National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.3.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.03.2010
Երեւանում աշխատանքները սկսեց ՆԱՏՕ ԽՎ Ռոուզ-Ռոթ 73-րդ սեմինարը
1 / 6

Մարտի 11-ին Երեւանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում  ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ աշխատանքները սկսեց  Ռոուզ-Ռոութ 73-րդ սեմինարը «Տարածաշրջանային զարգացումները Հարավային  Կովկասում. մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով:

Սեմինարը վարում էր ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը: Նա տեղեկացրեց, որ քննարկումներին մասնակցում են  խորհրդարանականներ    16 երկրներց:

Սեմինարը բացեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Հարգարժան  պատգամավորներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Հարգելի հյուրեր,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ  ձեզ` Ռոուզ-Ռոթ սեմինարի մասնակիցներիդ, ովքեր մեր երկիր են ժամանել հետաքրքիր ու շահագրգիռ քննարկումներ անցկացնելու համար: Համոզված եմ, կընձեռնվի նաեւ Հայաստանին ծանոթանալու լավ  հնարավորություն:

 Հայաստանի Հանրապետությունը, հետեւողականորեն շարունակելով ժողովրդավարական ինստիտուտների եւ քաղաքացիական հասարակության կայացման քաղաքականությունը, եվրոպական չափանիշներին դրանց համապատասխանեցմանն ուղղված բարեփոխումներն ու ծրագրերը,  մշտապես կարեւորել է երկրի լիարժեք ինտեգրումը եվրոպական կառույցներին ու հաստատություններին:

 Հայաստանը հետամուտ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ակտիվ եւ արդյունավետ հարաբերությունների զարգացմանը: Այդ նպատակով դեռեւս 1994  թվականին մեր երկիրը ներգրավվեց «Գործընկերություն հանուն խաղաղության»  ծրագրում: Դրան հետեւեց ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի մշակումը, որտեղ ներառված են այնպիսի հարցեր, ինչպիսիք են` համագործակցության խորացումը եվրաատլանտյան կառույցների հետ, հարաբերությունները հարեւանների հետ, ժողովրդավարության ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի  եւ ահաբեկչության դեմ  պայքարը, զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությունը եւ այլն:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանձնառու է մեր երկրի օրենսդրությունը եվրոպական եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված  օրենսդրական բարեփոխումների գործընթացի իրականացմանը:

Ցանկանում եմ ընդգծել այն հանգամանքը, որ  Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր ես որդեգրել եմ խորհրդարանը բաց ու թափանցիկ հրապարակային քննարկումների ամբիոն  դարձնելու քաղաքականություն: Ես մշտապես հրավիրել ու հրավիրում եմ քաղաքական բոլոր ուժերին` իրենց հուզող հարցերը բարձրաձայնել Ազգային ժողովի բարձր ամբիոնից:

Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում կետեր են ներառված նաեւ խորհրդարանի վերաբերյալ: Դրանք են` օպտիմալացնել օրենսդրության դերը պաշտպանական գործունեության վերահսկման գործում, քայլեր կատարել պատգամավորների եւ նրանց աշխատակազմերի կողմից պաշտպանական գործունեության վերահսկման հատուկ կրթական եւ ուսումնական ծրագրերի ընդլայնման ուղղությամբ, ընդունել անհրաժեշտ օրենքներ:

 Խորհրդարանը շարունակում է զարգացնել պաշտպանության ոլորտի արդյունավետ եւ թափանցիկ օրենսդրական վերահսկողությունը` ընդլայնելով պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների դերակատարությունը պաշտպանական գործունեության վերահսկման գործում:

Շարունակվում է օրենսդրական դաշտում պաշտպանական անվտանգությանն առնչվող նախագծերի ընդունման գործընթացը:

«Քաղաքացիական ծառայողի ինստիտուտի  ներդրումը պաշտպանական ոլորտում» եւ «Պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները» օրինագծերը հնարավորություն են ընձեռում իրականացնել զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողություն: Այս օրինագծերի ընդունման հետ կապված` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային քննարկումներ է կազմակերպում պաշտպանության նախարարության ներկայացուցիչների եւ համապատասխան մասնագետների հետ:

Հայաստանի Հանրապետությունն արդեն ընդունել է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքը, որը սահմանում է Հայաստանում ահաբեկչության դեմ պայքարի իրավակազմակերպական հիմքերը, կարգավորում է ահաբեկչության դեմ պայքարի իրականացման հետ կապված հարաբերությունները:

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օրենսդրական կարգավորմանն ուղղված կարեւորագույն իրավական ակտերից է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը: Հայաստանը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, դրանց գործողությունների հետեւանքների կառավարման ոլորտներում: Հիմնվելով այս բնագավառում ՆԱՏՕ-ի հետ առկա համագործակցության վրա` Հայաստանը պատրաստ է առավել ակտիվ կերպով ընդգրկվել համապատասխան ծրագրերում եւ միջոցառումներում:

Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի  շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններից է նաեւ հասարակության իրազեկվածությունը պաշտպանական անվտանգության համակարգերում իրականացվելիք բարեփոխումների վերաբերյալ:  Դրա ապացույցներից է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կազմված «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը», որը բազմիցս ներկայացվել է հասարակության լայն շրջանակներին, Ազգային ժողովի քննարկմանը: Խորհրդարանը ներկայացրել է առաջարկություններ եւ դիտողություններ, որոնք քննարկվել եւ ընդունվել են միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:

Հայաստանը, հավատարիմ մնալով իր պարտավորություններին, մեծապես կարեւորում է մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ առաքելություններին:

2009թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է  «2009 թվականի հոկտեմբերի 19-ին եւ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված` Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված` Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ ֆինանսական հարցերի կարգավորման վերաբերյալ նամակների փոխանակմամբ կնքվող» համաձայնագիրը: Հայկական զորախումբն արդեն Աֆղանստանում է եւ գերմանական զորախմբի կազմում ծառայություն է իրականացնում Կունդուզի օդանավակայանում:

Ի դեպ, անցած երեք շաբաթների ընթացքում Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի ղեկավարությունն ու անձնակազմն արժանացել են գերմանական հրամանատարության բարձր գնահատանքին` սեփական նախաձեռնությամբ օդանավակայանի տարածքում իրականացված լրացուցիչ անվտանգության միջոցառումներում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար:

Այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ արդեն մի քանի տարի   հայկական զորախումբը միջազգային ուժերի կազմում խաղաղապահ առաքելություն է իրականացնում նաեւ  Կոսովոյում: Հիշեցնեմ, որ հայ խաղաղապահները հաջողությամբ իրենց առաքելությունն են իրականացրել նաեւ Իրաքում:

Վերջերս Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը, որն իրականացնում էր Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ հերթական գնահատումը: Նիստին մասնակցում էր նաեւ մեր խորհրդարանի պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի  ասոցիացված պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը: Նախնական տվյալների համաձայն` գնահատումը դրական է եղել:

       ՀՀ Ազգային ժողովի համագործակցությունը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հետ սկիզբ է առել դեռ 2002 թվականի մայիսին, երբ Հայաստան այցելեց ՆԱՏՕ-ի  խորհրդարանական վեհաժողովի այն ժամանակվա նախագահ Ռաֆայել Էստրելյայի ղեկավարած պատվիրակությունը եւ ՀՀ Ազգային ժողովին առաջարկեց դառնալ վեհաժողովի դիտորդ: Նույն թվականի նոյեմբերին վեհաժողովի տարեկան նստաշրջանում ՀՀ ԱԺ-ին շնորհվեց ասոցիացված անդամի կարգավիճակ: Այդ ժամանակվանից ի վեր մեր խորհրդարանն ակտիվորեն մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, Հայաստան են այցելել վեհաժողովի հանձնաժողովների պատվիրակություններ, ներկայացվել են զեկույցներ Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ: Իր հերթին ՀՀ ԱԺ պատվիրակությունը նախապատրաստել ու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ներկայացրել է զեկույց` «Հայացք ՆԱՏՕ-ին. Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան» թեմայով:

2005 թվականի հոկտեմբերին Երեւանում առաջին անգամ անցկացվեց Ռոուզ-Ռոթ սեմինարը: Այդ սեմինարներն ի սկզբանե նախատեսված են եղել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների համար: Ռոուզ-Ռոթ նախաձեռնության  գլխավոր նպատակը վերոնշյալ երկրներում խորհրդարանական ժողովրդավարության ամրապնդումն է` ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովն օգտագործելով որպես միջխորհրդարանական համագործակցության եւ աջակցության միջոց: Այդ սեմինարներից շատերն ուղղակի կամ անուղղակի կերպով նվիրված են ռազմաքաղաքացիական հարաբերությունների եւ, մասնավորապես, զինված ուժերի  ժողովրդավարական  վերահսկողության սկզբունքի ընդհանուր թեմային:

Այսօրվա երեւանյան սեմինարի թեման նվիրված է Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումներին, թեմա, որն արդիական ու հրատապ է մեզ բոլորիս համար:

Կովկասը մշտապես եղել է քաղաքակրթությունների, կրոնների եւ աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկ, որն այսօր վերստին հաստատել է իր միջազգային կարեւորությունը որպես հաղորդակցության միջանցք, էներգետիկ ռեսուրսների արտահանման ու տարանցման կարեւոր ուղի: Հայաստանը հաստատապես հավատում է ազատության, խաղաղության ու համագործակցության արժեքներին եւ համոզված է, որ տարածաշրջանային հակամարտությունների եւ բաժանարար գծերի հաղթահարմանը մեծապես կարող են նպաստել տարածաշրջանային համագործակցության ու երկխոսության զարգացումը, ընդհանուր շահերի ու մտահոգությունների վրա հիմնված փոխադարձ շահավետ լուծումների առաջադրումը, ինչը բոլոր կողմերից կպահանջի միասնական ջանքերի գործադրում ու քաղաքական կամքի դրսեւորում:

Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա մեր համոզմունքն է, որ խնդրի կարգավորումը պետք է հիմնվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ իրականացման վրա` միջազգային իրավունքի սկզբունքներին  ու նորմերին  համապատասխան: Մանավանդ որ, հիշեցնենք, 2009 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում ընդունվել է  «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» բանաձեւը, որի համահեղինակ երկրների թվում են նաեւ Հայաստանը եւ Ադրբեջանը: Բանաձեւը վերահաստատում է ազգերի ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը եւ կոչ անում հատուկ ուշադրություն դարձնել դրա ոտնահարման դեպքերին:

Տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը կնպաստի նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, որը մենք դիտարկում ենք առանց նախապայմանների, փոխշահավետ համագործակցության հաստատման համատեքստում, ինչն արտացոլված է դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում, որոնք ներկայումս սպասում են երկու երկրների խորհրդարանների վավերացմանը: Կրկին ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի խորհրդարանը ձեռնամուխ կլինի հիշյալ արձանագրությունների վավերացմանն այն ժամանակ, երբ այդ փաստաթղթերը կքննարկվեն եւ կվավերացվեն Թուրքիայի Մեծ ժողովի կողմից:

Համոզված  եմ, որ առաջիկա երկուսուկես օրվա ընթացքում մենք ականատես կլինենք սեմինարի օրակարգում ներառված տարաբնույթ հարցերի վերաբերյալ  բազում հետաքրքիր քննարկումների:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել բոլորիդ հայոց հողի վրա եւ մաղթել բեղմնավոր ու հետաքրքիր աշխատանք»:

Բացման խոսքով հանդես եկավ նաեւ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նախկին նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ Լոիկ Բուվարը: Շնորհակալություն հայտնելով սեմինարը կազմակերպելու կապակցությամբ` բանախոսը նշեց, որն այն երկրորդ անգամ է անցկացվում Հայաստանում: Նա նաեւ տեղեկացրեց, որ սեմինարը անվանվել է ի պատիվ Ռոուզի եւ Ռոութի, որոնք կարողացել են Կոնգրեսին համոզել ֆինանսավորելու այս քննարկումները 90-ական թվականներից ի վեր: Իսկ այս քննարկումները, պրն. Բուվարի համոզմամբ, լավ հարթակ են անվտանգության հարցերի մասին բարձրաձայնելու համար: ԽՎ-ի նախկին նախագահը խոսեց Հայաստանի ունեցած տարածաշրջանային դերակատարության մասին: Նա նկատեց, որ տարածաշրջանի հակամարտությունները խոչընդոտում են երեք երկրների զարգացմանը, եւ հրատապ է դարձել փակուղուց դուրս գալը:  Նա ընդգծեց, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ն միշտ հակադրվել է խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու մոտեցմանը եւ, ընդհակառակը, ոգեւորվել հարաբերությունները կարգավորելուն եւ խաղաղությանն ուղղված քայլերով: Այս տեսանկյունից նա կարեւոր համարեց Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունների ջանքերը բնականոն հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Պարոն Բուվարն այն կարծիքին է, որ, անցյալը չմոռանալով, հարկավոր է առաջ նայել:  Իր ելույթում նա եւս մեկ անգամ ընդգծեց Հայաստանի հետ համագործակցության նշանակությունը` նկատելով, որ մեր երկիրը հարեւան Վրաստանի նման չի  ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:

Ելույթ ունեցավ նաեւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ կովկասյան տարածաշրջանում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծում կարող են ստանալ միայն կայունության եւ խաղաղ բանակցությունների պայմաններում: Հայաստանը, Հանրապետության Նախագահի գլխավորությամբ, տարածաշրջանում ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն է վարում` Թուրքիայի հետ հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու եւ խաղաղ, բանակցային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու նպատակով: Հայաստանը շոշափելի առաջընթաց է արձանագրել նաեւ եվրոպական կառույցների եւ ՆԱՏՕ-ի հետ  համագործակցության ամրապնդման առումով. բազմաթիվ բարեփոխումներ են կատարվել եւ շարունակվում է ռազմավարության վերանայումը պաշտպանության ոլորտում, որտեղ իրենց ներդրումնն ունեն նաեւ ՆԱՏՕ-ի փորձագետները: Հայաստանը հավատարիմ է իր ստանձնած միջազգային պարտավորություններին եւ շատ լավ հասկանում է, որ բարեփոխումների շարունակականությունը կբերի կայունացման, փոխադարձ վստահության հաստատման ու խաղաղության ամրապնդման:

Ելույթով  հանդես եկավ  ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: Նա նախ անդրադարձավ Հայաստանի հինավուրց պատմությանը եւ աշխարհագրական դիրքին` համարելով մեր երկիրը եվրասիական խաչմերուկ: Պրն. Լենմարկերը խոսեց նաեւ տարածաշրջանային երեք երկրների անկախացման մասին` ասելով, որ այն շրջադարձային էր եւ երկրներին ընձեռեց սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորություն: Գորան Լենմարկերը խոսեց ԼՂ հակամարտության մասին: Նա նշեց, որ հարցի  լուծումը հնարավոր է, եւ որ հակամարտութան սառեցման մասին տեսակետներն ապակողմնորոշիչ են: Նրա կարծիքով` քանի դեռ շփման գոտում տարեկան 20-30 զոհ է գրանցվում, չի կարելի խոսել սառեցված հակամարտության մասին: ԼՂ հարցով հատուկ զեկուցողը վերահաստատեց հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում որոնելու դիրքրոշումը` նշելով, որ ՄԱԿ-ը կամ ԵԽ-ն չեն կարող լինել խնդրի կարգավորման հարթակ: Նրա պատկերացմամբ` խնդրի խաղաղ լուծում նշանակում է լուծում երկկողմ համաձայնությամբ, ինչի ուղղությամբ էլ պետք է աշխատի Մինսկի խումբը: Նրա խոսքերով` լուծումը պետք է ապահովի Հայաստանի ու հայերի անվտանգությունը, եւ դա  պետք է հասկանան ադրբեջանական կողմում: Հայաստանն էլ իր հերթին, Լենմարկերի տեսակետով, պետք է հասկանա Ադրբեջանում տիրող տրամադրրությունները. այնտեղ ունեն պարտվողի, զոհի, անարդարության զգացողություն: Գորան Լենմարկերը լավատես է եւ կարծում է, որ համատեղ պատմություն ունեցող երկու երկրներին կհաջողվի լուծում գտնել, հատկապես որ հակամարտությունը ծագել է ոչ ժողովուդների բախումից, այլ ավելի շուտ` ԽՍՀՄ փլուզման հետեւանքով: Բանախոսը տեսակետ հայտնեց, որ համակարտությունը չպետք է  շահարկել ատելություն եւ թշնամություն սերմանելու համար: «Սա հատկապես Ադրբեջանին է վերաբերում»-, ասաց զեկուցողը` ընդգծելով լրատվամիջոցների դերակատարությունը այս քարոզարշավում: Լենմարկերը տեղեկացրեց, որ այսօր կա հակամարտության լուծում` այն էլ մանրամասնված: «Խնդիրը հիմա քաղաքական մակարդակում է»-, ասաց նա` հավելելով, որ հայկական կողմում առկա է հարցը լուծելու կամք: Նա զուգահեռ տարավ հայ-ադրբեջանական եւ Շվեդիա- Ֆինլանդիա հակամարտությունների միջեւ, երբ շվեդներով բնակեցված եւ ինքնորոշված շվեդական հողերն անցան Ֆինլանդիայի տիրապետության տակ: «Բայց նրանք հավասարապես այսօր «օգտվում են» եւ Շվեդիայից եւ Ֆինլանդիայից, որովհետեւ ունենք բաց սահմաններ»,-ասաց Լենմարկերը: Բանախոսը հասարակությանը կոչ արեց սատարել իշխանություններին հանգուցալուծման հասնելու հարցում: Վերջում նա նշեց, որ խնդիրը պահանջում է շուտափույթ կարգավորում:

 Հայ-թուրքական հարաբերությունների մասին բանախոսն ասաց, որ պետք է գործընթացը ավարտին հասցնել: Նա երկու երկրների խորհրդարանների ղեկավարներին կոչ արեց վավերացնել արձանագրությունները:  Նա իր ելույթում անդրադարձավ նաեւ տարածաշրջանային երկրների հաղորդակցման հնարավորություններին եւ դեպի արտաքին աշխարհ կապ ստեղծելու խնդրին: Լենմարկերը կարծում է, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի անդամ է, եթե ոչ իր աշխարհագրական դիրքով, ապա` դավանած քրիստոնեական արժեքներով:  Հատուկ ներկայացուցիչը ելույթը եզրափակեց եվրոպական անվտանգության մասին իր  պատկերացումներով: Նշելով, որ եվրոպացիներն ունեն ընդհանուր պարտականություններ եւ պատասխանատվություն` նա ուշադրություն հրավիրեց անվտանգության երկու կարեւոր սկզբունքների` մեծ եւ փոքր պետությունների հավասարության եւ անվտանգության ու ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության անքակտելի   կապի վրա: Լենմարկերի ելույթին հակադարձեցին պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Հերմինե Նաղդալյանը: Տիկին Նաղդալյանը զարմանքով հարցրեց, թե ինչու պետք է հայկական կողմը շտապի, կամ Լենմարկերը հաշվի առե?լ է, որ Ղարաբաղում մեծացել է մի սերունդ, որը չի ապրել Ադրբեջանի կազմում: Անդրադառնալով Ֆինլանդիայի հետ զուգահեռին` նա ասաց, որ այստեղ խնդիրը ֆիզիկական գոյությանն է վերաբերում, եթե Ադրբեջանն էլ լիներ Ֆինլանդիայի նման ժողովրդավար երկիր, դա կլիներ բոլորովին այլ խոսակցություն:

Պարոն Գորան Լենմարկերը պատասխանեց նաեւ մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հեռանկարներին, Մինսկի խմբի աշխատանքներին, բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ ոչ մի պատերազմ չի կարող լավ բանի բերել, ուստի ՀՀ Նախագահի ակտիվ նախաձեռնողական արտաքին քաղաքականության նպատակն է տարածաշրջանի երկրների միջեւ ստեղծել սերտ հարաբերություններ: Առանց նախապայմանների արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան փորձ արեց այն կապել ԼՂ-ի եւ Հայոց ցեղասպանության հետ, որը ընդունելի չի կարող լինել Հայաստանի համար: Ինչ վերաբերում է Հանրապետության Նախագահի այն  հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է վավերացնելու արձանագրությունները, պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ հարցը ՀՀ նախագահը արդեն քննարկել էր կոալիցիայի անդամ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Իսկ Հայաստանի կվավերացնի արձանագրությունները, երբ դրանք կվավերացնօ Թուրքիայի խորհրդարանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` Պարոն Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ այդ հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների արդյունքում, Մինսկի խմբի շրջանակներում, լուծման հիմքում պետք է դրված լինի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը եւ նրա բնակչության անվտանգությունը: Հայաստանը իր ապագան տեսնում է Եվրոպայի մեծ ընտանիքում, նրան ինտեգրված եւ ակտիվ քայլեր է անում իր օրենսդրությունը եվրոպականին համապատասխանեցնելու ուղղությամբ: Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը շատ կարեւոր են Հայաստանի համար, եւ դրան էլ ուղղված է ՀՀ Նախագահի ակտիվ քաղաքականությունը:

Լենմարկերի ելույթից հետո խոսք խնդրեց Թուրքիայի ներկայացուցիչ Կուրսատ Աթիլջանը, որը հայտարարեց, թե վերջին զարգացումներից հետո Թուրքիայի համար բարդացել է արձանագրությունների վավերացման գործընթացը. «Հայ-ադրբեջանական հարաբերություններում լուրջ խնդիրներ կան, իսկ ՍԴ-ի որոշում էլ ավելի բարդացրեց խնդիրը»,- ասաց Աթիլջանը։ Ըստ թուրք պատգիրակի՝ այդ ամենը խիստ անորոշ են դարձնում Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների վավերացումը։

Կուրսատ Աթիլջանին պատասխանեց ՀՀ ԱԺ եվրոպական ինտգրման հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը. «Ես ցավում եմ, որ հանուն կայուն եւ անվտանգ տարածաշրջան ունենալու հայկական կողմի նախաձեռնությունները, որի առաջին քայլը երկու երկրների ժողովուրդների միջեւ վստահություն հաստատելն է, համառորեն խոչընդոտվում է Թուրքիայի կողմից։ Հենց նոր մեր թուրք գործընկերոջ հայտարարությունները կրկին անգամ վերահաստատեցին, որ Թուրքիան համառորեն փորձում է  հայ-թուրքական հարաբերությունները կապակցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ, ինչը, մեզ համար բացարձակ անընդունելի է, եւ  ի սկզբանե  դատապարտված գործընթաց։ Զարմանում եմ, որ Թուրքիայում դեռ ինչ-ինչ իլյուզիաներ կան, թե պատմաբանների նշյալ հանձնաժողովում մենք պատրաստվում ենք Թուրքիայի հետ  քննարկել Հայոց Ցեղասպանության փաստը։ Ես ընդամենը մեր թուրք գործընկերոջն ուզում եմ հիշեցնել, որ տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը շուկայական այն ապրանքը չէ, որ Հայաստանին ավելի  շատ պետք լինի, քան Թուրքիային։ Եկեք խորհենք այդ մասին»։

Հաջորդ նիստը վարում էր  Ժնեւի «Զինված ուժերի   ժողովրդավարական վերահսկողության կենտրոնի» ներկայացուցիչ Սայմոն Լանը:

ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություների մասին ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Բնորոշելով եվրոպական ինտեգրումը որպես Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություն` նա խոսեց  ռազմական եւ անվտանգության ոլորտում համատեղ ծրագրերի մասին: Նախարարը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգացնելու հայկական կողմի պատրաստակամությունը հայտնեց: Որպես արդյունավետ ծրագիր նա նշեց «Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը», որը մեկնակրկել է 2005 թ. եւ պաշտպանության ոլորտում մի շարք բարեփոխումների սկիզբ է հանդիսացել: Մասնավորապես ներդրվել  են քաղաքացիական վերահսկողության եւ իրազեկման նոր ինստիտուտներ:  Նախարարը օգտակար եւ ուսանելի համարեց Եվրաատլանտյան դաշինքի`   հատկապես արդիական սպառազինության եւ արագ արձագանքման ոլորտներում ունեցած փորձը ՀՀ զինված ուժերի համար:  Նրա համոզմամբ` թե ԵՄ-ն եւ թե ՆԱՏՕ-ն կարեւոր դաշնակիցներն են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն ապահովելու տեսանկյունից: Քննարկումների ընթացքում նախարարին հարց ուղղվեց ռազմական բյուջեներն ավելացնելու վերաբերյալ: Սեյրան Օհանյանն անընդունելի համարեց տարածաշրջանում մեկնարկած սպառազինության մրցավազքը եւ համոզմունք  հայտնեց, որ քանակական առավելությունը դեռեւս չի վկայում բանակի որակի կամ մարտունակության մասին:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության գծով սպա Զբիգնեւ Ռիբացկու ելույթը վերաբերում էր Հարավային կովկասի երեք հանրապետությունների հետ ՆԱՏՕ-ի համագործակցությանը: Նրա տեղեկացմամբ` արդեն երեք տարի է, որ անդրկովկասյան հանրապետությունները ՆԱՏՕ-ի հետ համագործակցում են, որի նպատակը կայունության եւ անվտանգության ամրապնդումն է տարածաշրջանում: Գործընկերության անդամ երկրներից  է կախված ՆԱՏՕ-ի հետ համագործակցության աստիճանը: Անհատական եւ ամենամյա ծրագրերի հիմնական մասը ուղղված է պաշտպանական ոլորտի բարեփոխումներին` միաժամանակ կարեւորեով ժողովրդավարական, տնտեսական ու քաղաքական ոլորտի բարեփոխումները: ՆԱՏՕ-ն բաց դռների քաղաքականություն է վարում իր հետ համագործակցել ցանկացող յուրաքանչյուր երկրի հետ:

ՀՀ-ում Եվրահանձնաժողովի պատվիրակության գործերի հավատարմատար Օննո Սիմոնսի գնահատմամբ` «Արեւելյան գործընկերությունը» նոր հարաբերությունների համար հուսալի համագործակցության դաշտ է ստեղծել, որը վերաբերում է քաղաքական ու տնտեսական բարեփոխումների հարցերում օժանդակությանը, ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքացիական հասարակությունների մերձեցմանը, աջակցում է Մինսկի խմբի աշխատանքնեին, իրականացնում է փոխվստահությանն ուղղված տարբեր միջոցառումներ: Բանախոսը համագործակցության զարգացման առումով  կարեւորեց  կայունության վերականգնումը, քաղաքացիական հասարակության` շոշափելի արդյունքներ տեսնելը եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ տեղի ունեցան Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի անկախ փորձագետների մասնակցությամբ եվրաատլանտյան ինտեգրման վերաբերյալ քննարկումներ:

«Սպեկտրում» ռազմավարական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Գայանե Նովիկովայի գնահատմամբ` ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածաշրջանում նվազել է: Տարածաշրջանային հակամարտությունների պայմաններում, որին չի փորձում միջամտել ՆԱՏՕ-ն, իսկ ԵՄ-ն էլ պարզապես իր աջակցությունն է հայտնում, դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է իրականացվեն տարածաշրջանային համագործակցության տարբեր ծրագրեր:

 Հանրապետական այլընտրանքային քաղաքացիական միության համահիմնադիր ադրբեջանցի Իլգար Մամադովը նույնպես համոզմունք հայտնեց, որ չնայած համագործակցության ծրագրերի շարունակականությանը, ՆԱՏՕ-ի դերակատարումը տարածաշրջանում նվազել է: Նրա կարծիքով` հարավկովկասյան հանրապետությունները ավելի մեծ հաջողություններ կարող են արձանագրել, եթե միմյանց օգնեն եվրաինտեգրման հարցերում: Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի բարեկեցությամբ  ու կայունությամբ, որպեսզի կարողանա հաստատել առանց հակամարտությունների նորմալ հարաբերություններ: Փորձագետը խոսեց նաեւ Ադրբեջանի` մոտակա տարիներին ակնկալվող տնտեսական մեծ աճի, հայ-թուրքական մերձեցումը անվտանգության ապահովման երաշխիք չլինելու մասին, քանի դեռ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման մեջ չկա առաջընթաց:

Ռուսագիտության վրացական ինստիտուտի ծրագրի տնօրեն Կախա Իմնաձեի գնահատմամբ` ՆԱՏՕ-ն Վրաստանի համար արեւմտյան գաղափարների մարմնավորումն է: 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո էլ ավելի է ուժեղացել Վրաստանի ձգտումը դեպի Եվրոպա: Բանախոսի կարծիքով` Վրաստանը կարեւոր տեղ է զբաղեցնում տարածաշրջանում` ունենալով ելք դեպի Սեւ ծով, կարեւոր դեր է խաղում նաեւ ՆԱՏՕ-ի ռազմական ծրագրերի իրականացման գործում: Եթե Ռուսաստանը չմիջամտի եվրոպական կառույցներին Վրաստանի մերձեցմանը, հետեւանքները շատ ավելի օգտակար կլինեն հենց Ռուսաստանի համար:

Անկախ փորձագետները պատասխանեցին եվրաատլանտյան ինտեգրմանը եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող մի շարք հարցերի:

Ռոուզ-Ռոթ սեմինարի երկրորդ նիստը տեղի կունենա մարտի 12-ին:
 
 
 
 
 
 
 
 
 


11.03.2010
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ նախագահին
Մարտի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ    նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնը, ԵԱՀԿ ԽՎ նախագահի խորհրդական Հեյտոր Ռոմանան եւ պաշտոնատար այլ անձինք: ...

11.03.2010
Երեւան է ժամանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը
Մարտի 10-ի երեկոյան Երեւան է ժամանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերու...

11.03.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարի բացման ժամանակ
Հարգարժան  պատգամավորներ, Տիկնայք եւ պարոնայք, Հարգելի հյուրեր, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ  ձեզ` Ռոուզ-Ռոթ սեմինարի մասնակիցներիդ, ովքեր մեր երկիր են ժամանել հետաքրքիր ու շահագրգիռ քննարկումներ անցկացնելու համար: Համոզված եմ, ձեզ կընձեռնվի նաեւ Հայաստանին ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am