Մեծարգո պարոն նախագահ,
Հայաստանում գոհունակության եւ երախտագիտության զգացում ունեցանք` տեղեկանալով Շվեդիայի խորհրդարանում 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման մասին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ ի դեմս Ձեզ` Շվեդիայի խորհրդարանին` մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկին` հայոց ցեղասպանությանը ճշմարտացի ու արժանապատիվ հայացքով նայելու եւ արդարամիտ որոշում կայացնելու համար:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելով` դուք ձեր ներդրումն եք անում աշխարհում նման ողբերգությունների կրկնությունը հետագայում կանխելու եւ ժողովուրդների ճակատագրերի դեմ ուղղված անմարդկային քայլերը բացառելու գործընթացում:
Կարծում եմ, որ իր պատմական որոշումով Շվեդիայի խորհրդարանը հետամուտ լինելով համամարդկային արժեքների դավանմանը, նպաստում է նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու կայուն զարգացմանը:
Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ բարեկամ Շվեդիայի ժողովրդին` երջանկություն եւ մշտական բարեկեցություն: