Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ապրիլի 21-ին խորհրդարանում հյուրընկալել են Կանադական խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչներ Իվո Բալինովին, Փոլ Բելայլին եւ Հովհաննես Մարգարյանցին:
Հյուրերը պատգամավորների հետ քննարկել են ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված Ռազմավարական ծրագրի շրջանակում 2023-2024 թվականների Գործառնական ծրագրի մշակման ընթացքը:
Քննարկմանը պատգամավոր Գեւորգ Պապոյանն ընդգծել է, որ Հայաստանում տարբեր ոլորտներում նոր գիտելիքների ու առաջատար երկրների փորձի կիրառման անհրաժեշտություն կա: Այդ համատեքստում պատգամավորը տեղեկացրել է` կա որոշում ուժեղացնելու նաեւ խորհրդարանի վերահսկողական կարողությունները: Կանադական խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչ Փոլ Բելայլն էլ իր խոսքում կարեւորել է նախորդ տարի հայ խորհրդարանականների` Կանադա կատարած այցն ու նշել, որ ներկայումս մշակվող Գործառնական ծրագրում ընդգրկվել են Հայաստանի պատգամավորների` Օտտավայում արած առաջարկները:
«Կանադայից վերադարձել ենք գիտելիքներով ու դրական հիշողություններով»,- հանդիպմանը նշել է Գեւորգ Պապոյանն ու հայտնել, որ կանադական փորձն այսօր հաջողությամբ կիրառվում է Հայաստանի ԱԺ-ում:
Անդրադարձ է եղել նաեւ հայ-կանադական հարաբերություններին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը բարձր է գնահատել Կանադայում ունեցած քաղաքական հանդիպումները: Ըստ պատգամավորի՝ դրանք շատ կարեւոր անդրադարձ են ունեցել տեղի քաղաքական հայտարարություններում՝ Լաչինի միջանցքի փակման ու ԼՂ արգելափակման ընթացքում. Կանադայի պառլամենտը հստակ կոչեր է արել, միջնորդություններ ընդունել ու քննարկումներ կազմակերպել:
Երկու երկրների միջեւ համագործակցության խորացման համատեքստում կողմերը մեծ ձեռքբերում են համարել Հայաստանում առաջիկայում Կանադայի դեսպանատան բացումը: