Կառավարությունն առաջարկում է ներդնել ոստիկանության ծառայողների ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Ատեստավորման կարգը, ինչպես նաեւ հավելավճարի չափերը եւ վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ:
«Ոստիկանությունում ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխությունները ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ ապրիլի 21-ի արտահերթ նիստում:
Զեկուցողը նշել է, որ հաշվի առնելով պատգամավորների մտահոգությունները եւ առաջարկները` առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են որոշ փոփոխություններ:
«Հստակ ամրագրվել է, որ ատեստավորման նպատակը նաեւ պաշտոնի համապատասխանության ստուգումն է եւ հավելավճարի հաշվարկը»,- տեղեկացրել է Արփինե Սարգսյանը:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի առաջարկով ավելացվել է դրույթ առ այն, որ ոստիկանապետի տեղակալները եւս կատեստավորվեն:
Կատարվել են նաեւ տեխնիկական փոփոխություններ:
Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ընդգծել է, որ նախաձեռնությունը մանրամասն քննարկվել է հանձնաժողովում, պատգամավորների կողմից ներկայացվել են առաջարկներ, որոնք ընդունվել են: Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:
«Փրկարար ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխությունները նույնպես ներկայացրել է ՆԳ փոխնախարարը: Փաթեթն առաջինից երկրորդ ընթերցում խմբագրվել է: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները եւս կանցնեն ատեստացիա:
Գլխադասային` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Քննարկված նախաձեռնություններն ընդունվել են երկրորդ ընթեցմամբ:
«Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի առաջարկով օրակարգից հանվել են Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությանը վերաբերող հարցերը: