National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.3.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
01.03.2010
Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցություն. համատեղ նիստ՝ ԼՂՀ Ազգային ժողովում
1 / 3

Մարտի 1-ին ԼՂՀ էր մեկնել  ՀՀ ԱԺ պատվիրակությունը Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում նախատեսված սոցիալական ոլորտի հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցելու նպատակով։ Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Արտակ Դավթյանը, նույն հանձնաժողովների նախագահների տեղակալներ եւ հանձնաժողովների անդամներ, փորձագետներ։

 Նույն օրը  Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը ընդունեցվ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

 Ողջունելով Երեւանից ժամանած օրենսդիրներին եւ նրանց ուղեկցող անձանց,  ԼՂՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ նշեց, որ երկու հայկական խորհրդարանների համագործակցությունը, տարեցտարի զարգանալով` նոր ավանդույթներ է ձեռք բերում, որոնցից է, մասնավորապես, ոլորտային հանձնաժողովների համատեղ նիստերը։ Նրա խոսքով՝ նիստի օրակարգային հարցերը, որոնք շոշափում են երկու հանրապետությունների համարյա բոլոր խավերի շահերը, մի ամբողջ  օրենսդրական փաթեթ են կազմում՝ առանձնանալով  իրենց կարեւորությամբ ու հրատապությամբ։

 Իրենց հերթին՝ ՀՀ Ազգային ժողովի ոլորտային հանձնաժողովների նախագահները կարեւորեցին նման կարգի նիստերը հետագայում եւս շարունակելու անհրաժեշտությունը՝ ի շահ երկու խորհրդարանների համագործակցության արդյունավետության։

 Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Զոյա Լազարյանը եւ ՀՀ Ազգային ժողովում ԼՂՀ Ազգային ժողովի նարկայացուցիչ Կարեն Թոփչյանը։
 

 Նույն օրը  ԼՂՀ Ազգային ժողովում՝ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում, տեղի է ունեցավ ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի եւ ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի, սոցիալական հարցերի եւ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։
 

  Համատեղ նիստին՝ որպես հրավիրյալներ, ներկա էին ԼՂՀ սոցիալական ուղղվածության կառույցների պատասխանատուներ ու մասնագետներ, այդ թվում՝ ԼՂՀ առողջապահության նախարար  Արմեն Խաչատրյանը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, սոցիալական ապահովության փոխնախարար Լենստոն Ղուլյանը։

    «Նման փոխադարձ այցերը եւ դրանց ընթացքում իրականացվող աշխատանքային հանդիպումները օգտակար են երկուստեք»-, բացման խոսքում, նշեց ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը։ «Անկախ նրանից, որ մենք ներկայացնում ենք երկու անկախ, ինքնիշխան պետություններ, մենք բոլորս միասին՝ որպես հայոց զուգապետության օրենսդիրներ, համատեղ ջանքերով  Հայոց տուն ենք կառուցում եւ, կարծում եմ, դրանից առավել օգտակար ու հաճելի, միով բանիվ՝ ազգաշահ առաքելություն ես չեմ տեսնում մեր ներկա սերունդների համար»։

 Իր հերթին՝ ներկայացնելով պատվիրակության անդամներին, ՀՀ ԱԺ   առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց Արցախի իր գործընկերներին նախաձեռնության ու հրավերքի համար։ «Այսօր մենք կամփոփենք մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքը եւ կտեսնենք, որ այս անգամ եկել ենք ավելի գործնական առաջարկությունների փաթեթով, այսինքն՝ մեր ոլորտային հանձնաժողովների անցյալ տարվա ապրիլյան համատեղ նիստի համեմատ առաջընթացն ակնհայտ է»։

 Համատեղ նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ ԼՂՀ  ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ գոհունակությամբ նշելով, որ երկու հայկական պետությունների խորհրդարանների համագործակցությունը, շարունակելով եւ զարգացնելով նախորդ տարիների ձեւավորված ավանդույթները,  տարեցտարի ավելի ու ավելի է աշխուժանում եւ արգասաբեր դառնում՝ կյանքի կոչվելով  ամենատարբեր ձեւաչափերով ու մակարդակներով։ Նիստի քննարկման ենթակա խնդիրների կապակցությամբ նա, մասնավորապես, ասաց. «Ունենալով տարաբնույթ նշանակություն ու դրսեւորման տարբեր կենսական հարթություններ՝ այդ խնդիրները, ըստ էության, մեր պետությունների սոցիալական քաղաքականության՝ որպես մեկ ամբողջության, փոխկապակցված բաղկացուցիչներն են կազմում՝ բխելով այդ ոլորտում իշխանությունների որդեգրած ռազմավարությունից։ Միեւնույն ժամանակ, ներկայանալով որպես հարափոփոխ հանրային կյանքի հրամայականներ կամ այլ կերպ՝ ժամանակի մարտահրավերներ, համատեղ նիստի օրակարգում հաստատված հարցերը կարեւորվում են իրենց հանրային հրատապությամբ, հետեւապես եւ օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ»։

  Խորհրդարանի նախագահը համոզմունք հայտնեց, որ ոլորտի խորհրդարանական հանձնաժողովների այս համատեղ նիստը եւս հետաքրքիր մտքերի ու հիմնավորված առաջարկների ամփոփումներ կգտնի քննարկման ենթակա օրակարգային հարցերից յուրաքանչյուրի կապակցությամբ՝ դրանք երաշխավորելով հետագա օրենսդրական կարգավորման։ Նկատի առնելով, որ առաջիկա մայիսին նշանակված խորհրդարանական ընտրությունների արդյունքում պետք է ձեւավորվի ԼՂՀ հաջորդ՝  հինգերորդ գումարման Ազգային ժողովը՝ իր նոր պատգամավորական կազմով, ԱԺ նախագահը երկու խորհրդարաններին մաղթեց ձեւավորված ավանդույթների հետագա խորացում, առավել արդյունավետ փոխգործակցություն ու նոր հաջողություններ։

 Խոսքի ավարտին ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալություն եւ բարեմաղթանքներ հղեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ այդ միջոցառումը կարեւորելու եւ նման ներկայացուցչական պատվիրակության կազմ երաշխավորելու համար։ «Վստահ եմ, որ այն, ինչ մենք այսօր ներկայացնելու ենք այս դահլիճում, եթե ոչ անմիջական լուծումների, ապա գոնե մտորումների տեղիք է տալու, որպեսզի մենք մեր հաջորդ հանդիպումներին անդրադառնանք դրանց»։

 Համաձայն օրակարգի՝ համատեղ նիստում թեմատիկ զեկուցումներով  ու ելույթներով հանդես եկան ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Մկրտիչ Մինասյանը եւ հանձնաժողովի անդամ Արմեն Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ  նույն հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, նույն հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը եւ  հանձնաժողովի փորձագետ Մարինե Հակոբյանը, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադեւոսյանը։ Այնուհետեւ հիմնական զեկուցողները պատասխանեցին ներկաների հարցերին՝ հանդես գալով  լրացուցիչ պարզաբանումներով։

 Համատեղ նիստն ավարտվեց աշխատանքային օրվա վերջին՝ քննարկումների ընթացքում հնչած առաջարկությունների ու հետեւությունների ամփոփմամբ։

Մարտի 2-ին ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները եղան մշակութային, կրթական եւ այլ օջախներում, հանդիպեցին հանրության ներկայացուցիչների հետ։ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մկրտիչ Մինասյանը, մասնավորապես, այցելեց մանկական հիվանդանոց, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ պատգամավոր Գագիկ Մելիքյանը հանդիպումներ ունեցան սոցապ նախարարությունում, իսկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները՝ Ասկերանի միջնակարգ դպրոցում։

Վերջում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները   եղան ԼՂ մարտական ստորաբաժանումներից մեկում, զրուցեցին հրամանատարական կազմի եւ զինծառայողների հետ, որից հետո վերադարձան Երեւան։
 


01.03.2010
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Մարտի 1-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության դեսպան Իվան Եսթրաբին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ պարոն Վոյցեկ Ֆիլիպի գլխավորած...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am