոպայի խորհրդի կողմից 2005 թ. մայիսի 16-ին ընդունված «Մարդկանց թրաֆիկինգի դեմ գործողությունների մասին» կոնվենցիայի դրույթների հիման վրա:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» կառավարության օրինագիծը քննարկվեց առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող ՀՀ դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը նշեց, որօրենքի ընդունումը պայմանավորված է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հաշվարկման կանոնները վերանայելու անհրաժեշտությամբ:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, տեղեկացրեց, որ ԱԺ օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունը, վերլուծելով արտասահմանյան երկրների փորձը, առաջարկում է հետապնդման վաղեմության ժամկետներ սահմանել նաեւ հանցափորձի եւ հանցագործության նախապատրաստման համար:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Նրա գնահատմամբ` օրինագիծը հետապնդում է անբարեխիղճ հայցվորի չարաշահումներից գործին մասնակցող մյուս անձանց իրավունքները եւ օրինական շահերը պաշտպանելու նպատակ:

Օրինագծի ընդունման վերաբերյալ կառավարության եզրակացությունը դրական էր:

Առաջին ընթերցմամբ քննարկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագիծ ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նա նշեց, որ հանրապետությունում տարեկան գրանցվող հրդեհները անվտանգության կանոնների խախտման հետեւանք են: Փոխնախարարի հավաստմամբ` կիրառված տույժերը ազդեցություն չեն գործում, քանի որ տուգանքների չափերը ցածր են: Օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնել պետական հրդեհային տեսչության աշխատանքների արդյունավետությունը:

Text box
Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց նաեւ կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի փոխնախագահ Կարեն Մաթեւոսյանը: Օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ մաքսային եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքերի միջեւ եղած հակասությունների վերացմամբ ու վարչական պատասխանատվության միջոցների կիրառման ժամկետների կարգավորման անհրաժեշտությամբ:

Քննարկված երկու օրինագծերի վերաբերյալ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

«Քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի գործունեության մասին» հաղորդումը ներկայացրեց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Նա նշեց, որ հաշվետու տարում կայացված մրցույթներում 4074 դիմորդից հաղթող է ճանաչվել 1873-ը: Կայացել են քաղծառայողների ատեստավորման եւ վերապատրաստման աշխատանքներ, 137 քաղծառայողի վերաբերյալ կայացվել է «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշում: Պարոն Բադալյանը տեղեկացրեց, որ Քաղաքացիական ծառայության խորհուրդը համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ, կազմակերպվում են այցելություններ Հայաստան` քաղաքացիական ծառայության ոլորտում փորձի փոխանակման նպատակով:

«Քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյայում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագիրը», «Ինկասացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը:

Խորհրդարանը քննարկեց նաեւ «2002 թ. դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում ստորագրված «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, «2003 թ. հունվարի 28-ին Ստրասբուրգում ստորագրված «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի «Համակարգչային համակարգերի միջոցով կատարվող ռասիստական եւ քսենոֆոբիական բնույթի արարքների քրեականացման մասին» եւ «2002 թ. սեպտեմբերի 12-ին  Վարշավայում ստորագրված «Դոպինգի դեմ» կոնվենցիաների լրացուցիչ արձանագրությունները, «2005 թ. ապրիլի 21-ին Բաքվում ստորագրված «Եվրոպա-Կովկաս-Ասիա» միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի կողմերի կառավարությունների միջեւ ՏՐԱՍԵԿԱ  միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության համատեղ ֆինանսավորման մասին», «2005 թ. հունիսի 8-ին Տոկիոյում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ տեխնիկական համագործակցության մասին», «2005 թ. դեկտեմբերի 6-ին Կահիրեում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին», «2005 թ. հոկտեմբերի 12-ին Ջակարտայում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» եւ «2005 թ. հունիսի 30-ին Դուշանբեում ստորագրված «ՀՀ եւ Տաջիկստանի Հանրապետության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրերը:

Ազգային ժողովը ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:


25.05.2006
Հանդիպում «Եվրատեսիլ-2006»-ին Հայաստանը ներկայացրած Անդրեի հետ
Մայիսի 25-ին  «Եվրատեսիլ-2006» երգի մրցույթին մասնակցած Անդրեն եւ ստեղծագործական խումբը հյուրընկալվեցին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում: Անդրեի հետ հանդիպմանը մասնակցում էին նաեւ  ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, պատգամավորներ եւ լրագրող...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am