National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.3.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
09.03.2010
Ավագ դպրոցի հիմնախնդիրները խորհրդարանի ուշադրության կենտրոնում
1 / 8

Մարտի 9-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` հասարակությանը հուզող մի խնդրով, որը վերնագրվել էր «Ավագ դպրոցի ներդրման եւ միջնակարգ կրթության երրորդ աստիճանի իրացման հետեւանքներն ու առկա հիմնախնդիրները»: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ոլորտի պատասխանատուներ, Հայաստանի տարբեր մարզերի ավագ դպրոցների տնօրեններ եւ ուսուցիչներ:

Բացելով լսումները` ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ խորհրդարանական լսումները կազմակերպվել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ: Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, պարոն Դավթյանը նկատեց, որ կրթությունն իր մեջ պարունակելով խոր պահպանողական  արմատներ` անընդհատ գտնվում է արդիականացման փուլում: Անդրադառնալով խորհրդարանական լսումների` ավագ դպրոցների վերաբերյալ քննարկումներին, նշեց, որ նախորդ տարի ընդունվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, որում նախանշված են այս ոլորտում անելիքները: Նա նշեց, որ առաջացած մի շարք հիմնախնդիրների լուծման կապակցությամբ էլ կազմակերպվել են խորհրդարանական լսումները:

Ողջունելով ներկաներին`  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց.

«Հարգելի գործընկերներ, խորհրդարանական լսումների հարգելի մասնակիցներ

Նախ շնորհավորում եմ բոլոր կանանց գարնանային գեղեցիկ տոնի առիթով, ցանկանում եմ սեր, երջանկություն, առողջություն եւ, ինչու չէ, համբերություն:

Մեզ բոլորիս այսօր համախմբել է ավագ դպրոցի ներդրման եւ միջնակարգ կրթության երրորդ աստիճանի իրականացման հիմնախնդիրների կարգավորման կարեւորությունը: Կրթական ոլորտի բարեփոխումները կարեւոր են ամենքիս համար, քանզի հենց այդ դարբնոցում է կոփվում մեր վաղվա օրը: Հայաստանում միջնակարգ ընդհանուր կրթությունն իրականացվում է եռաստիճան կրթական ծրագրերով` տարրական, միջին եւ ավագ: Վերջինը կրթության որակի ապահովման գլխավոր օղակն է, ասել է թե մասնագիտական կրթության նախաշեմը: Հենց այդ պատճառով էլ մեր կրթության բնագավառի «կա»-ն ու «չկա»-ն ավելի շուտ ու շատ տեսանելի են հենց այս օղակում: Հաշվի առնելով կրթության շահառուների կողմից բարձրացվող հարցադրումները,  հրավիրել ենք ձեզ այս քննարկմանը: Խորհրդարանական լսումների նպատակը քննարկումների միջոցով միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կազմակերպման ձեւերին, դրանց առանձնահատկություններին, առկա հիմնախնդիրներին, քաղաքականության իրականացման ուղղություններին եւ դրանց ուղղված պետական աջակցության հնարավորություններին անդրադառնալն է: Հանրակրթության ոլորտի բարեփոխումների ներկա փուլի հիմնական նպատակը կրթության որակի ապահովումն է: Հիմնարար նախաձեռնություններից մեկը անցումն է 12-ամյա հանրակրթության համակարգին, որի իրականացումը սկսվել է 2006-ին եւ կավարտվի 2012 թվականին: 2009-2010 ուսումնական տարվանից ներդրվել է ավագ դպրոցի ինստիտուտը: Վերջինի կայացման համար հիմք են հանդիսանում Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացվող վարկային ծրագրերը եւ Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիրը: Թեեւ վերջին տարիներին մեր երկիրը մեծ ջանքեր է ներդնում կրթական ոլորտում, այդուհանդերձ դեռ շատ չլուծված ու վիճելի հարցեր կան: Ուզում եմ թվարկել դրանցից մի քանիսը, որոնք, ըստ իս, կարեւոր են հանրակրթության երրորդ աստիճանի կայացման ճանապարհին:

Ավագ դպրոցը, ընդհանուր կրթահամակարգի կարեւոր բաղադրիչը լինելով, կոչված է ապահովել ինքնուրույն կյանքի համար շրջանավարտի պատրաստվածությունը` հանդիսանալով միակ շեմը դեպի մասնագիտական կրթություն: Կրկնուսուցումից հնարավորինս խուսափելու համար օրախնդիր է հանրակրթության երրորդ մակարդակի արդյունավետության բարձրացումը: Անհրաժեշտ է մշակել գործուն մեխանիզմներ դրան հասնելու համար:

Ուզում եմ` ուշադրություն դարձնենք ավագ դպրոցի ուսուցիչների մասնագիտական որակավորմանը, որովհետեւ հենց նրանք են կրթության որակի անմիջական ապահովողները: Պատահական չէ, որ մանկավարժների որակավորման բարձրացումն առաջնային է թե ռազմավարական, թե վարկային ծրագրերում: Այստեղ հարկ է ընդգծել, որ միջազգային օժանդակությունները պետք է ուղղորդվեն արդյունավետ վերապատրաստման ծրագրերին եւ նյութատեխնիկական բազայի բարելավմանը:

Առանձին դպրոցների ավագ դասարաններում սովորողների սակավաթվության պատճառով չի ապահովվում կրթական ծրագրերի բազմազանություն: Ուսումնական պլանը պետք է լինի ճկուն եւ հնարավորություն տա ստանալ մասնագիտական կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ գիտելիքներ ըստ նախասիրությունների:

Մեկ սովորողի հաշվով հանրակրթության բոլոր մակարդակներում ֆինանսավորումը նույնն է` չնայած կրթության աստիճանին զուգահեռ ֆինանսական միջոցների պահանջը մեծանում է:

Ավագ դպրոցում կոռուպցիոն ռիսկերը եւս մեծ են:

Ուզում եմ շեշտել, որ հոսքային, միջնակարգ ուսուցումը եւ ավագ դպրոցը պետք է ունենան հստակ խնդիրներ եւ կրթության կազմակերպման ձեւով էական գծերով տարբերվեն. այլապես որքանո՞վ է արդարացված ծրագրերի եւ դպրոցների տարանջատումը, մանավանդ որ այդ անցումների ժամանակ երեխան կրում է նաեւ հոգեբանական ցնցումներ միջավայրի փոփոխության եւ տեղափոխման խնդիրների հետեւանքով:

Անհրաժեշտ եմ համարում հիմնավորապես վերանայել ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարությունը եւ այն համապատասխանեցնել «Հանրակրթության մասին» օրենքի դրույթներին: Ռազմավարության վերանայման ընթացքում հարկ եմ համարում հաշվի առնել “ավագ դպրոցի” ծրագրի իրականացման բոլոր ձեւերը. Ընդհանուր` այդ թվում` հոսքային,  խորացված ու մասնագիտացված, ինչպես նաեւ դրանց իրականացումը արհեստագործական քոլեջային եւ բուհերի հենակետային վարժարանների միջոցով` հիմնական կրթության հիմքի վրա:  Որպես սկզբունք ընդունել միասնական հանրակթական պետական չափորոշիչ սահմանելու մոտեցումը:

Առանձնակի ուշադրություն պետք է դարձվի ավագ դպրոցների եւ հոսքային ուսուցման դասարանների համար մասնագիտացված դասագրքերի, ուսումնա-մեթոդական բազայի ստեղծմանը եւ ուսուցիչների կատարելագործմանը:

Ծրագրի ներդրման աշխատանքների լուսաբանումը եւ հանրության իրազեկումը պետք է լինեն առավել հրապարակային եւ սահմանվի հսկողություն ծրագրի իրականացման արդունավետության նկատմամբ: Վերոնշյալ խնդիրներից կարելի է եզրակացնել, որ ներկայում ավագ դպրոցը դեռ անելիքներ ունի իր հիմնական նպատակի կայացման ուղղությամբ` այն է մասնագիտական կողմնորոշում եւ ուսումնառության հաջողություն: Հատուկ հոգածության կարիք ունեն մարզային հանրակրթարանները:

Այսօրվա լսումների ընթացքում մեր ուշադրության կենտրոնում կլինեն թվարկածս խնդիրների վերաբերյալ ձեր մոտեցումներն ու կարծիքները: Ցանկալի է փաստաթղթային նյութերից բացի լսել նաեւ իրական ցուցանիշներ:

Ուզում եմ հաջողություն մաղթել մեր այսօրվա համատեղ աշխատանքին եւ կոչ անել առավելագույն սրտացավությամբ ու մանրամասնությամբ քննարկել առկա բոլոր խնդիրները: Իսկ ես, որպես ԱԺ նախագահ, իմ լիազորությունների շրջանակներում կփորձեմ անել առավելագույնը այս խնդիրների լուծմանն օժանդակելու համար»:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց ԱԺ ղեկավարությանը` լսումների կազմակերպման համար եւ նշեց, որ վերջերս  ներդրված ավագ դպրոցների համակարգում առկա են բազում խնդիրներ, որոնք  դժվար լուծելի են թվում, թեեւ ավագ դպրոցների կայացումն ու բարեփոխումն այլեւս այլընտրանք չունի: ԿԳ նախարարը  ոլորտում առանձնացրեց երեք հիմնական հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են ավագ դպրոցների ֆինանսավորմանը,  դասագրքերին, ուսուցիչների որակավորման գործընթացին եւ դպրոցների  ղեկավարմանը:

«Առանձնացված ավագ դպրոցների ներդրման գործընթացի հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով ելույթ ունեցավ ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, նշելով, որ համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, կրթական հաստատություններն  ըստ իրենց իմաստի եւ նշանակության կարող են լինել  տարբեր տեսակի: Նշվեց, որ արդեն օրենքով շրջանառության մեջ է դրվել առանձնացված  ավագ դպրոց հասկացությունը: Այլ կերպ` դա  կրթական հաստատություն է, որն իրականացնում է երրորդ աստիճանի հանրակրթական ծրագիրը 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարաններում: Ավագ դպրոցները հանրապետությունում փորձարարական սկզբունքով սկսել են գործել 2008 թվականից: Նախատեսվում է հանրապետությունում ունենալ 150 ավագ դպրոց. այսօր արդեն գործում են 48 ավագ դպրոցներ մայրաքաղաքում եւ հանրապետության մարզերում, որոնցից մեկը գործում է Վարդենիկ գյուղում:

Պարոն Մկրտչյանը նկատեց, որ հասարակությունն այսօր  ամբողջովին տեղյակ չէ ավագ դպրոցների ստեղծման գաղափարին, բացի այդ`  բազմաթիվ ծնողներ անհարկի են համարում առանձնացված ավագ դպրոց գաղափարը, կարծելով, թե դպրոցի փոփոխությունը բացասաբար կանդրադառնա երեխաների հոգեվիճակի վրա:  Պարոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ ավագ դպրոցներում ստեղծվում են 7-8 հոսքեր, թեեւ փոխնախարարը կարծում է, որ առավել նպաստավոր կարող է լինել 1-2 հոսքի առկայությունը եւ համապատասխանաբար` 3-4 ավագ դպրոցի ստեղծումը մայրաքաղաքում:

«Հանրակրթական ծրագրերի երրորդ աստիճանի իրականացումը մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում» թեմայով ելույթ ունեցավ ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Սամվել Պիպոյանը: Ըստ նրա, գործող 110 արհեստագործական ուսումնարաններում եւ միջին մասնագիտական քոլեջներում իրականացվում են ավագ դպրոցների գործառույթներ, որոնք ապահովում են ծրագրերի 50-80 տոկոսը: Այսինքն` ավագ դպրոցների ծրագրով նախատեսված  գիտելիքները այդ հաստատություններում լիարժեք չեն տրվում:

«Ոչ պետական կազմակերպությունների մասնակցությունը միջնակարգ կրթության որակի ապահովման գործում» թեմայով ելույթում ՀՀ ԿԳՆ կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանն առավելապես խոսեց ներդրված համակարգում արձանագրված ձեռքբերումներից: Ըստ նրա` ավագ դպրոցը կօգնի երեխաներին մասնագիտական կողմնորոշման հարցում, կնվազեցնի կրկնուսույցների մոտ պարապելու անհրաժեշտությունը: Տիկին Հարությունյանը տեղեկացրեց, որ գործող 48 ավագ դպրոցներից 20 հիմնանորոգվել է, դպրոցները հագեցվել են նյութատեխնիկական բազայով, վերապատրաստվել են ուսուցիչները:

Այս ամենը կատարվել է եւ բյուջետային, եւ Համաշխարհային բանկից ստացված միջոցների հաշվին: Տպագրվել եւ տպագրվում են դասագրքերը: Ի դեպ նշենք, որ այս տարի նախատեսվում է ավարտել դասագրքերի տպագրումը. այս մասին տեղեկացրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եզրափակիչ ելույթում:

Քննարկվող հարցի կապակցությամբ իրենց տեսակետները ներկայացրին ոլորտի ներկայացուցիչները եւ մասնակիցները: Նշելով համակարգի ներդրման դրական կողմերը, ելույթ ունեցողներն անդրադարձան նաեւ թերություններին եւ հիմնախնդիրներին: Իսկ դրանք շատ էին. տարածքի սակավություն կամ բացակայություն, ֆինանսական միջոցների սղություն, անճշտություններ կամ հակասություններ տպագրված դասագրքերում, դպրոցների բավականաչափ հեռավորություն բնակավայրից, ուսումնական պլանի հետ կապված խնդիրներ, աշակերտների թվով ֆինանսավորման հետ կապված խնդիրներ եւ այլն:

Խնդրով հետաքրքրված էր նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ներկայացուցիչը, ով իր ելույթում առաջարկեց վերանայել ավագ դպրոցում դասավանդվող առարկաների թեմատիկ ցանկը եւ ուղղել բացթողումները: Ըստ նրա` դրանցում բացակայում են ազգ, հայրենիք, հայրենասիրություն, պետականություն եւ այլ վեհ արժեքներ սերմանող նյութերը:

Եզրափակիչ ելույթում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ հնչած բոլոր մտահոգություններին եւ տվեց սպառիչ պատասխաններ:

Ամփոփելով քննարկումը` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ շահագրգիռ բոլոր մասնակիցներին արդյունավետ քննարկման համար, նշեց, որ հանձնաժողովն ի մի կբերի բոլոր առաջարկները եւ կձեռնարկի համապատասխան քայլեր:
 


09.03.2010
Հայաստան կժամանի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը
Մարտի 10-ի երեկոյան Հայաստան կժամանի ԵԱՀԿ    Խորհրդարանական վեհաժողովի նախագահ  Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը: Նախատեսված են հանդիպումներ  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պ...

09.03.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց կին պատգամավորներին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 8-ի`  Կանանց տոնի կապակցությամբ շնորհավորեց կին գործընկերներին: Ազգային ժողովի  նախագահը արժեւորեց  հայ կնոջ դերը հայ ընտանիքի ամրության, մեր ժողովրդի ձեռքբերումների ու ազգապահպանման գործում: Պարոն Աբրահամյանը գարնանային գեղեցիկ տոնի առիթով մաղթեց...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am