National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.3.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.03.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարի բացման ժամանակ
1 / 1

Հարգարժան  պատգամավորներ,
Տիկնայք եւ պարոնայք,
Հարգելի հյուրեր,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ  ձեզ` Ռոուզ-Ռոթ սեմինարի մասնակիցներիդ, ովքեր մեր երկիր են ժամանել հետաքրքիր ու շահագրգիռ քննարկումներ անցկացնելու համար: Համոզված եմ, ձեզ կընձեռնվի նաեւ Հայաստանին ծանոթանալու լավ  հնարավորություն:

Հայաստանի Հանրապետությունը, հետեւողականորեն շարունակելով ժողովրդավարական ինստիտուտների եւ քաղաքացիական հասարակության կայացման քաղաքականությունը, եվրոպական չափանիշներին դրանց համապատասխանեցմանն ուղղված բարեփոխումներն ու ծրագրերը,  մշտապես կարեւորել է երկրի լիարժեք ինտեգրումը եվրոպական կառույցներին ու հաստատություններին:

Հայաստանը հետամուտ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ակտիվ եւ արդյունավետ հարաբերությունների զարգացմանը: Այդ նպատակով դեռեւս 1994  թվականին մեր երկիրը ներգրավվեց «Գործընկերություն հանուն խաղաղության»  ծրագրում: Դրան հետեւեց ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի մշակումը, որտեղ ներառված են այնպիսի հարցեր, ինչպիսիք են` համագործակցության խորացումը եվրաատլանտյան կառույցների հետ, հարաբերությունները հարեւանների հետ, ժողովրդավարության ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի  եւ ահաբեկչության դեմ  պայքարը, զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությունը եւ այլն:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանձնառու է մեր երկրի օրենսդրությունը եվրոպական եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված  օրենսդրական բարեփոխումների գործընթացի իրականացմանը:

Ցանկանում եմ ընդգծել այն հանգամանքը, որ  Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր ես որդեգրել եմ խորհրդարանը բաց ու թափանցիկ հրապարակային քննարկումների ամբիոն  դարձնելու քաղաքականություն: Ես մշտապես հրավիրել ու հրավիրում եմ քաղաքական բոլոր ուժերին` իրենց հուզող հարցերը բարձրաձայնել Ազգային ժողովի բարձր ամբիոնից:

Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում կետեր են ներառված նաեւ խորհրդարանի վերաբերյալ: Դրանք են` օպտիմալացնել օրենսդրության դերը պաշտպանական գործունեության վերահսկման գործում, քայլեր կատարել պատգամավորների եւ նրանց աշխատակազմերի կողմից պաշտպանական գործունեության վերահսկման հատուկ կրթական եւ ուսումնական ծրագրերի ընդլայնման ուղղությամբ, ընդունել անհրաժեշտ օրենքներ:

 Խորհրդարանը շարունակում է զարգացնել պաշտպանության ոլորտի արդյունավետ եւ թափանցիկ օրենսդրական վերահսկողությունը` ընդլայնելով պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների դերակատարությունը պաշտպանական գործունեության վերահսկման գործում:

Շարունակվում է օրենսդրական դաշտում պաշտպանական անվտանգությանն առնչվող նախագծերի ընդունման գործընթացը:

«Քաղաքացիական ծառայողի ինստիտուտի  ներդրումը պաշտպանական ոլորտում» եւ «Պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները» օրինագծերը հնարավորություն են ընձեռում իրականացնել զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողություն: Այս օրինագծերի ընդունման հետ կապված` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային քննարկումներ է կազմակերպում պաշտպանության նախարարության ներկայացուցիչների եւ համապատասխան մասնագետների հետ:

Հայաստանի Հանրապետությունն արդեն ընդունել է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքը, որը սահմանում է Հայաստանում ահաբեկչության դեմ պայքարի իրավակազմակերպական հիմքերը, կարգավորում է ահաբեկչության դեմ պայքարի իրականացման հետ կապված հարաբերությունները:

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օրենսդրական կարգավորմանն ուղղված կարեւորագույն իրավական ակտերից է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը: Հայաստանը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, դրանց գործողությունների հետեւանքների կառավարման ոլորտներում: Հիմնվելով այս բնագավառում ՆԱՏՕ-ի հետ առկա համագործակցության վրա` Հայաստանը պատրաստ է առավել ակտիվ կերպով ընդգրկվել համապատասխան ծրագրերում եւ միջոցառումներում: 
  
Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի  շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններից է նաեւ հասարակության իրազեկվածությունը պաշտպանական անվտանգության համակարգերում իրականացվելիք բարեփոխումների վերաբերյալ:  Դրա ապացույցներից է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կազմված «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը», որը բազմիցս ներկայացվել է հասարակության լայն շրջանակներին, Ազգային ժողովի քննարկմանը: Խորհրդարանը ներկայացրել է առաջարկություններ եւ դիտողություններ, որոնք քննարկվել եւ ընդունվել են միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: 
  
Հայաստանը, հավատարիմ մնալով իր պարտավորություններին, մեծապես կարեւորում է մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ առաքելություններին: 
  
2009թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է  «2009 թվականի հոկտեմբերի 19-ին եւ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված` Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված` Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ ֆինանսական հարցերի կարգավորման վերաբերյալ նամակների փոխանակմամբ կնքվող» համաձայնագիրը: Հայկական զորախումբն արդեն Աֆղանստանում է եւ գերմանական զորախմբի կազմում ծառայություն է իրականացնում Կունդուզի օդանավակայանում:

Ի դեպ, անցած երեք շաբաթների ընթացքում Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի ղեկավարությունն ու անձնակազմն արժանացել են գերմանական հրամանատարության բարձր գնահատանքին` սեփական նախաձեռնությամբ օդանավակայանի տարածքում իրականացված լրացուցիչ անվտանգության միջոցառումներում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար: 
  
Այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ արդեն մի քանի տարի   հայկական զորախումբը միջազգային ուժերի կազմում խաղաղապահ առաքելություն է իրականացնում նաեւ  Կոսովոյում: Հիշեցնեմ, որ հայ խաղաղապահները հաջողությամբ իրենց առաքելությունն են իրականացրել նաեւ Իրաքում:

Վերջերս Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը, որն իրականացնում էր Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ հերթական գնահատումը: Նիստին մասնակցում էր նաեւ մեր խորհրդարանի պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի  ասոցիացված պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը: Նախնական տվյալների համաձայն` գնահատումը դրական է եղել:

ՀՀ Ազգային ժողովի համագործակցությունը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հետ սկիզբ է առել դեռ 2002 թվականի մայիսին, երբ Հայաստան այցելեց ՆԱՏՕ-ի  խորհրդարանական վեհաժողովի այն ժամանակվա նախագահ Ռաֆայել Էստրելյայի ղեկավարած պատվիրակությունը եւ ՀՀ Ազգային ժողովին առաջարկեց դառնալ վեհաժողովի դիտորդ: Նույն թվականի նոյեմբերին վեհաժողովի տարեկան նստաշրջանում ՀՀ ԱԺ-ին շնորհվեց ասոցիացված անդամի կարգավիճակ: Այդ ժամանակվանից ի վեր մեր խորհրդարանն ակտիվորեն մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, Հայաստան են այցելել վեհաժողովի հանձնաժողովների պատվիրակություններ, ներկայացվել են զեկույցներ Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ: Իր հերթին ՀՀ ԱԺ պատվիրակությունը նախապատրաստել ու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ներկայացրել է զեկույց` «Հայացք ՆԱՏՕ-ին. Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան» թեմայով:

2005 թվականի հոկտեմբերին Երեւանում առաջին անգամ անցկացվեց Ռոուզ-Ռոթ սեմինարը: Այդ սեմինարներն ի սկզբանե նախատեսված են եղել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների համար: Ռոուզ-Ռոթ նախաձեռնության  գլխավոր նպատակը վերոնշյալ երկրներում խորհրդարանական ժողովրդավարության ամրապնդումն է` ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովն օգտագործելով որպես միջխորհրդարանական համագործակցության եւ աջակցության միջոց: Այդ սեմինարներից շատերն ուղղակի կամ անուղղակի կերպով նվիրված են ռազմաքաղաքացիական հարաբերությունների եւ, մասնավորապես, զինված ուժերի  ժողովրդավարական  վերահսկողության սկզբունքի ընդհանուր թեմային:

Այսօրվա երեւանյան սեմինարի թեման նվիրված է Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումներին, թեմա, որն արդիական ու հրատապ է մեզ բոլորիս համար:

 Կովկասը մշտապես եղել է քաղաքակրթությունների, կրոնների եւ աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկ, որն այսօր վերստին հաստատել է իր միջազգային կարեւորությունը որպես հաղորդակցության միջանցք, էներգետիկ ռեսուրսների արտահանման ու տարանցման կարեւոր ուղի: Հայաստանը հաստատապես հավատում է ազատության, խաղաղության ու համագործակցության արժեքներին եւ համոզված է, որ տարածաշրջանային հակամարտությունների եւ բաժանարար գծերի հաղթահարմանը մեծապես կարող են նպաստել տարածաշրջանային համագործակցության ու երկխոսության զարգացումը, ընդհանուր շահերի ու մտահոգությունների վրա հիմնված փոխադարձ շահավետ լուծումների առաջադրումը, ինչը բոլոր կողմերից կպահանջի միասնական ջանքերի գործադրում ու քաղաքական կամքի դրսեւորում:

Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա մեր համոզմունքն է, որ խնդրի կարգավորումը պետք է հիմնվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ իրականացման վրա` միջազգային իրավունքի սկզբունքներին  ու նորմերին  համապատասխան: Մանավանդ որ, հիշեցնենք, 2009 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում ընդունվել է  «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» բանաձեւը, որի համահեղինակ երկրների թվում են նաեւ Հայաստանը եւ Ադրբեջանը: Բանաձեւը վերահաստատում է ազգերի ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը եւ կոչ անում հատուկ ուշադրություն դարձնել դրա ոտնահարման դեպքերին:

Տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը կնպաստի նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, որը մենք դիտարկում ենք առանց նախապայմանների, փոխշահավետ համագործակցության հաստատման համատեքստում, ինչն արտացոլված է դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում, որոնք ներկայումս սպասում են երկու երկրների խորհրդարանների վավերացմանը: Կրկին ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի խորհրդարանը ձեռնամուխ կլինի հիշյալ արձանագրությունների վավերացմանն այն ժամանակ, երբ այդ փաստաթղթերը կքննարկվեն եւ կվավերացվեն Թուրքիայի Մեծ ժողովի կողմից:

Համոզված  եմ, որ առաջիկա երկուսուկես օրվա ընթացքում մենք ականատես կլինենք սեմինարի օրակարգում ներառված տարաբնույթ հարցերի վերաբերյալ  բազում հետաքրքիր քննարկումների:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել բոլորիդ հայոց հողի վրա եւ մաղթել բեղմնավոր ու հետաքրքիր աշխատանք:


11.03.2010
Երեւանում աշխատանքները սկսեց ՆԱՏՕ ԽՎ Ռոուզ-Ռոթ 73-րդ սեմինարը
Մարտի 11-ին Երեւանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում  ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ աշխատանքները սկսեց  Ռոուզ-Ռոութ 73-րդ սեմինարը «Տարածաշրջանային զարգացումները Հարավային  Կովկասում. մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով:Սեմինարը վար...

11.03.2010
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ նախագահին
Մարտի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ    նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնը, ԵԱՀԿ ԽՎ նախագահի խորհրդական Հեյտոր Ռոմանան եւ պաշտոնատար այլ անձինք: ...

11.03.2010
Երեւան է ժամանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը
Մարտի 10-ի երեկոյան Երեւան է ժամանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am