National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.3.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
17.03.2010
Ազգային ժողովն ընդունեց մի շարք օրինագծեր
1 / 7

Խորհրդարանը մարտի 17-ի նիստում քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրակարգային բոլոր հարցերը:

Շարունակվեց ՀՀ քաղաքացիական, քրեական եւ քրեական դատավարության   օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող` քաղաքական կոալիցիայի օրենսդրական նախաձեռնության քննարկումը: Պատգամավորները փաթեթի վերաբերյալ ներկայացրին տեսակետներ:

Պատգամավորների ելույթներում կային թե դեմ, թե կողմ կարծիքներ:  Ընդդիմախոսների հիմնավորումներով` ցանկացած կարծիք կարող է  դիտարկվել որպես զրպարտություն` ելնելով դատաիրավական պրակտիկայից եւ նախագծերում առկա անորոշ ձեւակերպումներից: Դեմ արտահայտվողները անդրադարձան նաեւ դատական համակարգը բարեփոխելու անհրաժեշտությանը: Հօգուտ փաթեթի արտահայտվողները պատգամավորների ուշադրությունը հրավիրեցին հեղինակների հիմնական նպատակի` զրպարտության համար պատիժը ապաքրեականացնելու վրա` նշելով, որ անգամ զարգացած եվրոպական երկրներում է մինչեւ 5 տարի  ազատազրկում նախատեսվում վիրավորանքի կամ զրպարտության համար: Նրանց ներկայացմամբ` խնդիրը քաղաքացիաիրավական հարթություն տեղափոխելով` մեղմացվում է պատժատեսակը: Խոսվեց նաեւ լրատվամիջոցներում պրոֆեսիանալիզմը բարձրացնելու անհրաժեշտության մասին:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նախագծերի հիմքում դրված գաղափարը ընդունելի համարելով` մտահոգություն հայտնեց արտահայտած կարծիքի համար մարդուն դատական քաշքշուկի մեջ ներգրավելու եւ կամայականությունների հնարավորության վերաբերյալ: Նրա խոսքերով` այդ մտահոգությունը   բխում է այսօրվա պրակտիկայից:  Խմբակցությունը նախագծերի վերաբերյալ առաջարկներ ունի եւ պատրաստվում է դրանք ներկայացնել հեղինակներին: Ասելով, որ այս տեսքով նախագծերն իրենց համար անընդունելի են` Ստյոպա Սաֆարյանն առաջարկեց դիտողությունների համար մինչեւ առաջին ընթերցումը ժամանակ թողնել:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը համաձայն չէ կարծիքների հետ, թե  նախաձեռնությունն ուղղված է   լրատվամիջոցներին եւ հավաստիացրեց, որ այն բոլորին է վերաբերվելու: Նրա խոսքերով` սրանով իշխանությունը հենց իրեն է զսպում: Անդրադառնալով դատարանների հասցեին հնչած քննադատությանը` խմբակցության ղեկավարը հարցրեց. անգամ դատարաններին չվստահելով` բարեկիրթ պե՞տք է լինել, զրպարտված  մարդուն բողոքելու հնարավորություն պե՞տք է տալ: Գալուստ Սահակյանը դատական հայցերի ավելացման վտանգ չի տեսնում եւ կարծում է, որ հայկական ազգային պատկերին հարիր չէ անհարկի դատարան դիմելու մոտեցումը: Նա առաջարկեց ընդունել նախագծերը:

Ամփոփելով քնարկումը` համահեղինակ Հովհաննես Մարգարյանն  ընդգծեց նախագծերի գաղափարախոսությանը դեմ արտահայտվողներ չլինելու փաստը եւ բաց քննարկումների ու առաջարկներով փաստաթղթերը բարելավելու պատրաստակամություն հայտնեց:

Նիստում «Օրինաց երկիր» խմբակցությունը օգտվեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի 105.1 հոդվածով ընձեռված` հարցապնդման իրավունքից: Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ կառավարությունն արձագանքել է 1 ամիս առաջ խմբակցության  հնչեցրած հարցապնդմանը: Խմբակցությունն առաջարկել էր Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ պատերազմի վետերաններին առանջահերթ կարգով փոխհատուցել ԽՍՀՄ բանկերում ավանդադրված գումարները: Առաջարկն ընդունելով` կառավարությունը նախագիծ է մշակում այդ մասին: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ հանրապետությունում Հայրենական պատերազմի  վետերանների թիվը 3936-ն է, նրանցից 3766-ը դեռ չի օգտվել փոխհատուցման իրավունքից: Այս ծրագրի համար կպահանջվի լրացուցիչ շուրջ 1 մլրդ. դրամ եւ, միջին հաշվարկով, յուրաքանչյուրին 245 հազարական դրամ կփոխհատուցվի` 2010 թ. պետական բյուջեի մասին օրենքում համապատասխան  փոփոխություն կատարելուց հետո: Հարցապնդման հեղինակը տեղեկացրեց մեկ շաբաթ առաջ իրենց կողմից խնդրին առնչվող  նախագիծ  շրջանառելու մասին, ինչով եւ պայմանավորված հարցապնդմանը որոշման նախագիծ չի հետեւելու:

Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը պատգամավորներին առաջարկեց քննարկել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառարավության նախագիծը` կից օրենքներում համապատասխան փոփոխություններով: Կառավարությունը նախատեսում է ոստիկանությունում ստեղծել տրանսպորտային միջոցների կադաստր` սեփականության, գրավի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի ծագման, փոփոխման, դադարման պետական գրանցում: Ճանապարհային ոստիկանությունում  գրանցումը պետք է կատարվի  գործարքը կնքելուն հաջորդող15 օրերի ընթացքում: Այն անձինք, ովքեր  տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը ձեռք են բերել մինչ այս օրենքի ընդունումը եւ չունեն  հաշվառման վկայագիր, կունենան 6 ամիս ժամանակ տրանսպորտային միջոցը գրանցելու համար:  Պատգամավորներն  առաջարկեցին հնարավորության դեպքում ավելացնել այս ժամկետը` հաշվի առնելով, որ հանրապետությունում գրանցված է 470 հազարից ավելի տրանսպորտային միջոց: Իսկ մեկ անձի անունով հաշվառված եւ մեկ այլ անձի սեփականության տակ գտնվող ավտոմեքենաները, մոտավոր հաշվարկներով, 30 հազարն են: Կառավարության ներկայացուցիչը   նշեց, որ պարտադիր այս հաշվառումը լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի առաջացնելու:

Հարցի քննարկումը կշարունակվի մարտի 18-ին:

Չորեքշաբթի օրվա վերջին նիստը, ինչպես նախատեսում է ԱԺ կանոնակարգը, տրամադրվեց պատգամավորների եւ կառավարության անդամների միջեւ հարցուպատասխանին:
 


17.03.2010
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի17-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Քննարկվել են  Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի խորհրդարանական ձեւաչափի` «Եվրանեսթի» շրջանակներում համագործակցո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am