National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.3.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
16.03.2010
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 6

Մարտի 16-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը:

ԱԺ նիստին ներկա էին  բաց դասին մասնակցելու նպատակով խորհրդարանում գտնվող Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի դպրոցների բաձր դասարանցիները:

 ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը պատգամավորների քննարկմանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է երկարացնել Ադրբեջանից բռնագաղթված եւ փախստականի կարգավիճակ ստացած անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը: Փոխնախարարը տեղեկացրեց, որ դիմումներ ընդունելու համար սահմանված ժամկետը լրացել է 2009 թվականի դեկտեմբերի 31-ին: Նշվեց, որ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող 313 հազար փախստականներից մինչ օրս ՀՀ քաղաքացիություն է ստացել 82 հազարը, թեեւ ՀՀ քաղաքացի դառնալու ցանկություն ունեցողները քիչ չեն:  Ազգային ժողովի որոշմամբ օրինագիծն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ կքննարկվի 24 ժամվա տարբերությամբ` հաշվի առնելով օրենքի կարեւորությունը:

 Առաջարկվող փոփոխությունը պաշտպանեց ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը` նաեւ տեսակետ հայտնելով, թե բռնագաղթված փախստականներին անհրաժեշտ էր  վերաբնակեցնել   ԼՂՀ-ում: Ըստ նրա` այս ուղղությամբ պետք է աշխատել: Օրինագծի վերաբերյալ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:

«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը, նշելով, որ առաջարկվում է մասնավորեցման ցանկից հանել «Կենսատեխնոլոգիական ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությունը եւ դրա բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել  ՀՀ ԳԱԱ-ին:

Պատգամավոր Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ փոփոխությանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Սուքիաս Ավետիսյանի, Գագիկ Մելիքյանի, Էդուարդ Շարմազանովի, Հայկ Սանոսյանի, Տաճատ Վարդապետյանի եւ Գ. Գեւորգյանի հեղինակած «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց համահեղինակ Հակոբ Հակոբյանը, տեղեկացնելով, որ առաջարկվում է նվազագույն ալիմենտի չափը սահմանել 10 հազար դրամ, ներկայիս 1000 -ի փոխարեն: Օրինագիծն արժանացել Է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

 Երկրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկեցին պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով մեծացվում է լրագրողների կամ նրանց մերձավորների նկատմամբ բռնություններ կատարողների նկատմամբ սահմանված պատժաչափը եւ  Հովհաննես Մարգարյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է, որ դռնփակ նիստ անցկացնելու պահանջով կարող են հանդես գալ լրագրողները կամ լրատվությամբ զբաղվող անձինք: Սա այն դեպքում, երբ դատարանը պահանջում է նշել տեղեկատվության աղբյուրը: Օրինագծերի վերաբերյալ դրական եզրակացություններ էին ներկայացրել գլխադասային` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները:

 «ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Նա տեղեկացրեց, որ  ներկայումս «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն ՀՀ Նախագահը պարտավոր է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի եւ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն  խմբի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին պարտադիր նշանակել այդ պաշտոնում:  ՈՒստի, հաշվի առնելով վերոնշյալ պաշտոնների կարեւորությունը, կառավարությունն առաջարկում է չկաշկանդել ՀՀ Նախագահին եւ տալ ընտրության հնարավորություն: Այդ կապակցությամբ առաջարկվում է կատարել փոփոխություն, որի համաձայն` այդ պաշտոնների համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հիմնավորված առաջարկություն է ներկայացնում ՀՀ Նախագահին, որն առաջարկությունը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում  կայացնում է այդ պաշտոնում նշանակելու որոշում:  Եթե այդ ժամկետում նշանակում չի կատարվում` հայտարարվում է նոր մրցույթ:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Արտյուշա Շահբազյանը:

 Առաջին ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Սամվել Բալասանյանի հեղինակած «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են օրենքի 20-րդ հոդվածի վերջին պարբերությունից հանել «2203» ծածկագիրը: Փոփոխությունն ըստ հեղինակների պայմանավորված է  այն հանգամանքով, որ  «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն  ՀՀ տարածքում գործում է «Ակցիզային» պահեստ ռեժիմը, որը վերահսկվում է հարկային ծառայողի կողմից: Այս եւ տնտեսական, ինչպես նաեւ ֆինանսական ճգնաժամի պարագայում անիմաստ եւ աննպատակահարմար է դառնում հսկայական գումարներ տրամադրել ծախսաչափային հանգույցների ձեռքբերման համար:

 ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Վարդան Բոստանջյանը:

 Ապա խորհրդարանն առաջին ընթերցմամբ սկսեց քննարկել պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Ռուբեն Գեւորգյանի եւ Հովհաննես Սահակյանի ներկայացրած  «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց համահեղինակ Հովհաննես Մարգարյանը:    Նա տեղեկացրեց, որ օրենսդարական փաթեթով նախատեսվում է զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ հոդվածները քրեաիրավական հարթությունից տեղափոխել քաղաքացիաիրավական հարթություն: Սահմանվում է, թե ինչը կարող է համարվել զրպարտություն եւ վիրավորանք:

 Փաթեթում ներառվել են Վենետիկի հանձնաժողովի փորձագետների առաջարկները, որի արդյունքում այն լրամշակվել է: Փաթեթն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքին:

 Մասնավորապես առաջարկվում է քաղաքացիական օրենսգրքում ամրագրել, որ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից եւ զրպարտությունից` սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված դեպքերում եւ կարգով: Ի տարբերություն գործող օրենսդրության, երբ սահմանված տուգանքները մուտքագրվում են պետբյուջե, հեղինակներն առաջարկում են փոխհատուցվող գումարը տրամադրել զրպարտված կամ վիրավորված անձին: Սահմանվում են վնասի փոխհատուցման տարբեր ձեւեր` հրապարակային ներողություն, հերքում, եթե դա հնարավոր է, վիրավորանք տարածած ԶԼՄ-ում դատարանի վճռի հրապարակում, միանվագ փոխհատուցման վճարում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշա Շահբազյանը տեղեկացրեց, որ օրինագծերի փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը, թեեւ կան որոշակի անհստակություններ, որոնք անհրաժեշտ է հստակեցնել եւ խուսափել տարաբնույթ մեկնաբանություններից:

ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ողջունելի համարելով նախաձեռնությունը, մատնանշեց ՀՀ կառավարության դիտողությունները, տեղեկացնելով, որ  կառավարությունը փաթեթի լրամշակված տարբերակն ընդունելի կհամարի դրանց ընդունման դեպքում: Ըստ այդմ, անհրաժեշտ է հստակ շարադրել զրպարտություն եւ վիրավորանք հասկացությունները եւ տալ դրանց սպառիչ բնորոշումը` հաշվի առնելով իրավունքի տեսությունում արդեն իսկ ձեւավորված չափանիշները: Տալ «հրապարակային» եզրույթի բնորոշումը,  չանտեսել բարի համբավի պաշտպանության համար իրավական կարգավորումները եւ այլն:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ մարտի 17-ի նիստում:

Օրվա վերջում պատգամավորները ԱԺ Կանոնակարգի համաձայն հանդես եկան հայտարարություններով:
 


16.03.2010
Հանդիպում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը մարտի 16-ին ընդունեց Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ տիկին Սիլվիա Զեհեին: Հանդիպմանը ներկա էր նաեւ հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը: Ողջունելով հյուրերին` հանձնաժողո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am